հինգշաբթի, 15 հոկտեմբերի 2009
Արդարությունը վերականգնված է
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարությունը փոփոխություններ է կատարել իր 2009թ. հունիսի 18-ի N 684-Ն որոշման մեջ, որը վերաբերում է «Ջրվեժ» անտառպուրակի սահմաններին։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Հիշում եք` այս հարցին անդրադարձանք կառավարության նախորդ նիստում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակական 13 կազմակերպություններ ահազանգ էին հնչեցնում, որ Ջրվեժի անտառպուրակից ինչ-ինչ հանգամանքներից ելնելով առանձնացվում էր շուրջ 24 հա և հանձնվում էր համայնքային իշխանությանը։ Հասարակական կազմակերպությունները մտավախություն ունեին, որ հետագայում մենք կկորցնենք այդ 24 հա-ն։ Իմ հանձնարարությամբ կատարվել է ուսումնասիրություն, վարչապետի խորհրդականը հանդիպել է բոլոր 13 կազմակերպությունների հետ։ Մենք եկել ենք այն եզրահանգման, որ մեր պետությունը ոչ մի խնդիր չունի 24 հա-ով ավելացնել այդ պուրակը, մի կողմից ապահովելով, որպեսզի մենք բավարարենք մեր բնապահպան հասարակական կազմակերպությունների արդարացի պահանջը, մյուս կողմից իսկապես տրամաբանական չէր այդ 24 հա-ի առանձնացումը այն 400 հա-ից, որ մնում էր տնտեսության մեջ։ Այդ տեսակետից այս որոշումը կարծում եմ արդարացված է։ Ուզում եմ նաև նշել, որ մենք ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահից ստացել ենք նամակ, որտեղ նույնպես վերլուծվել է իրավիճակը, և ակադեմիայի նախագահը նույնպես պաշտոնապես մեզ տեղյակ է պահում, որ խիստ անհրաժեշտ է, որ այդ 24 հա-ն վերադարձվի ընդհանուր համալիրին։ Կարծում եմ, որ սրանով մենք կապահովենք նաև հասարակական արդարացի դժգոհության խնդրի իսպառ լուծումը։ Պետք է նաև շնորհակալություն հայտնենք Հ1-ին, որն այս հարցը բարձրացրել էր և մեզ տեղյակ պահել խնդրո առարկային, ինչպես նաև «Առավոտ» օրաթերթին, հասարակական կազմակերպություններին և ԳԱԱ-ի նախագահին։ Այս որոշմամբ մենք ըստ էության վերականգնում ենք արդարությունը»։
Աջակցություն են ստանում
ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել ՀՀ 2009թ. պետբյուջեում և կառավարության 2009թ. դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ, որը վերաբերում է ճանապարհաշինությանը։ Այդ առթիվ կառավարության ղեկավարն ասել է. «Ենթադրվում է, որ այն շինարարական կազմակերպությունները, որոնք հաղթել են մրցույթներում, շարունակելու են այս աշխատանքը, որովհետև առաջին փուլում «Հազարամյակի մարտահրավեր» գրասենյակի պահանջներին համապատասխան կատարվել են մոբիլիզացիոն բնույթի մեծածավալ ծախսեր, և եթե մենք հիմա նույն շինարարական կազմակերպությունների հետ չերկարաձգենք պայմանագրերը, ուղղակի ֆինանսական կորուստներ կլինեն։ Առաջինը` սա։ Երկրորդ, ֆինանսների նախարարության վերահսկողության ծառայությունը բավականին խիստ մոնիտորինգի է ենթարկել բոլոր ճանապարհները, և 26 ճանապարհի քարտեզը գտնվում է իմ հսկողության տակ։ Պարոն Սարգսյան, ես ձեզ հանձնարարում եմ, որ դուք ձեր անմիջական հսկողության տակ վերցնեք այս հարցը, որ մի լումա այստեղից չփոշիանա։ Վերահսկողությունը խստագույնս շարունակվելու է։ Պետք է հրաժարվել այն բոլոր ավանդույթերից, որ շինարարների միջավայրում ձևավորվել են։ «Ատկատների» մասին է խոսքը, ձեր Ճանշինի պրոբլեմների մասին է խոսքը։ Բազմաթիվ բացահայտումներ են կատարվել։ Մենք հիմա այս աշխատանքներն ավարտելու ենք ոչ թե 6,8, այլ 5 մլրդ դրամով։ Եվ այս խիստ ռեժիմը պահպանվելու է մինչև վերջ։ Եվ մենք պարբերաբար ենք մտնելու ստուգման` ե՛ւ ձեզ համար անսպասելի, ե՛ւ շինարարների համար։ Այս իրավիճակում այդտեղից ֆինանսական միջոցներ փոշիացնելը ես չեմ կարողանում նույնիսկ գնահատել, թե ինչ է նշանակում։ 26 ճանապարհն էլ լինելու է մեր հսկողության տակ, որովհետև մենք այդ բոլոր գումարները այս ծանր պայմաններում մեր պետական բյուջեից հատկացրել ենք ճանապարհների շինարարության համար։ Եվ եթե կարելի է ավելի շատ ճանապարհ կառուցել, մենք պարտավոր ենք դա անել։ Մենք թանկ գին ենք վճարում, որովհետև սրանք վարկային միջոցներ են, ընդ որում` թանկ վարկային միջոցներ։ Սրանք համաշխարհային բանկի վարկային միջոցները չեն, այս 1,7 միլիարդը մենք ռուսական վարկից ենք հատկացնում և պարտավոր ենք խստագույնս վերահսկել։ Եվ այդքանով էլ պետական բյուջեի դեֆիցիտն ենք ավելացնում։ Ուղղակի այս ծախսը մենք հիմա չենք կարող չանել, որովհետև նախորդ կատարված աշխատանքը կկորցնենք։ Սա է խնդիրը, և հիմա նվազագույն ծախսով պետք է կարողանանք այն լուծել»։ Այնուհետև վարչապետը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին հիշեցրել է, որ ժամանակին խնդիր էր դրված ճանապարհաշինության համար հատկացված 6.8 մլրդ դրամը կրճատել, սակայն նախարարության մասնագետները նույնիսկ այդ գումարը քիչ են համարել։ Մինչդեռ վերահսկիչ ծառայության աշխատակիցները պնդում են, որ սկսված աշխատանքը հնարավոր է ավարտին հասցնել ընդամենը 5 մլրդ դրամով։ «Սա է պատճառը, որ ես զայրանում եմ։ Ի՞նչ են մտածում այնտեղ նստած մեծ գումար պահանջող մարդիկ։ Չէ՞ որ տրանսպորտի և կապի նախարարին էր հանձնարարված կրճատել ծախսերը», - եզրափակել է Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը, հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը և ղեկավարվելով իր ընդունած նախկին որոշումներից մեկի պահանջներով, որոշել է կառավարության սահմանած կարգով ընտրված «Յուքոմ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2009թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2012թ. հուլիսի 1-ը ներառյալ ներմուծվելիք 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2012թ. սեպտեմբերի 1-ը, հավանություն է տվել դրա վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՍՊԸ-ի միջև կնքվելիք պայմանագրի նախագծին։ Որոշումը «Յուքոմ» ՍՊԸ-ին հնարավորություն կտա ներմուծել ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչի շնորհիվ կբարելավվի և նոր մակարդակի կբարձրանա ներկայումս Հայաստանում մատուցվող համանման ծառայությունների որակը։ Որոշման նպատակն է խրախուսել հեռահաղորդակցության և ՏՏ ոլորտում արդիական տեխնոլոգիաների կիրառումը։
Իր նիստում գործադիրը հաստատել է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի տնտեսական, այդ թվում նաև ՓՄՁ բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը և դրա հանրապետական մարմին սահմանել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Ըստ կարգի գնահատումն իրականացվում է երեք փուլով` նախնական դիտարկումներ, ծախսերի և օգուտների վերլուծություն, կարգավորման ազդեցության գնահատման արդյունքներ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին հիշեցրել է, որ տվյալ հարցը հնչել է նաև ՀՀ Ազգային Ժողովում. «Այս հարցը հնչեցվեց Անահիտ Բախշյանի կողմից, թե օրենքների ընդունման պարագայում մենք ինչպես ենք գնահատում դրանց ազդեցությունը։ Նաև մենք ունենք խնդիր` կուտակված ենթաօրենսդրական ակտերը։ Շատ հաճախ մենք ուշացնում ենք դրանց ընդունումը և այս որոշումը այդ բացը լրացնելու նպատակ ունի։ Պայմանավորվել ենք, որ այս և մյուս տարի մենք այս կարգերը կիրառելու ենք որպես պիլոտային նախագծեր` հասկանալու համար, թե ինչ խնդիրներ են ի հայտ գալիս։ Երկրորդ` պետք է ձևավորենք կարողություններ բոլոր նախարարություններում, որպեսզի ի վիճակի լինենք գնահատելու մեր նորմատիվային ակտերի ազդեցությունը։ Հասկանալի է, որ դրա համար մեզանից ժամանակ է պահանջվում, և ևս այս առիթից օգտվելով մեկ անգամ ևս ուզում եմ տեղյակ պահել հանրությանը, որ այս աշխատանքը կառավարությունը սկսել է և նաև հասարակությունը ի վիճակի է լինելու վերահսկել մեզ` ծանոթանալով այսօրվա որոշման հետ, թե ինչպես ենք մենք այդ վերլուծություններն իրականացնելու, ինչ մեթոդաբանությամբ։ Հետագայում այս մեթոդաբանությունը կատարելագործման կարիք է ունենալու»։
ՀՀ կառավարությունը, հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը, թույլատրել է «Թիմ էներջի» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2011թ. դեկտեմբերի 30-ը։ Նշված ապրանքներն ու սարքավորումները Հայաստան են ներմուծվել նավթի և բնական գազի հետախուզման աշխատանք և հորատում իրականացնելու նպատակով։ Այժմ ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով դրանք ժամանակավորապես դադարեցվել են։ Սակայն կանադական «Տրանսեվրո էներջի» կորպորացիան, որը հիշյալ աշխատանքը կատարելու պայմանագրի իրավահաջորդն է, իր հիմնադրած «Թիմ էներջի» ՍՊԸ միջոցով 2010թ. երկրորդ կիսամյակում իրականացնելու է գազի հայտնաբերման հետախուզական հորատանցքի հորատում, ընդ որում հայտնաբերված նավթի և գազի մի մասը դառնալու է ՀՀ սեփականությունը։ Այս հանգամանքով է թելադրված որոշման ընդունումը։
Իր նիստում գործադիրը որոշել է ՀՀ մարզերում երրորդ և չորրորդ աստիճանի վթարայնություն ունեցող շենքերի և աղետի գոտու բնակելի շենքերի տեխնիկական վիճակի հետազննության նպատակով կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ քաղաքաշինության նախարարությանը ս.թ. չորրորդ եռամսյակում հատկացնել 5,000.0 հազար դրամ։ Որոշումը պայմանավորված է հանրապետության հանրակրթական դպրոցների և աղետի գոտու անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակելի շենքերի անվտանգ շահագործման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումները հիմնավորելու, դրանց իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների ծավալներն հստակեցնելու և դրանք առավել նպատակային օգտագործելու անհրաժեշտությամբ։ Նշելով, որ եկող տարվա ընթացքում անհրաժեշտ է լուծել երկրում եղած 24 վթարային դպրոցների խնդիրը, վարչապետը որոշումն ընդունելուց առաջ լսել է ՀՀ քաղաքաշինության նախարարի և ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պարզաբանումները։
Կառավարությունը որոշել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության աշխատակիցներին` ՀՀ 2009թ. պետբյուջեի առաջին կիսամյակի կատարման նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու համար պարգևատրելու նպատակով ֆինանսների նախարարությանն հատկացնել 30,000.0 հազ. դրամ։ Հսկողության արդյունքներով վերականգնվել է 3,600,500.0 հազ. դրամ, որից 1,830,891.0 հազ. դրամը` ՀՀ պետբյուջե։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել վարչության աշխատանքը։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը լրացում է կատարել իր 2000թ. դեկտեմբերի 31-ի N 902 որոշման մեջ։ Դրանով կարգելվի ՀՀ մաքսային սահմանով «արտահանում ազատ շրջանառության համար», «ժամանակավոր արտահանում», «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» և «ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմներով անմշակ փայտանյութի տեղափոխումը, որի արդյունքում հնարավոր կլինի հսկողություն իրականացնել անմշակ փայտանյութի արտահանման նկատմամբ։ Որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանում ապօրինի անտառահատման դեմ պայքարի անհրաժեշտությամբ, մասնավորապես ՀՀ մաքսային տարածքից անմշակ փայտանյութի արտահանման կանխմամբ։
Ստեղծվում են ազգային պարկ և պետական արգելավայր
Իր երկու որոշումներով ՀՀ կառավարությունը Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջերի, ինչպես նաև Մեղրի, Շվանիձոր և Նյուվադի գետերի ջրահավաք ավազանների տարածքներում բնական էկոհամակարգերի, դրանց կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության, բնական պաշարների, բնության եզակի հուշարձանների, էնդեմիկ և հազվագյուտ կենդանիների միջսահմանային բնակմիջավայրերի պահպանությունը, բնականոն զարգացումը, վերարտադրությունն ու կայուն օգտագործումն ապահովելու նպատակով Սյունիքի մարզում ստեղծել է 34401,8 հա ընդհանուր մակերեսով «Արևիկ» ազգային պարկը, իսկ նույն մարզի Բարգուշատի լեռնաշղթայի հարավային և Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջերի մերձալպյան մարգագետնային և մարգագետնատափաստանային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության եզակի հուշարձանների, բնական պաշարների բնականոն զարգացումը, պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը, վերարտադրությունը, ինչպես նաև բնական և ռեկրեցիոն ռեսուրսների կայուն օգտագործումը ապահովելու նպատակով Կապանի տարածաշրջանի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 17368,77 հա տարածքում` «Զանգեզուր» պետական արգելավայրը` ընդգրկելով Զանգեզուրի լեռնաշղթայի Ողջի գետի ավազանի վերին հատվածը և դրա ձախափնյա Գեղի վտակի մերձափնյա` Բարգուշատ լեռնաշղթայի ձորակների տարածքները։ Հաստատվել են ազգային պարկի և պետական արգելավայրի կանոնադրությունները։ Ակնկալվում է, որ որոշման կենսագործման արդյունքում կբարելավվեն բնապահպանական աշխատանքները, ինչպես նաև աստիճանաբար լուծում կստանան տարածաշրջանի սոցիալ-տնտեսական խնդիրները։
Գործադիրը լրացում է կատարել իր ավելի վաղ հաստատած «Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման կարգում», որով կարգավորվում են աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունների ու մթնոլորտային օդի պահպանության բնագավառում հատկապես լիազորված մարմնի հարաբերությունները։
Արձանագրային որոշումներ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ցկյանս ուսումնառության հայեցակարգին, որի ընդունումը հիմք կծառայի բնագավառի օրենսդրական կարգավորմանն ուղղված նախաձեռնությունների` գործող իրավական ակտերում, այդ թվում` օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու և/կամ նոր իրավական ակտեր, հնարավոր է նաև` նոր օրենք ընդունելու համար։ Հայեցակարգի իրագործումը կնպաստի Հայաստանում ուսումնառող հասարակության ստեղծմանը, ցկյանս ուսումնառության միջոցով քաղաքացիների բարեկեցության ապահովմանը, կրթական ամբողջական համակարգի ինտեգրմանը Եվրոպական կրթական համակարգ։
Իր նիստում կառավարությունը հաստատել է ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կատարման վերաբերյալ ՀՀ երկրորդ և երրորդ համատեղ պարբերական զեկույցը։ Դաշնագրի 16-րդ հոդվածի համաձայն մասնակից պետությունները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միջոցով Տնտեսական և սոցիալական խորհրդի քննությանը պարբերաբար ներկայացնում են զեկույցներ իրենց ձեռնարկած միջոցների և սույն դաշնագրով ճանաչվող իրավունքների պահպանման ասպարեզում ձեռք բերված առաջընթացի մասին։ Զեկույցը ներառում է տեղեկություն դաշնագրի դրույթների կատարման ուղղությամբ 1999-2009թթ. ընկած ժամանակամիջոցում ձեռնարկված միջոցների վերաբերյալ։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը, ըստ որի նախագիծը լրամշակման կարիք ունի։
Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով։
ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի զեկուցումը կառավարության 2009թ. հունվարի 15-ի «ՀՀ կառավարության 2009թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 40-Ն որոշման 2009թ. (15.01.2009թ. – 01.10.2009թ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման մասին։ Կատարման ենթակա 184 հանձնարարականի 8 կետի ժամկետը տեղափոխվել է 2009թ. չորրորդ եռամսյակ, իսկ 42 կետ կամ 22.8 տոկոսը ուժը կորցրած է ճանաչվել։ Ցանկում մնացած և կատարման ենթակա 134 կետից 2009թ. հոկտեմբերի 7-ի դրությամբ կատարվել է 133-ը կամ 99.3 տոկոսը։
ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր նույն որոշման մեջ։ Ծրագրով նախատեսված է Վրաստան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի Հայաստանի տարածքով անցնող մասի ծրագրի հաստատումը 2009թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակում։ Այդ ժամկետը տեղափոխվել է ս.թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ, քանի որ անհրաժեշտ է կարգավորել ՀՀ պաշտպանության նախարարության և գծի երկարությամբ տեղաբաշխված բնակավայրերի միջև առաջացած նոր խնդիրները։
Ուժը կորցրած է ճանաչվել միջոցառումների ծրագրի այն կետը, որի համաձայն էներգետիկ փորձաքննության իրականացման գործընթացը համապատասխանեցվելու է «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքին։ Սույն միջոցառումն ընդգրկվելու է ՀՀ կառավարության 2010թ. միջոցառումների ծրագրում։
Այլ թեմաներ
ՀՀ կառավարությունն իր որոշմամբ «ՀԱՊԿ անդամ պետություններին ագրեսիայի սպառնալիքի առաջացման կամ ագրեսիայի գործողության կատարման դեպքում ռազմատեխնիկական օգնություն ցույց տալու մեխանիզմի մասին» արձանագրության իրականացման համար լիազոր մարմին է նշանակել ՀՀ պաշտպանության նախարարությանը։
Գործադիրը փոփոխություն և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով վերացվել է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի և այդ որոշման միջև եղած հակասությունը, բարեփոխվել համակարգի իրավական դաշտը, հեշտացվել քաղաքացիների անվանափոխության գործընթացը։
ՀՀ կառավարությունը Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման նախագծի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու նպատակով ստեղծել է միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով, որին պարտավորեցրել է մեկամսյա ժամկետում ավարտել փորձաքննությունը, ինչպես նաև էներգաբլոկի կառուցման վերջնաժամկետ սահմանել 2010թ. ապրիլի 21-ը։
ՀՀ կառավարությունը որոշել է 2009թ. նոյեմբերի 22-ին կայանալիք Տավուշի մարզի Աչաջուրի գյուղական համայնքում համայնքի ղեկավարի, Բերդի քաղաքային, Այգեհովիտի, Ենոքավանի, Բերդավանի, Ջուջևանի, Վերին Կարմիրաղբյուրի, Չորաթանի գյուղական համայնքներում ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար գումար հատկացնել կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։
Գործադիրը փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը, ըստ որի հունիսի 21-ին Հայաստանում այսուհետև նշվելու է բուժաշխատողի օրը։
Կառավարությունը հաստատել է Սյունիքի մարզի Ագարակի և Քաջարանի քաղաքային համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները, որոնց համաձայն Ագարակի հողի մի մասը փոխադրվել է հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` եկեղեցի կառուցելու, մյուս մասը` հատուկ նշանակության հողերի կատեգորիա` պաշտպանական կարիքների համար։ Ագարակի և Քաջարանի մյուս հողերը տրամադրվելու են բնակելի կառուցապատման և ընդերքօգտագործման խնդիրների իրականացմանը։ Ըստ երկու այլ որոշումների համանման նպատակների են ծառայելու Շիրակի մարզի Ջաջուռի և Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղական համայնքների այն հողերը, որոնց կատեգորիան փոխվել է։
ՀՀ կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում է տվել ՀՀ չորս քաղաքացու։