հինգշաբթի, 1 հոկտեմբերի 2009
Հաստատվել է Լոռու մարզի զարգացման ծրագիրը
Ստեղծվում է «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջության կենտրոնը
Այսօր Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Դիմելով ներկաներին, նա ասել է. «Արդեն ավանդական են դարձել մեր արտագնա նիստերը, և կարող ենք արձանագրել, որ դրանք դրական ազդեցություն են թողնում մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման բոլոր ծրագրերի իրականացման տեսանկյունից։ Կառավարությունն ավելի առարկայական պատկերացում է կազմում խնդիրների վերաբերյալ, տեղում լինելով ավելի լավ է զգում, թե ինչ հարցեր են առավելապես մտահոգում մեր հայրենակիցներին, մեր քաղաքացիներին։ Նաև նախարարությունները ստանում են փոխադարձ կապ և հստակեցնում իրենց ծրագրերը` տարածքային զարգացման տեսանկյունից։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրում կարևորագույն դրույթ է մեր տարածքների համաչափ զարգացումը, մեր արտագնա նիստերը նաև այդ նպատակն են հետապնդում»։ Այնուհետ վարչապետը նշել է, որ տարածքների համաչափ զարգացումը բարենպաստ ազդեցություն է գործում նաև մայրաքաղաքի խնդիրների արդյունավետ լուծման վրա։
Նիստն սկսվել է Լոռու մարզի 2009թ. սոցիալ-տնտեսական իրավիճակի և իրականացվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ մարզպետ Արամ Քոչարյանի հաշվետվությամբ։ Նա ըստ բնագավառների ներկայացրել է նաև մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները, պատասխանել վարչապետ Տիգրան Սարգսյանի և կառավարության անդամների հարցերին։ ՀՀ կառավարությունը ի գիտություն է ընդունել մարզպետի հաշվետվությունը։
Լուծվում են մարզի հիմնախնդիրները
ՀՀ կառավարությունը հաստատել է Լոռու մարզի 2010-2012թթ. զարգացման ծրագիրը։ Մարզպետին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում մշակել ծրագրի իրականացման աշխատանքային պլան, այդ ընթացքում ապահովել համայնքների, հասարակական կազմակերպությունների և անկախ փորձագետների ակտիվ մասնակցությունը։ Լոռու մարզի զարգացման ծրագիրը կազմվել է համապետական ռազմավարական ծրագրերին համահունչ, հաշվի են առնվել տեղի առանձնահատկությունները՝ 1988թ. աղետի հետևանքների առկայությունը, մարզի արդյունաբերական հզոր անցյալը և մեծ ներուժը, քաղաքային բնակչության գերակշռությունը, հասարակական, ոչ կառավարական կազմակերպությունների մեծ թիվը և գործունեության ոլորտների բազմազանությունը և այլն։
Կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ 2009թ. պետբյուջեում, փոփոխություններ՝ իր 2008թ. դեկտեմբերի 25-ի N1573-Ն որոշման մեջ և պահուստային ֆոնդի հաշվին պետբյուջեից գումար հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, այդ թվում՝ 21.810.0 հազար դրամ Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասի սողանքային տարածքի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար։ Որոշմամբ նախատեսվող հակասողանքային միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է Վանաձորի Խնձորուտ թաղամասի ակտիվ սողանքային տարածքի բնակելի տների, ենթակառուցվածքների անխափան ու անվտանգ շահագործումը, բնակչության պաշտպանությունը և բնականոն կենսագործունեությունը։ Մեկ այլ որոշմամբ վերաբաշխելով ընթացիկ տարվա պետբյուջեն և փոփոխելով նույն որոշումը, կառավարությունը Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու կամրջին և սելավատարին հասցված վնասը վերականգնելու նպատակով Վանաձոր համայնքին սուբվենցիա տրամադրելու համար իր պահուստային ֆոնդից 54500.00 հազար դրամ է հատկացրել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը։ Նշված կամուրջը և սելավատարը վնասվել են երկարատև անձրևի և վարարման հետևանքով։ Բնական աղետը վնաս է հասցրել Հրանտ Մաթևոսյանի՝ Ահնիձոր համայնքում գտնվող հայրական տանը։ Տունը և տանիքը նորոգելու համար կառավարությունը Լոռու մարզպետարանին համապատասխան գումար է հատկացրել իր պահուստային ֆոնդից։ Գրողի հայրական տունը հետագայում դառնալու է տուն-թանգարան։
Գործադիրը հավանություն է տվել Լոռու մարզի մշակութային հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ցանկին, որը կազմվել է ՀՀ մշակույթի նախարարության և Լոռու մարզպետարանի իրականացրած ուսումնասիրությունների, մշակութային կազմակերպություններից և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված դիմումների հիման վրա։ Որոշման իրականացումը հնարավորություն կտա ապահովել «Լոռի բերդ» ամրոց-քաղաքատեղիի, Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի, Հովհ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի և մշակույթի այլ օջախների բնականոն գործունեությունը։
ՀՀ օրենսդրությանը համապատասխան կառավարությունն իր որոշմամբ Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահին, Հաղպատ վանական համալիրները, Ախթալայի, Օձունի, Քոբայրի վանական համալիրները, Դսեղի «Ծովեր» լիճը, ինչպես նաև հարակից Սանահին, Հաղպատ, Օձուն, Դսեղ գյուղական, Ախթալայի և Թումանյանի քաղաքային համայնքները հայտարարել է զբոսաշրջության կենտրոն՝ անվանելով «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջության կենտրոն, հաստատել դրա զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները և գերակա խնդիրները։ ՀՀ էկոնոմիկայի նախարարին վերապահվել է վեցամսյա ժամկետում ապահովել «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի մշակումը և կառավարություն ներկայացնելը։ Ծրագրի գերակա խնդիրներն են պատմամշակութային հուշարձանների վերականգնումը, Ախթալայի վանական համալիրի տարածքում զինագործության և միջնադարյան արվեստի թանգարանի հիմնադրումը, կենտրոնի ամբողջ տարածքում բարձրորակ ինտերնետ կապի ապահովումը, Օձուն գյուղի ուղղաթիռային հրապարակի կառուցումը, Դսեղ գյուղում հեքիաթների այգու ստեղծումը և շատ այլ միջոցառումներ։
Գործադիրը որոշել է Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի 20 և Թումանյանի տարածաշրջանի 9 համայնքների երեխաների համար թույլատրել Լոռու մարզպետարանին իրեն սպասարկող ՀՀ ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժնում բացել արտաբյուջետային հաշիվ` «Վորլդ Վիժն Ինտերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից 18.02.20009թ. ստորագրված հուշագրի և այդ կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի և Լոռու մարզպետի միջև 15.05.2009թ. կնքված պայմանագրի շրջանակներում ստացված միջոցներից գոյացած դրամաշնորհի մուտքագրման և ելքագրման համար, գործողության ժամկետը սահմանելով մինչև 30.12.2011թ.։ Ստորագրված փաստաթղթերի համաձայն երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագիրն իրականացնելու համար Ստեփանավանի և Թումանյանի տարածաշրջանների գյուղական համայնքներում բացվել է սոցիալական աշխատողի քսաներկու հաստիք, որոնց վարձատրությունը ֆինանսավորելու է բարեգործական կազմակերպությունը։ Այս հանգամանքով է պայմանավորված արտաբյուջետային հաշիվ բացելու անհրաժեշտությունը։
Նիստին մասնակցող ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ողջունել է կառավարության արտագնա նիստեր անցկացնելու պրակտիկան և արել մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ուղղված առաջարկություններ։
Կառավարությունն ի գիտություն է ընդունել Լոռու մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքների մասին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հաղորդումը։
Ընտրվել են լավագույն տարբերակները
ՀՀ 2009թ. պետբյուջեում՝ վերաբաշխում, կառավարության նախկին որոշումներից մեկում՝ փոփոխություններ կատարելու և պետբյուջեից գումար հատկացնելու՝ արդեն հիշատակված որոշումներով գործադիրն իր պահուստային ֆոնդից 14,918.0 հազար դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը (նախարարության 2009թ. տնտեսած միջոցներից)՝ Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքում «Փոքր Մհեր» կրթահամալիր» ՊՈԱԿ ռազմահայրենասիրական ուսումնական հաստատության նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար։ Այդ նպատակով հայտարարվելու է մրցույթ և պայմանագիր է կնքվելու լավագույնը ճանաչված կազմակերպության հետ։ Մյուս որոշմամբ 1500.00 հազար դրամ է հատկացվել Ոսկեպար-Բաղանիս-Նոյեմբերյան ավտոճանապարհի 31-րդ կիլոմետրի սողանքային հատվածի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման նպատակով։ Երրորդ որոշմամբ, կատարելով նույն փոփոխությունները, կառավարությունը գումար է տրամադրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ ուղղելու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի գրասենյակի պայմանների բարելավմանը։
Կառավարությունը ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարել է 2009թ. չորրորդ եռամսյակում ՀՀ պետական բյուջեից «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին տրամադրել 40 մլն ԱՄՆ դոլարին համարժեք բյուջետային վարկ` վեց ամիս ժամկետով, տարեկան 11 տոկոս տոկոսադրույքով։ Խնդրի առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ «Հյառուսգազարդը» հաջողությամբ է կատարում իր ներդրումային ծրագիրը, և այս վարկը կարագացնի այդ գործընթացը։ Որոշումն ունի հակաճգնաժամային բովանդակություն, վարկը տրամադրվում է կարճ ժամկետով, ունի վարկային պարտավորության ապահովման հուսալի միջոց։
Գործադիրն իր որոշմամբ թույլատրել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը իրեն սպասարկող գանձապետական ստորաբաժանումում բացել արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվ, քանի որ նախարարության աշխատակազմի հաշվեկշռին պետք է հանձնվեն գյուղական ճանապարհների վերանորոգում ծրագրի շրջանակում «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում առկա պարտավորությունները և ակտիվները, այդ թվում` դրամական միջոցները։
ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, ինչը պայմանավորված է մաքսային մարմիններում ներդրված ինքնահայտարարագրման գործընթացի պարզեցմամբ, փաստաթղթային շրջանառության և մաքսային հսկողության ավտոմատացմամբ։
ՀՀ օրենսդրության համաձայն գործադիրը լուծարել է «Գյումրու N23 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը, քանի որ դրա ավագ դասարանների աշակերտներին այլ կրթօջախ տեղափոխելուց հետո մնացած աշակերտական համակազմը չի համապատասխանում առանձին հիմնական դպրոց պահպանելու համար սահմանված նորմատիվներին։
Օրենքների նախագծեր
ՀՀ կառավարությունն իր նիստում հավանություն է տվել «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Սահմանվում է, որ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը ՀՀ տարածք կարող են ներմուծվել առանց կրկնակի հարգորոշման և հարգադրոշման։ Օրինագծի ընդունմամբ հնարավոր կլինի ՀՀ ներմուծել և շրջանառել եվրոպական ստանդարտներին համապատասխանող թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հաստատագրված վճարների մասին», «Պետական տուրքի մասին» , «Շահութահարկի մասին» ,«Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերին։ Օրենսդրական այս փաթեթն ուղղված է մեր երկրում խաղատների և խաղասրահների գործունեությունը կանոնակարգելուն, մի ոլորտ, որի վերաբերող որոշումները ՀՀ վարչապետի դիտարկմամբ հաճախ խեղաթյուրվում են։ Տվյալ դեպքում խնդիրը վերաբերում է այդ օբյեկտների համար, անկախ գործող սեղանների թվից, տարեկան հաստատագրված վճար գանձելուն։ Առաջարկվում է որ խաղատները վճարեն 400- ական միլիոն դրամ, իսկ խաղասրահները` 50 -ական միլիոն։ Նշված օրինագծերը սահմանված կարգով ներկայացվելու են ՀՀ Ազգային ժողով։
Այլ որոշումներ
Ի կատարումն ՀՀ նախագահի 2009թ. սեպտեմբերի 25-ի «2009թ. աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» NՆՀ 255-Ն հրամանագրի ՀՀ կառավարությունը որոշել է աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ, հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը և հանձնարարություններ տվել պատկան մարմիններին։
Գործադիրը լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում և հաստատել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պետական-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) գործակալության կանոնադրությունը։ Որոշումը կոչված է խթանելու ենթակառուցվածքներում և պետության կողմից իրականացվող մեծածավալ ծրագրերում մասնավոր հատվածի ներգրավումը, որպեսզի երկիրը կարողանա լիովին օգտագործել հավասարակշռված և կայուն տնտեսական զարգացում ունենալու՝ այս մոդելի ընձեռած հնարավորությունը։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է ՀՀ ստորերկրյա քաղցրահամ ջրերի հիդրոերկրաբանական հետազոտությունների իրականացման ջրավազանային կառավարման պլանների մշակման կարգը։ Այն կնպաստի ջրային պաշարների առավել խնայողաբար և արդյունավետ կառավարմանն ու պահպանությանը, ջրային ռեսուրսների աղտոտման հնարավոր նվազեցմանը, իսկ հնարավորության դեպքում՝ նաև դրա կանխմանը։