ուրբաթ, 30 հոկտեմբերի 2009
Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՌԴ ԱՊՀ պետությունների գործերով, արտերկում բնակվող հայրենակիցների ու միջազգային հումանիտար համագործակցության դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Իգոր Մորոզովին։
Ողջունելով հյուրին կառավարության ղեկավարը նշել է, որ տեղյակ է երեկ բացված «Էքսպո Ռուսաստան-Հայաստան 2009» ցուցահանդեսի մասին և նշել գործակալության ու հայաստանյան ընկերությունների միջև համագործակցության խորացման անհրաժշտությունը։
Իգոր Մորոզովը վարչապետին է ներկայացրել գործակալության աշխատանքները, մասնավորապես նորարարությունների հիմնադրամի գործունեությունը։ Երկուստեք կարևորվել է համագործակցության զարգացումը ֆիզիկայի բնագավառում։ Անդրադարձ է եղել հիմնադրամին Հայաստանի կողմից ներկայացվելիք ծրագրերին, որոնք կարող են ուղղված լինել բարձր տեխնոլոգիաների, նանոտեխնոլոգիաների և միջուկային ֆիզիկայի զարգացմանը։ Կառավարության ղեկավարը կարևորել է գործակալության, ինչպես նաև «Ռոստեխնոլոգիաների» ու ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու գիտության պետական կոմիտեի միջև համագործակցության հետագա խորացումը։