հինգշաբթի, 22 հոկտեմբերի 2009
Կատարելագործվում է ապրանքային նշանների իրավական պահպանության համակարգը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը որոշել է որպես նվիրատվություն ընդունել Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Տիգրան Մեծի N29 հասցեում գտնվող հանրակացարանային շենքը և որպես պետական սեփականություն ամրացնել ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինությանը։ Հանրակացարանի բնակարանները նորոգելու դեպքում նախարարությունը հնարավորություն կունենա որոշակի թվով զինծառայողների և նրանց ընտանիքներին ապահովել ծառայողական բնակարաններով, ինչպես նաև լուծել այստեղ ապրող ընտանիքների բնակարանային ապահովման հարցը։
Իր նիստում գործադիրը 2009թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, որոշումներից մեկում` փոփոխություններ և ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից խմելու ջրի նոր ջրամբարի կառուցման համար 8,000,0 հազ. դրամ սուբվենցիա տրամադրել Տավուշի մարզի Դովեղ համայնքին։ Կառավարությունը փոփոխություններ է կատարել նաև իր մեկ այլ որոշման մեջ և «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ում 2007թ. ֆինանսական արդյունքներով հաշվարկված 191,181մլն դրամ շահութաբաժնի գումարն ուղղել ընկերության կանոնադրական կապիտալի ավելացմանը։ Լրացումներ և փոփոխություններ կատարելով իր նախկին որոշումներից ևս մեկում` կառավարությունը նախկինում «Երևանի պետհամալսարան» ՊՈԱԿ-ին ամրացված Երևանի Ծարավ Աղբյուրի 55ա հասցեում գտնվող հանրակացարանային համալիրի N1 մասնաշենքն այնտեղ ապրող բնակիչներին նվիրաբերել է որպես բնակելի ֆոնդ, իսկ ոչ բնակելի և օժանդակ տարածքները` բաժնային սեփականության իրավունքով տվել բնակիչներին։
Օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ կառավարությունը երկու որոշմամբ հավանություն է տվել Պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ. և 2006-2007թթ. ծրագրերի մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին։ Առաջինով նախատեսվում է լուծել «Կենսատեխնոլոգիա ԳՀԻ» ՓԲԸ գերատեսչական պատկանելության հարցը` այդ ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահելով «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա» ՊՈԱԿ-ին, իսկ երկրորդով մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում ընդգրկել «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ն, «Հենակետ» ՓԲԸ-ն, «Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՓԲԸ-ն, «Սևակ և Սաթինե» ՍՊԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը, մասնավորեցման ծրագրից հանել «Գառնի-Լեռ» ընկերությունը։
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում` նպատակ ունենալով տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակելու և դրանից բխող պարտադիր աուդիտ անցկացնելու պահանջը սահմանել առայժմ այն կազմակերպությունների համար, որոնց հասույթը գերազանցում է մեկ միլիարդ դրամը։
Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում է «խիստ ներգործող նյութերի խոշոր չափեր» հասկացությունը և հաստատվում թունավոր նյութերի ցանկը և խիստ ներգործող նյութերի խոշոր չափերը։
ՀՀ կառավարության հավանությունն է ստացել «Ապրանքային նշանների մասին», «Աշխարհագրական նշումների մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։ Դրա ընդունումը պայմանավորված է ապրանքային նշանների իրավական պահպանության համակարգի կատարելագործմամբ, ինչպես նաև մտավոր սեփականությանը վերաբերող ՀՀ օրենսդրությունը Եվրամիության օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։ Կարևորելով խնդիրը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Այս նախագիծը քննարկել ենք նաև շահագրգիռ ձեռնարկությունների ղեկավարների հետ, լսել նրանց կարծիքները, մտահոգությունները։ Դեռևս երկու ամիս առաջ հանձնարարական էր տրված, որպեսզի էկոնոմիկայի նախարարությունը շարունակի այդ աշխատանքը, և ինձ զեկուցել են, որ դա ամբողջ ծավալով կատարված է։ Կան ձեռնարկություններ, որոնք ունեն խնդիրներ այս օրենքի նախագծի հետ, սակայն եվրոպական երկրների օրինակը նրանց հարցերին տալիս է բավական հստակ պատասխաններ, թե ժամանակակից աշխարհն ինչպես է կարգավորում այդ խնդիրները։ Մենք պետք է այս ճանապարհով գնանք։ Կարծում եմ` ճիշտ կլինի, որպեսզի այս նախագիծը ներկայացվի նաև հանրությանը։
Նաև մի խնդիր կա, որն արծարծվեց վերջերս։ Հայաստան ժամանած Խարկովի պատվիրակությունը, մասնավորապես Խարկովի հայտնի գործարաններից մեկի տնօրենը, խնդրեց մեզ, որպեսզի օգնենք, որ կարողանա իր ավանդական ապրանքները` շոկոլադ, տարբեր տորթեր, իրացնել Հայաստանում։ Այժմ չեն կարողանում այստեղ վաճառել, որովհետև նրանց մրցակիցը Հայաստանում գրանցել է ապրանքային այդ նշանները։ Դրանցով ոչինչ չի արտադրում, ուղղակի իր նպատակն է եղել մրցակիցներին դաշտից դուրս մղել։ Նման բողոքներ մենք ստացել ենք նաև Ռուսաստանի մեր գործընկերներից, և եթե մենք այստեղ խնդիրը չշտկենք, նրանք համանման միջոցներ կիրականացնեն մեր արտադրողների նկատմամբ։ Եվ կարծում եմ, որ այս հարցը պետք է դարձնենք քննարկման առարկա, քանի որ խոստացել ենք, որ մեր գործընկերներին կպատասխանենք, թե ինչպես ենք այս հարցը լուծում»։
ՀՀ կառավարությունը եզրակացություն է տվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանի և Վիկտոր Դալլաքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Աղետի գոտում ինքնակամ կառուցված կամ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Եզրակացության մեջ նշվում է, որ կառավարությունը նույնպես կարևորում է հարցը և համապատասխան օրինագիծ է ներկայացրել ԱԺ, ուստի նախագծի հեղինակներին առաջարկվում է համագործակցել մեկ միասնական նախագծով հանդես գալու ուղղությամբ։
Նշված բոլոր օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։
Միջազգային համագործակցություն
ՀՀ կառավարությունը փոփոխել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, որի համաձայն` Հայաստանի և օտարերկրյա պետությունների ազգությամբ հայ բանկիրների 2009թ. ընթացքում նախատեսված համաժողովը հետաձգվել է 2010թ., երբ տեղի են ունենալու նաև ազգությամբ հայ գործարարների, սրտաբանների և Հայաստանի բուհերի սփյուռքահայ շրջանավարտների համահայկական համաժողովները։ Համապատասխան ֆինանսավորում նախատեսված է ՀՀ 2010թ. պետբյուջեի նախագծում։
Կառավարությունն իր երկու որոշմամբ համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև (միջուկային անվտանգության 2007թ. գործողությունների ծրագիր) ֆինանսավորման համաձայնագրի N1 լրացում» և «ՀՀ կառավարության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև (միջուկային անվտանգության 2008թ. գործողությունների ծրագիր)» ֆինանսավորման համաձայնագրերի կնքման առաջարկությանը։ Երկու ծրագրերի արժեքն է 17,400,000 եվրո։ Ակնկալվում է, որ դրանց իրականացումից հետո Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը բավարար կլինի մինչև դրա փակումը շահագործելու համար։
ՀՀ կառավարությունը, կատարելով իր միջազգային պարտավորությունները, հաստատել է «Միավորման ազատության և կազմակերպելու իրավունքի պաշտպանության մասին», «Նվազագույն տարիքի մասին», «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին» և «Աշխատանքի վիճակագրության մասին» կոնվենցիաների վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցները, ինչպես նաև «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով կարգավորման ենթակա վայրի կենդանիները և բույսերը, դրանց մասերն ու ածանցյալները ՀՀ տարածքից արտահանելու և ՀՀ տարածք ներմուծելու թույլտվությունների (հավաստագրերի) տրամադրման կարգը և ձևերը։ Վերջին որոշմամբ կկանոնակարգվեն միջազգային մակարդակով անհետացման վտանգված շուրջ 33 հազար վայրի բուսական և կենդանական աշխարհի տեսակների արտահանման, ներմուծման և վերարտահանման գործընթացները։ Նույն խնդրի կարգավորմանն են ուղղված հաջորդ երկու որոշումները, որոնց համաձայն` նախկինում ընդունված փաստաթղթերը լրացվել են նոր պարբերություններով։
ՀՀ կառավարությունն իր նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման ռազմավարությանը և միջոցառումների ծրագրին։ Վերջին տասնամյակներում աշխարհում տեղի ունեցած կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված իրադարձությունները, որոնք գնահատվել են որպես «հանրային առողջության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ», նախանշել են միջազգային մակարդակով վտանգների կառավարման համապարփակ փաստաթղթի ձևավորումը` Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնները, որոնք բազմաթիվ երկրների, այդ թվում` Հայաստանի համար ուժի մեջ են մտել 2007թ. հունիսի 15-ից։ Սույն որոշման ընդունումը նպատակ ունի մեր հանրապետությունում ներդնել այդ կանոնները։
ՀՀ կառավարությունը որոշել է հարկային և մաքսային արտոնություններ կիրառել ՀՀ կառավարության և Միջազգային համագործակցության ճապոնական բանկի միջև կնքված վարկային համաձայնագրով իրականացվող «Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգեր» ծրագրով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ անունով «անվճար» նշմամբ ՀՀ ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Այդ ապրանքներն են «Էջմիածին» ենթակայանում վերականգնման աշխատանքների լիարժեք իրականացման համար անհրաժեշտ մալուխը և «Սոտք» ենթակայանի համար նախատեսված էլեգազային անջատիչի մեկ ֆազի մեկուսիչ սյունը և աղեղմարման խուցը։
Իր նիստում գործադիրն ավելացրել է ՀՀ 2009թ. պետբյուջեի եկամուտների և ծախսերի գումարները, վերաբաշխում կատարել պետբյուջեում և փոփոխություններ` նախկին որոշումներից մեկում, որով Ճապոնիայի կառավարության կողմից հատկացվող 250,0 մլն դրամ դրամաշնորհով նախատեսվում է Արարատի և Արմավիրի մարզերում տեղակայել հակակարկտային 25 կայան` պաշտպանելով շուրջ 3 հազար հա գյուղատնտեսական հողատարածք։
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև նանոտեխնոլոգիաների օգտագործման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրն ստորագրելու առաջարկությանը։ Այս փաստաթղթով սկիզբ կդրվի նանոտեխնոլոգիաների օգտագործման բնագավառի իրավապայմանագրային դաշտի ձևավորմանը, կկանոնակարգվի այդ ոլորտում ՀՀ և ՌԴ փոխշահավետ համագործակցությունը, կստեղծվեն գիտական հետազոտությունների զարգացման, գործարար ակտիվության բարձրացման բարենպաստ պայմաններ։ Մեկ այլ որոշմամբ, հաշվի առնելով, որ ՀՀ սեփականությունը հանդիսացող Մեղրի, Արմավիր և Արտաշատ քաղաքներում գտնվող բազմաբնակարան շենքերը գտնվում են ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի տեղակայման վայրերում և փաստացի օգտագործվում են այդ զորքերի զինծառայողների և սպասարկող անձնակազմի կողմից, կառավարությունն այդ անշարժ գույքն ամրացրել է ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին` անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությանը հատկացնելու համար։
Կառավարությունն իր որոշմամբ համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Թունիսի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագիրն ստորագրելու առաջարկությանը։ Փաստաթուղթը կդառնա երկու երկրների միջև օդային կանոնավոր հաղորդակցության պատշաճ կարգավորման հիմք և կնպաստի նրանց տնտեսական և մշակութային կապերի զարգացմանը։
Այլ որոշումներ
ՀՀ կառավարությունը հաստատել է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը, որի հիմնական նպատակն է բարելավել ընդունվող նորմատիվ իրավական ակտի որակն ու կարգավորման արդյունավետության աստիճանը հակակոռուպցիոն տեսանկյունից` ապահովելով իրավական կարգավորման արդյունքների կանխատեսումը։
Կառավարությունը երկու որոշումով փոփոխություններ և լրացում է կատարել իր նախկին երկու որոշումներում, որով «Տեխնիկական անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում նախատեսված գործառույթները, այն է` պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորումն իրականացնող մարմին է սահմանվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Գործադիրը հաստատել է կարուսելների անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը։ Այժմ Երևանում և երկրի մյուս բնակավայրերում շահագործվում են հայրենական և արտասահմանյան արտադրության ավելի քան 150 միավոր կարուսել, մանկական հրապարակների սարքավորում, ջրային ատրակցիոն և զվարճալիքի այլ հարմարանքներ, որոնց աշխատանքը կանոնակարգող նորմատիվ-տեխնիկական ակտեր, տեխնիկական պայմաններ և չափորոշիչ փաստաթղթեր չկան։ Տեխնիկական կանոնակարգի հաստատումը կհստակեցնի ոլորտի օրենսդրական դաշտը, կապահովի կարուսելների և այլ զվարճահարմարանքների անվտանգ և անխափան աշխատանքը, կնպաստի բիզնեսի զարգացմանը։
Գործադիրը ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատել է Արտակ Զաքարյանին` ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր դառնալու կապակցությամբ։
Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է Լոռու մարզի Մարգահովիտի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները և որոշում է ընդունել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին։
ՀՀ կառավարությունը հաստատել է Արարատի մարզի Խաչփառի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման և համայնքի վարչական սահմանում գտնվող «Հայռուսգազարդ» ՓԲԸ սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` բարձր ճնշման գազաբաշխիչ կայան կառուցելու համար։
Իր երեք որոշումով կառավարությունը փոխել է Լոռու մարզի Գարգառի, Արագածոտնի մարզի Արտաշավանի, Սյունիքի մարզի Ծղուկի գյուղական համայնքների հողերի կատեգորիան` համապատասխանաբար հանգստի, հասարակական կառուցապատման, փոքր հզորության հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության նպատակով օգտագործելու համար։
Կառավարությունը զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը տարկետում է տվել ՀՀ մեկ քաղաքացու։