երկուշաբթի, 12 հոկտեմբերի 2009
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենների պատվիրակությանը։
Կառավարության ղեկավարը հյուրերին է ներկայացրել Հայաստանի տնտեսության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։
Պատվիրակության ներկայացուցիչները հավաստիացրել են, որ ԱՄՀ-ն բարձր է գնահատում ՀՀ կառավարության ջանքերը ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ և տպավորված են իրականացվող ծրագրերով։ ԱՄՀ ներկայացուցիչները նշել են, որ հարկային բարեփոխումների իրականացմանն օժանդակելու վերաբերյալ կառավարության խնդրանքը ստացել է դրական արձագանք` Հայաստան կգործուղվի մշտական ներկայացուցիչ-փորձագետ, ով կօժանդակի կառավարության գործունեությանն այս ոլորտում։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ու բարեփոխումների ընթացքին, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացմանը, տարածաշրջանային համագործակցության հիմնախնդիրներին։