երեքշաբթի, 13 հոկտեմբերի 2009
Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության պատվիրակությանը` «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության տնօրենների ժողովի տեսուչ, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Հայկական համայնքների բաժանմունքի ղեկավար Մարտին Եսայանի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին Հայաստանի Հանրապետության վարչապետը նշել է, որ Գալուստ Կյուլպենկյանի գործունեությունն ու վաստակը մեզանում գնահատված են, իսկ նրա բարեսիրական աշխատանքը վերածվել է ուսանելի օրինակի ու փորձառության։
Գործադիրի ղեկավարը կարևորել է հիմնադրամի հայանպաստ աշխատանքն ու այն ներդրումը, որ «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկությունը բերում է հայապահպանության գործին ու հայագիտության զարգացմանը։ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է հիմնադրամի գործունեությամբ և Հայաստանի կողմից աջակցության ցուցաբերման հնարավորությամբ, ինչպես նաև հաստատության Հայաստանում ու Սփյուռքում իրականացվող ու նախատեսվող ծրագրերով։
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է հիմնադրամի ներկայացուցիչներին, որ վարչապետի նախաձեռնությամբ ու հանրային-մասնավոր հատվածի համագործակցությամբ ձևավորված Ազգային մրցունակության խորհրդի ու հիմնադրամի միջև անհրաժեշտ է ստեղծել համագործակցության հնարավորություններ` մասնավորապես կրթական ծրագրերի իրականացման ոլորտում։ Այդ համատեքստում հյուրերին ներկայացվել են նաև «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերը, մասնավորապես աշխարհի լավագույն համալսարաններ ընդունված հայ երիտասարդներին տրամադրվող աջակցության ծրագիրը։
ՀՀ վարչապետը վերահաստատել է «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության շնորհակալ գործունեության նկատմամբ կառավարության բարձր գնահատականն ու շեշտել է մասնավորապես վերջին 18 տարիների ընթացքում նորանկախ Հայաստանին տրամադրված օժանդակության փաստը։
Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ հիմնադրամի պատասխանատուների այցը նոր լիցք կհաղորդի փոխադարձ համագործակցության զարգացմանն ու հիմնադրամի հայանպաստ գործունեության շարունակականությանը։