շաբաթ, 3 հոկտեմբերի 2009
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանի պետական համալսարանի 90-ամյակի կապակցությամբ կազմակերպված ԵՊՀ խորհրդի և գիտական խորհրդի միացյալ հանդիսավոր նիստին։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթում համոզմունք է հայտնել, որ կա կամք ու կարողություններ` վերափոխելու համալսարանն այնպես, որ այն դառնա աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններից մեկը. «Ես չեմ տեսնում ոչ մի խոչընդոտ, որպեսզի դուք մեզ հետ միասին իրականացնեք այդպիսի համարձակ ու հավակնոտ ծրագիր։ Դա է Հայաստանի բարգավաճման ճանապարհը։ Եթե մենք չունենանք աշխարհի լավագույն համալսարաններից մեկը, մենք չենք կարող ժամանակակից աշխարհում հավակնել մրցունակ ազգ լինելու»։
Վարչապետը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից հավաստել է, որ պատրաստ է աջակցել այդ ծրագիրը կյանքի կոչելուն։ Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի հուշամեդալներ և շնորհակալագրեր է հանձնել ԵՊՀ-ի երախտավորներին։