չորեքշաբթի, 14 հոկտեմբերի 2009
Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբին` Ռաուլ դը Լուցենբերգերի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է ԵՄ խորհրդատվական խմբի հետ պարբերական հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս գնահատել կատարվածն ու մատնանշել հետագա աշխատանքի ոլորտները։
ԵՄ խորհրդատվական խմբի անդամները բարձր են գնահատել Հայաստանի կառավարության համագործակցությունն ու նշել են, որ արդեն կուտակված փորձը հնարավորություն է տալիս ասելու, որ երկկողմ գործակցությունը հաջող փորձառության օրինակ է։ Խորհրդատուների կողմից նշվել է, որ տարվող համակողմանի աշխատանքը հնարավոր է դարձնում մի քանի ոլորտներում փոխլրացնող առաջընթացին ու արդյունքներին ավելի արագ հասնելու հնարավորությունը։ Խորհրդատվական խումբը նախատեսում է ավելացնել խորհրդատուների կազմը` վեց մասնագետներով, ովքեր խորհրդատվություն կտրամադրեն առավել մասնագիտական աշխատանք պահանջող ոլորտներում։
Հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականությանը, խոսվել է հարկային ու մաքսային ոլորտներում վարչարարության բարելավման, ինչպես նաև թափանցիկ կառավարման, պետական գնումների, պետական ծառայության օրենքի ընդունման հիմնախնդիրների մասին։
Կողմերը քննարկել են Ազատ առևտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, արտահանման պարզեցմանն ու GSP+ համակարգի ներդրման հետ կապված խնդիրների լուծմանն ուղղված քայլերը։ Զրուցակիցներն անդրադարձել են Տնտեսական մրցակցության հանձնաժողովի, ինչպես նաև փոքր ու միջին ձեռնարկություններին օժանդակող կենտրոնների զարգացման հնարավորություններին։ Ընդգծվել է պետական պարտքի կառավարման ոլորտում ընթացող աշխատանքների կարևորությունը, ֆինանսաների նախարարության համապատասխան կառույցների կարողությունների ամրապնդումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մաքսային վարչարարության բարելավման, մասնավորապես մաքսազերծման պարզեցման ոլորտում տարվող աշխատանքներն ու մասնագետների պատրաստման և վերապատրաստման խնդիրները։ Խոսվել է ՀՀ կառավարության հանրային հարաբերությունների ռազմավարության մասին։
Հանդիպման ավարտին ԵՄ խորհրդատվական խմբի անդամները ներկայացրել են խմբի աշխատանքների ընդլայնման հնարվորություններն, ինչպես նաև փաստել, որ ԵՄ հետ համագործակցության այս ձևաչափում Հայաստանն առաջատարներից է։
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել խմբի անդամներին անհրաժեշտ և մասնագիտական խորհրդատվության համար։