երեքշաբթի, 20 մայիսի 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքը հայ-ռուսական ներդրումային համաժողովում.
Հարգելի տիկնայք և պարոնայք,
թույլ տվեք ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից հյուրընկալ Հայաստանի հողի վրա ողջունել հայ-ռուսական ներդրումային համաժողովի մասնակիցներին:
Անվիճելի է մեր երկրների միջև սերտ հարաբերությունների առկայությունը, և ես վստահ եմ, որ անհրաժեշտություն չկա մեկ անգամ ևս խոսելու մեր ավանդական բարեկամական և գործընկերային հարաբերությունների մասին:
Ակնհայտ է, որ մեր երկրների միջև արդյունավետ տնտեսական համագործակցությունը պետք է հիմնված լինի փոխադարձ շահավետության և վստահության վրա:
ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղություններից մեկը համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի համակողմանի ինտեգրումն է և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը արտասահմանյան երկրների հետ: Կառավարությունը համոզված է, որ այդ նպատակներին կարելի է հասնել բաց առևտրա-տնտեսական քաղաքականություն վարելու միջոցով:
Անցած տարիներին Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների կողմից արդեն իսկ պայմանագրային-իրավական անհրաժեշտ հիմքեր են ստեղծվել առավել խոր տնտեսական համագործակցության համար: Դրա ապացույցը առևտրի և ներդրումների ծավալների աճն է, ինչպես նաև հայ-ռուսական նոր ձեռնարկությունների ստեղծումը:
Համոզված եմ, որ հայ-ռուսական ներդրումային համաժողովի անցկացումը բացառիկ հնարավորություն է ստեղծում մեր երկրների գործարարների միջև կապերի և շփումների զարգացման ու խորացման համար: Տնտեսական և գիտա-տեխնիկական համագործակցության բոլոր ոլորտներում ձևավորված հարաբերությունները անսահման հնարավորություններ են բացում հետագա համագործակցության համար: Հայաստանի կառավարությունը պաշտպանել է և պաշտպանելու է ցանկացած նախաձեռնություն: Կառավարությունը գոհ է միջկառավարական հանձնաժողովի բեղմնավոր աշխատանքից: Այդ աշխատանքի արդյունավետությունը հատկապես զգալի է այնպիսի առաջնահերթ ուղղություններում, ինչպիսիք են էներգետիկան, ռազմա-տեխնիկական և գիտա-տեխնիկական համագործակցությունը:
Օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավումը Հայաստան ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական ներդրումային քաղաքականության առաջնահերթություններից է: ՀՀ կառավարությունը բաց դռների քաղաքականություն է իրականացնում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար: Սեփականության իրավունքը պաշտպանված է հանրապետության Սահմանադրությամբ, իսկ օտարերկրյա ներդրումների մասին օրենքի համաձայն, արտասահմանյան ներդրողներին տրամադրված է առավել նպաստավոր ռեժիմ:
Հայաստանը բաց է և պատրաստ մասշտաբային ու փոխշահավետ տնտեսական համագործակցության համար: Հայաստանն ընթանում է զարգացման ժողովրդավարական ուղիով և կարևոր տեղ է հատկացնում տարածաշրջանային ինտեգրացմանը:
Ողջունում եմ ձեզ և համագործակցության ձեր ձգտումը, ուզում եմ հույս հայտնել, որ համաժողովը կանցնի գործնական և կառուցողական մթնոլորտում, իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները կվերաճեն երկարատև ու բեղմնավոր գործնական համագործակցության: