երեքշաբթի, 6 հոկտեմբերի 2009
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Խորհուրդը քննարկել, հավանություն է տվել և ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2009-2012թթ. միջոցառումների ծրագիրը, ինչպես նաև ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի մոնիտորինգի և գնահատման ցուցանիշների համակարգը։
ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2009-2012թթ. միջոցառումների ծրագրի նախագծի մասին զեկուցումով հանդես է եկել ՀՀ Նախագահի օգնական, խորհրդի անդամ Գևորգ Կոստանյանը։ ՀՀ հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը բաղկացած է 5 գլուխներից, փաստաթղթի հիմքում դրվել են խորհրդի կողմից հաստատված հետևյալ սկզբունքները. նոր ռազմավարությունն ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային պայմանագրերով ու համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների կատարմանը, սահմանվել են կոռուպցիայի կրճատման սահմանանիշեր և դրանց գնահատման ցուցանիշեր, ծրագրի մշակումն իրականացվել է քաղաքացիական հասարակության մասնակցային գործընթացով, ծրագիրը նախատեսում է մոնիտորինգի և գնահատման կուռ համակարգ։
ՀՀ հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակմանն աջակցություն են ցուցաբերել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ՄԱԶԾ, ԱՄՆ ՄԶԳ, ԵՄ խորհրդատվական խումբը, Եվրոպայի խորհրդի փորձագետները, քաղաքացիական հասարակության ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։