հինգշաբթի, 15 հոկտեմբերի 2009
Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի Խարկովի նահանգապետ Արսեն Ավակովին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին` ՀՀ կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նահանգապետի այցը կնպաստի Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի փոխշահավետ համագործակցության խորացմանը։
Նահանգապետ Արսեն Ավակովը ՀՀ վարչապետին տեղեկացրել է, որ Խարկովի նահանգի և ՀՀ Լոռու, Շիրակի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերի միջև համագործակցության լայն հնարավորություններ և զարգացման հեռանկարներ կան, մասնավորապես` գյուղատնտեսության, գինեգործության և զբոսաշրջության ոլորտներում, ինչը կարող է նոր թափ հաղորդել երկու երկրների միջև ծավալված փոխգործակցությանը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայ-ուկրաինական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի` հոկտեմբերի 16-ին կայանալիք չորրորդ նիստին, ինչպես նաև կրթության և գիտության, էներգետիկայի բնագավառներում հնարավոր գործակցությանը։
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարականներ է տվել ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ։