հինգշաբթի, 29 հոկտեմբերի 2009
Վարչապետը մասնակցել է սրտաբանական համաժողովի բացմանը
Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Սրտաբանության Եվրակովկասյան համաժողովի» բացման արարողությանը։ Ողջունելով հյուրերին, գործադիրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմավարության ներքո առողջապահությունն առաջնահերթ նշանակություն ունեցող ոլորտ է. «Առողջապահությունը մենք դիտարկում ենք Հայաստանի Հանրապետության հեռանկարային զարգացումների առումով կարևորագույն շարժիչ ուժ։ Եվ առողջապահության շրջանակներում մենք պետք է դրսևորենք կլաստերային մոտեցում և պետք է ձևավորենք մի այնպիսի միջավայր, որ առողջապահության ոլորտում ունենանք տարածաշրջանային կենտրոն։ Եվ նմանատիպ ծրագրեր արդեն իսկ հռչակված են, մասնավոր-պետություն համագործակցության շրջանակներում մենք փորձում ենք իրագործել այս ռազմավարությունը»։
Գնահատելով սրտաբանների կատարած աշխատանքները, Տիգրան Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ սրտաբանության ոլորտում կան որոշակի հաջողություններ։ Դրանք արտացոլվում են նաև նրանում, որ մեր հարևան երկրներից Հայաստան են ժամանում հիվանդներ, որպեսզի անցնեն և դիագնոստիկա, և բուժում։ Ըստ վարչապետի, «Մեր ռազմավարությունն այն է, որ առաջին հերթին պետք է ապավինենք մեր համահայկական ներուժին, և այս համաժողովը դրա վառ վկայությունն է։ Համաժողովի ընթացքում դուք հնարավորություն կունենաք մտքեր փոխանակել սրտաբանության զարգացման, փորձի փոխանակման, գիտելիքի փոխանցման առումով, ինչը, բնականաբար, կբարձրացնի այս ոլորտի կողմից մատուցվող ծառայությունների որակը»։ Վարչապետը կարևորել է նաև մասնագիտական կրթության որակի բարձրացումը. «Առողջապահությունը 21-րդ դարում ապահովում է թռիչքաձև զարգացում, այն իր մեջ ներառում է նաև գիտության և պրակտիկայի կապը, իսկ ժամանակակից հասարակությունը գիտության, գիտելիքի վրա հիմնված հասարակություն է, և այդտեղ մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք լինել առաջատարների շարքում»։