երեքշաբթի, 20 մայիսի 2003
Հայաստանյան բանկերի ղեկավարների խնդրանքով, այսօր նրանց ընդունել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Բանկերի ղեկավարները վարչապետին են ներկայացրել համակարգի հրատապ լուծում պահանջող խնդիրներն ու առաջիկա ծրագրերը: ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ բանկերի միության համագումարից, նոր կանոնադրության ընդունումից և զարգացման ծրագրերի հստակեցումից հետո, նոր հեռանկարներ են բացվում մեր երկրի բանկային համակարգի զարգացման համար: Այդուհանդերձ, ըստ նրա, Հայաստանում գործող բանկերի աշխատանքներում դեռևս առկա են որոշակի խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է կառավարության, վարչապետի աջակցությունը: Բանկերի ղեկավարները առանձնացրել են, մասնավորապես, բանկերի լիցենզավորման, մարզային մասնաճյուղերի աշխատանքներին խոչընդոտող գործոնների վերացման, բանկերում ստուգումների անցկացման հետ կապված և այլ հարցեր: Վարչապետը նշել է հատկապես մարզերում բանկերի մասնաճյուղերի աշխատանքի համար նպաստավոր պայմանների ստեղծման անհրաժեշտությունը, որն առանձնապես գյուղական բնակավայրերի համար ունի սոցիալական կարևոր նշանակություն: Անդրանիկ Մարգարյանը շեշտել է բանկերի կողմից այդ բնակավայրերում կարճաժամկետից միջնաժամկետ և երկարաժամկետ վարկերի տրամադրմանն անցնելու կարևորությունը: Նա միաժամանակ ընդգծել է, որ կառավարությունը շահագրգռված է բանկերի բնականոն աշխատանքով, ինչը երկրի տնտեսության զարգացման խթաններից է: Համաձայնելով բանկերի ղեկավարների մտահոգություններին, վարչապետը նշել է, որ հանձնարարականներ կտրվեն համապատասխան նախարարություններին՝ բարձրացված խնդիրների լուծումները գտնելու համար, թեև, ըստ նրա, դրանցում կան նաև այնպիսիք, որոնք օրենսդրական փոփոխություններ են պահանջում:
Հանդիպման ավարտին վարչապետը շնորհավորել է «Անելիք» բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանին՝ Հայաստանի բանկերի ասոցիացիայի խորհրդի նախագահ ընտրվելու առթիվ, որը վստահություն է հայտնել, որ կառավարության և վարչապետի աջակցությամբ իրենց աշխատանքներում ծագող բոլոր խնդիրները հաջողությամբ կհաղթահարվեն: