չորեքշաբթի, 21 հոկտեմբերի 2009
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդանաուին։
Վարչապետ Սարգսյանը ողջունել է տիկին Քեյդանաուին Հայաստանի Հանրապետության կառավարությունում և հյուրի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի Հանրապետության տնտեսական վիճակը, խնդիրները, ինչպես նաև զարգացման հեռանկարները։ ՀՀ վարչապետը խոսել է նաև Հայաստանում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության մասին։
Տիկին Քեյդանաուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ տեղյակ է կառավարության կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումների մասին ու աջակցություն է հայտնել դրանց` շնորհակալություն հայտնելով այդ կարևոր ջանքերի ու ներդրման համար։
Զրուցակիցները կարևորել են հարկային ու մաքսային վարչարարության ոլորտում բարեփոխումների իրականացումը։ Կառավարության ղեկավարը նշել է, որ արդար վարչարարությունն ու վարչարարության շարունակական կատարելագործումը հնարավորություն կտա կրճատել տնտեսության ստվերայնությունը և հաջողությամբ իրականացնել կառավարության բարեփոխումների ծրագիրը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2010 թ. տնտեսական զարգացման հեռանկարներին, կենսաթոշակային բարեփոխումներին, ստվերային տնտեսության կրճատմանն ու այլ խնդիրներին։
ՀՀ վարչապետը կարևորել է նաև բարեփոխումներում հասարակական մասնակցությունն ու արձագանքը, ինչը հնարավորություն կտա ավելի արագ հասնել առաջադրված նպատակներին։