ուրբաթ, 23 հոկտեմբերի 2009
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային։
Ողջունելով հյուրին, Տիգրան Սարգսյանն ասել է, որ կարևորում է հանդիպումը, որը հաջող առիթ է մաքսային ոլորտում բարեփոխումների շարունակականության առումով մտքերի ու պատկերացումների փոխանակության համար։
Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ իշխանությունների քաղաքական աջակցությունը ուղղված հարկային և մաքսային վարչարարության բարելավմանը։ Նշելով, որ Հայաստանի ու կազմակերպության միջև սերտ փոխգործակցություն կա` հյուրը կարևորել է մաքսային մարմիններում մտածողության փոփոխության անհրաժեշտությունը։ Այդ փոփոխությունը հնարավոր է մասնավորի և մաքսային մարմինների գործակցության միջոցով։
Անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող ծրագրերին ու հնարավոր տեխնիկական աջակցությանը, ոլորտի պատասխանատուների համար ռիսկերի գնահատման բնագավառում կազմակերպվելիք սեմինարներին, ինչպես նաև կազմակերպությունում Հայաստանի առավել ակտիվ ներգրավման խնդրին։ Խոսվել է Հայաստանում ուսումնական կենտրոնի հիմնադրման հնարավորությունների, դրա կարողությունների ու ուսումնական ծրագրերի ապահովման մասին։
Զրուցակիցները կարևորել են մաքսային ընթացակարգերի պարզեցումն ու գործարարների համար մեկ պատուհանի սկզբունքի ներդրումը, ինչը նշանակալիորեն կբարելավի գործարար միջավայրն ու կնվազեցնի ռիսկերը։