ուրբաթ, 23 հոկտեմբերի 2009
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Արմավիր քաղաքի արվեստի հիմնանորոգված դպրոցի բացմանը։ Վարչապետը շրջել է դպրոցում, եղել տարբեր խմբակների դասասենյակներում, դահլիճներում։ Արվեստի դպրոցի սաները և ուսուցիչները փոքրիկ համերգ են կազմակերպել ՀՀ կառավարության ղեկավարի համար։
Անցյալ դարի 50-ականներից գործող դպրոցն ունի պարարվեստի, գեղարվեստի և երաժշտական բաժիններ` բազմաթիվ խմբակներով, ուր արտադասարանական պարապմունքների են հաճախում արմավիրցի 345 դպրոցականներ։
500 սանի համար նախատեսված երկհարկանի դպրոցի 1500 քառակուսի մետրի վերանորոգման նախահաշվային արժեքը կազմել է մոտավորապես 163 միլիոն դրամ, որը տրամադրվել է երեք փուլով։ Հիմնանորոգման աշխատանքները տևել են երկու տարի և վերջնագծին են հասել մի քանի օր առաջ։ Առաջիկա ձմռանը դպրոցը կջեռուցվի քաղաքակիրթ եղանակով։ Ուշագրավ է, որ նորոգության տարիներին դպրոցում անցկացվող պարապմունքները որևէ պատճառաբանությամբ չեն ընդմիջվել։