երեքշաբթի, 6 հոկտեմբերի 2009
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին։
ՀՀ վարչապետն անդրադարձել է Հայաստանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ծավալած արդյունավետ գործունեությանը, որն ընդգրկում է տարբեր ոլորտներ և խնդիրների լայն շրջանակ` միաժամանակ ՀՀ կառավարության անունից հայտնելով համագործակցության պատրաստակամություն։
Հանդիպման ժամանակ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը խոսել է հակակոռուպցիոն քաղաքականության, տնտեսական, բնապահպանական ոլորտների և մարդու իրավունքների ու ժողովրդավարության ուղղություններով իրականացվող ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ընթացիկ գործունեության և ծրագրերի մասին։
Զրուցակիցները խոսել են նաև մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների մասին։