Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 30 հոկտեմբերի 2009

ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը ՀՀ Ազգային Ժողովում


Ազգային Ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ։ Ավանդաբար 2010 թվականի պետական բյուջեի քննարկումը մենք սկսում ենք ընթացիկ իրավիճակի գնահատականից` 2009 թ. բյուջեի կատարման ընթացքի վերլուծությունից։
Ինչպես գիտեք, 2009 թ. գործունեության հիմքում դրված էին հակաճգնաժամային միջոցառումները, որոնք ես ներկայացրեցի Աժ-ին 2008 թ. նոյեմբերին, որը հրապարակվեց մամուլում, տեղադրվեց կառավարության կայքէջում։ Մեր հակաճգնաժամային ծրագրերի հիմնական թիրախը կայանում էր նրանում, որ մենք պետք է ապահովեինք մակրոտնտեսական և ֆինանսական կայունություն և այդ միջավայրում դիմագրավեինք բոլոր այն մարտահրավերներին, որն իր հետ բերում էր համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամը։ Նաև պետք է բավարար հիմքեր ստեղծեինք ապագայում կայուն զարգացման և որակապես նոր տնտեսության ձևավորման համար։ Անդրադառնանք հակաճգնաժամային այն գործողություններին, որոնք մենք իրականացրել ենք այս պահի դրությամբ։
1. Տարածաշրջանային նշանակություն ունեցող և բնականոն կենսագործունեություն ապահովող ենթակառուցվածքների զարգացումը ապահովող միջոցառումներ։ Դա մեր թիվ մեկ հակաճգնաժամային թիրախն էր, քանի որ ճգնաժամի պարագայում ամենաարդյունավետը համարվում են ենթակառուցվածքների մեջ արված ներդրումները, որոնք ստեղծում են առավել բարենպաստ պայմաններ մասնավոր հատվածի տնտեսության զարգացման համար։
Մեր ենթակառուցվածքային մեծածավալ ծրագրերից առաջինը հանրապետության նախագահի կողմից մեր առջև դրված խնդիրն է նոր ատոմակայանի կառուցման հետ կապված աշխատանքները։ Մենք ստեղծել ենք միջգերատեսչական աշխատանքային խումբ։ Տեղյակ եք, արդեն իսկ ընտրվել է (“Warley Parsons”) ընկերությունը, որը մշակում է ատոմակայանի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումը։ Արդեն իսկ ծախսվել է շուրջ 400 000 դոլար այդ աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար։ ԱԺ-ի կողմից ընդունվել է երկրորդ ատոմակայանի կառուցման մասին "Նոր միջուկային էներգոբլոկի կառուցման մասին" ՀՀ օրենքը։
2. Մինչև 2009 թվականի ավարտը հանրապետությունում շահագործման կհանձնվեն կամ կվերանորոգվեն 365 կմ ճանապարհներ` 2008 թվականի 163 կմ-ի դիմաց։ "Հազարամյակի մարտահրավերներ" հիմնադրամի ծրագրով իրականացվել է շուրջ 5.3 մլրդ դրամի աշխատանք, որից Արմավիր-Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհի 24.5 կիլոմետրանոց 1.5 մլրդ դրամ արժեքով հատվածը արդեն իսկ հանձնվել է շահագործման։
3. Հայաստանի ջրամատակարարման համակարգի վերականգնման առումով կատարվել են ավելի քան 14 մլրդ. դրամի աշխատանքներ, վերանորոգվել է 300 կմ ներքին ցանց և 50 –ից ավելի պոմպակայաններ։ 2008 թվականի 10.4 միլիարդի դիմաց մենք ծախսելու ենք 14 մլրդ դրամ։
4. Աղետի գոտում մինչև տարվա վերջ կծախսվի մոտ 25.1 մլրդ դրամ, կկառուցվեն 1760 բնակարաններ, 118 հազ. քմ մետր մակերեսով բնակելի տարածքներ, կտրամադրվի 403 մլն ԲԳՎ։ 2008 թվականի ընթացքում շինարարական աշխատանքներ աղետի գոտում չէին իրականացվել, և տրվել էր 2 184 մլն դրամի ԲԳՎ։ Այսինքն, աղետի գոտում կատարված ծախսերը 2009 թվականին մեր ընդհանուր ծախսերի մեջ ունեն էական տեսակարար կշիռ։
5. Սկսվել են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կառուցման ծրագրի նախագծային աշխատանքները։ Դուք տեղյակ եք, որ Ասիական զարգացման բանկն արդեն իսկ հաստատել է 500 մլն դոլարի վարկային ծրագիրը, որի առաջին մասնաբաժինը` 60 մլն դոլարն արդեն իսկ հատկացվել է։
6. Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման ծրագրով ևս կատարվում են կոնկրետ քայլեր, մասնավորապես, հանրապետության նախագահի այցի ժամանակ Իրանում արդեն իսկ ստորագրվել է համաձայնագիր առ այն, որ քաղաքական որոշում կա երկաթգիծը կառուցելու համար։ Մենք ստեղծել ենք "Երկաթուղու շինարարության տնօրինություն" ՓԲԸ, բյուջեից հատկացրել ենք գումարներ, որ ընկերությունը սկսի աշխատանքները։
7. Հիմնադրվել է Համահայկական բանկը, որն իր գործունեությունը սկսվելու է 2010 թվականին։ Այս փուլում հեղինակավոր մասնագիտացված միջազգային ընկերությունը ստացել է պատվեր ԿԲ-ի կողմից, ընտրելու տնօրեն, ինչպես նաև հեղինակավոր մասնագիտացված ընկերությունները մշակում են Համահակական բանկի բիզնես ծրագիրը։
Ես թվարկեցի հակաճգնաժամային մեր ծրագրի առաջին բլոկի միջոցառումները, ենթակառուցվածքային մեծածավալ բնույթի ծախսերը։


8. Հակաճգնաժամային մեր ծրագրի երկրորդ թիրախը փոքր և միջին ձեռնարկություններին օժանդակությունն էր։ Այդ նպատակով մենք էապես կարևորեցինք ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատանքները, ինչպես նաև ստեղծեցինք նոր մի գործիք`վարկային ունիվերսալ կազմակերպություն, որը պետք է օգներ պետությանը խթանել ՓՄ Ձեռնարկությունների զարգացումը։ Եվ այսպես, ՓՄՁ-ների աջակցությանն են ուղղվել հետևյալ ֆինանսական միջոցները.
• ՌԴ վարկի միջոցներից 18.5 մլրդ դրամ` բանկային համակարգի միջոցով։
• Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին և ՈւՎԿ-ին հատկացվել է համապատասխանաբար 3.7 և 6.4 մլրդ դրամ։
• KfW բանկի կողմից Հայ-գերմանական բանկին տրամադրվել է 17 մլրդ դրամ։
• Որպես փորձնական ծրագիր` պետության և պանիր արտադրող ընկերությունների մասնակցությամբ հիմնադրվել է մասնագիտացված պանիր արտահանող կազմակերպություն, որն օժանդակելու է հայրենական պանիր արտահանողներին` միջազգային շուկա դուրս գալու համար։ Այս ծրագիրն օգնելու է շուրջ 500 արտադրողների և այս փորձը մենք տարածելու ենք մյուս ոլորտների վրա։

2. ՓՄՁ-երին օժանդակության նպատակով հարկային բեռի նվազեցում, որի շնորհիվ տասնյակ հազարավոր հարկատուների մոտ հարկերի գծով մոտ 16.6 մլրդ դրամ խնայողություն է գրանցվել, և այս ռեսուրսները բարձրացրել են փոքր և միջին ձեռնարկությունների դիմադրողականությունը ճգնաժամի նկատմամբ։ Դա նշանակում է, որ մենք բյուջեում այդքան գումար չենք հավաքագրել հարկային արտոնությունների հաշվին։ Մասնավորապես, ծառայության որոշ տեսակների գծով անցում է կատարվել հաստատագրված վճարների /որակավորում չստացած հյուրանոցային օբյեկտներ/, ինչի հետևանքով տնտեսվարողների մոտ հարկերի գծով կատարվել է մոտ 5.6 մլրդ դրամի խնայողություն։
• բարձրացվել ԱԱՀ հարկման շեմը` մինչև 58.3 մլն դրամ, ինչի հաշվին տնտեսվարողների մոտ հարկերի գծով խնայողությունները կազմել են շուրջ 11 մլրդ դրամ։ Այս ռեժիմից օգտվում է մոտ 32 հազար տնտեսվարող։
• 2009 թվականի ընթացքում ընկերությունների հարկային գերավճարները ՀՀ-ում 2008 թվականի համեմատ նվազել են 20 մլրդ դրամով, ինչը տնտեսավարողների համար հարկային բեռի էական թեթևացում է ու ևս մեկ լուրջ ռեսուրս` ճգնաժամի հետևանքները դիմակայելու համար։
• Ձեռագործ գորգագործությունը մենք միասին ազատեցինք բոլոր տեսակի հարկերից։
Հարկային վարչարարություն
• Մասնավորապես, մինչև 100 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունների համար հաշվապահական հաշվառման վարման պարտադիր կանոնը ձեզ հետ միասին վերացրեցինք։
• Վերացվել է ԱԱՀ ամսական հաշվետվությունների ներկայացման պահանջը, եթե շրջանառությունը փոքր է 100 մլն ՀՀ դրամից։
• իրակացրեցինք պարզեցված հարկային հաշվետվությունների ներդրում , նախկինում գործող հանձնաժողովների լուծարման և փոստով կամ ՏՀՏ տեղադրված արկղերի միջոցով հաշվետվությունների ընդունման պրակտիկայի ներդման շնորհիվ։
• 2009-ի ընթացքում կատարվեց մինչև 70 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունների մոտ 22 մարմիների կողմից պարտադիր ստուգումների կասեցում։
• ՓՄՁ-երի հաշվապահական հաշվառման ծառայությունների օժանդակության կենտրոն է ստեղծվել, որը սուբսիդավորվում է պետության կողմից ավելի էժան ծառայությունների մատուցման նպատակով։
• Ստեղծվել է նաև FREDA վենչուրային հիմնադրամը, որը իրականացնելու է վարկավորում և կապիտալով մասնակցություն գյուղատնտեսական ոլորտի ընկերությունների զարգացման վրա։

9. Մրցակցային միջավայրի ձևավորմանն ուղղված միջոցառումներ
Ակնհայտ է, որ անհրաժեշտ է ապահովել խոշոր ձեռնարկությունների թափանցիկությունը, այդ առումով մենք ձեզ հետ միասին ներդնում ենք պարտադիր աուդիտի պահանջը, ինչը ավելացնելու է պետության վստահությունը խոշոր ձեռնարկությունների նկատմամբ, ինչպես նաև հասարակության վստահությունը։
• Առևտրի իրականացման վայրերի կազմակերպման գործունեության լիցենզավորում։
• Խաղատների, շահումով խաղերի կազմակերպման հաստատագրված վճարների բարձրացում և ԱԳԼՃԿ հարկման ընդլայնում` հաշվարկների հիմքում ընդունելով ստացված գազի ծավալը`գործող իրացման ծավալի փոխարեն։
• Մաքսատներում և մաքսային պահեստներում բացվել են մաքսային բրոքերների, ինչպես նաև ինքնահայտարարագրման գրասենյակներ։ Նվազագույնի է հասցվել "ներմուծող-մաքսային ծառայող" շփումը։
• Կրճատվել է ներմուծման պահին պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների ցանկը` պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքատեսակների թիվը 65-ից հասցվել է 16-ի։
• Պարզեցվել են արտահանման գործընթացները ինչպես փաստաթղթերի կրճատման, այնպես էլ ընթացակարգերի կրճատման միջոցով, մասնավորապես, գյուղմթերքների, դեղերի և դեղանութերի համար։
• GSP+ համակարգին մասնակցություն` մաքսային ծախսերը նվազեցնելու նպատակով։
• Պետական գնումների համակարգի կատարելագործման նպատակով ուղղությամբ սկսել ենք իրականացնել լուրջ միջոցառումներ, որոնց արդյունքում, համոզված ենք, որ ունենալու ենք տնտեսումներ։
Կառավարության կողմից իմ կողմից թվարկված միջոցառումներն արդեն իսկ տվել են դրական արդյունք։ Մասնավորապես, Հայաստանի վարկանիշը Համաշխարհային բանկի "Doing bussiness"-ի չափանիշներով բարելավվել է 7 կետով` 50-ից հասնելով 43-ի։
10. Հասցեագրված աջակցություն իրական հատվածում
• 300 մլն ՀՀ դրամի և ավելի սարքավորումների ներմուծման ժամանակ ԱԱՀ վճարման հետաձգում մինչև 3 տարի ժամկետով։
• Իրական հատվածի զարգացումը խթանելու նպատակով կառավարությունը աջակցում է ձեռնարկություններին, հատկապես համակարգաստեղծ ընկերություններին` տրամադրելով պետական երաշխիքներ, կիրառելով սուբսիդավորման գործիքներ, ինչպես նաև մասնակցելով ընկերությունների կապիտալոււմ։ Մասնավորապես, օպերատիվ շտաբի կողմից հավանության են արժանացել շուրջ 14 մլրդ. դրամ արժողությամբ 44 նախագիծ։ Ի լրումն, վերը նշվածի վարկային միջոցներ են տրամադրվել հանքարդյուբերական ոլորտի զարգացմանը, ինչպես նաև "ՀայՌուսԳազԱրդ" ՓԲԸ-ին։ Այս վարկերի հանրագումարը կազմել է 79 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
• 2009 թվականի ընթացքում էներգետիկայի ոլորտում ծախսվել է շուրջ 29 մլրդ դրամ, իսկ 2008թ 19.8 մլրդ դրամի համեմատ։
• Իրական հատվածին ՌԴ վարկի միջոցներից լրացուցիչ ուղվել է 30 մլրդ դրամ, որը նպաստելու է տնտեսության վերականգմանն ու դիվերսիֆիկացմանը, ինչպես նաև 12 մլրդ դրամ` Ազգային Հիփոթեկային Ընկերության ՈՒՎԿ ՓԲԸ-ի ստեղծմանը, որի նպատակն է խթանել անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը։
• Այս հակաճգնաժամային ծրագրերի ուղղությունները խարսխված էին հակաճգնաժամային սոցիալական ուղղությունների

11. Սոցիալական պարտավորությունների կատարում
• Բյուջեում նախատեսվել էր ծրագրավորած սոցիալական ծախսերի անփոփոխ իրականացում, ավելին` 2009 թվականին սոցիալական ոլորտի ծախսերը 2008 թվականի նկատմամբ աճել են 14%-ով։ Մենք ամբողջությամբ կատարում ենք մեր սոցիալական պարտավորությունները։
• Կրթության ոլորտում ծախսերը փաստացի կազմելու են 108.9 մլրդ դրամ` 2008 թվականի 104.5 մլրդ դրամի դիմաց։
• Առողջապահության ոլորտում փաստացի ծախսերը կկազմեն են 56.5 մլրդ դրամ` 2008 թվականի 49.4 մլրդ դրամի դիմաց։
Չնայած անկմանը մենք էապես ավելացրել ենք սոցիալական ոլորտի մեր ծախսերը։

12. Մակրոտնտեսական կայունության պահպանում
• Մենք ընտրել ենք քաղաքականությունը, որ մեր կարծիքով չունի այլընտրանք` Ընդլայնողական հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության վարում, ինչը հնարավորություն տվեց խուսափել գնանկումից և ավելացրեց տնտեսությունում լիկվիդայնությունը` ապահովելով ֆինանսական համակարգի կայունությունը` նախապայմաններ ստեղծելով տնտեսության վերականգման համար։ Մասնավորապես` 2009թ. բյուջետային ծախսերը կկազմեն մոտ 880 մլրդ դրամ` 2008 թվականի 810 մլրդ դրամի դիմաց։ Բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի մոտ 7-ից 7.5 տոկոս։
• Սղաճի ցուցանիշի պահպանումը ծրագրավորվածի շրջանակներում 4% + 1.5% միջանցքի շրջանակներում։
• Բյուջեի կառուցվածքային փոփոխության արդյունքում մենք չգնացինք սեկվեստրի` փոխարենն ապահովելով ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքանություն։ Դա միջազգային փորձագետների կողմից որակվեց որպես արդյունավետ ու գրագետ քաղաքականություն։
• Ուշագրավ է, որ ընդլայնողական քաղաքականության և հարկային վարչարարության բա¬րե¬լավման արդյունքում մանրածախ ոլորտի ապրանքաշրջանառությունը հունվար-սեպտեմբեր ամիսներին աճել է 0.8 տոկոսով` նույն ժամանակահատվածի 18.3 տոկոս տնտեսական անկման պայմաններում։ Սա նշանակում է, որ այն ֆինանսական միջոցները, որ մենք թողել ենք տնտեսությունում, մեր քաղաքացիներին հնարավորություն է տվել չկրճատել իրենց սպառումը։
2009թ. ընթացքում ունենալով մակրոտնտեսական բարենպաստ նախապայմաններ, մենք միջազգային կազմակերպությունների կողմից ստացել ենք օժանդակություն, այդ թվում նաև ՌԴ կողմից 500 մլն դոլարի վարկ։ Այդ վարկային միջոցներն ուղղված են առաջին հերթին Կայունացման հիմնադրամի ստեղծմանը, որը մեզ հնարավորություն է տալու 2010-2011թթ. ունենալ նոր փորձություններին դիմագրավելու ռեզերվ, և ուղղվում են որոշ ընթացիկ ծախսերի, մասնավորապես, աղետի գոտու վերականգնմանը։ Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Արժութային միջազգային հիմնադրամի և Եվրոպական բանկի միջոցներն ուղղվում են 2009 թ. ինչպես նաև 2010 թ. բյուջեի դիֆիցիտի ֆինանասավորմանը։
Ներկայացված բոլոր միջոցառումները պետք է ուղղորդվեն հետևյալ կարևորագույն միջոցառումներով`
• պետական ապարատի արդյունավետության բարձրացում,
• կատարողական համակարգի ներդրում,
• գործադիր մարմինների աշխատանքի թափանցիկության կտրուկ ավելացում
• հակաճգնաժամային ծրագրերի նկատմամբ կառավարության, ԱԺ-ի ու հանրության լրջագույն վերահսկողություն։

2009թ. Դասերը
Առաջինը, Ճգնաժամն առավել ընգծված ձևով ի ցույց դրեց մեր երկրի տնտեսության խոցելի կետերը։
• տնտեսությունն ունի դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակ և զգացվում է "երկար փողերի" խիստ անբավարարություն և դրանցով աշխատող ինստիտուտների բացակայություն։ Դա նվազեցնում է դիվերսիֆիկացիայի հնարավորությունը։
• երկրի տնտեսությունում առկա են օլիգոպոլիաներ և ցածր մրցակցային մակարդակ։ Մենք դա արձանագրում ենք նաև գների էլաստիկության կոշտությամբ, ինչը լրջագույն մարտահրավեր է մեզ համար։
• Պետական կառավարման համակարգում թերի մոտիվացիոն մեխանիզմների առկայությամբ,
• առողջապահության և կրթության բնագավառներում առկա են լուծման կարոտ ֆունդամենտալ հիմնախնդիրներ,
Հասկանալի է , որ նշված խնդիրների լուծմանն ուղղված են լինելու 2010թ. մեր գործողությունները։
Այժմ անդրադառնանք 2010թ. պետական բյուջեի հիմնական ցուցանիշներին։ Առաջին խնդիրը, որ բոլորին մտահոգում է և գտնվում է նաև քննադատության հիմքում` ինչու կառավարությանը չի հաջողվում ճշգրիտ կանխատեսումներ անել` ինչպես 2009թ. այնպես էլ 2010թ. համար։ Պետք է նշենք, որ ճգնաժամի կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ բոլոր օրինաչափությունները խարխլվում են։ Ժամանակակից տնտեսագիտությունը չունի գործիքներ և հնարավորություն` գնահատելու, թե ինչպիսին է լինելու ճգնաժամի խորությունը, երբ է այն ավարտվելու, ինչ չափով է այն ընթանալու և երբ է սկսվելու վերականգման փուլը։ Սա ճգնաժամի կարևորագույն առանձնահատկություններից մեկն է և բնութագրում է ճգնաժամի էությունը։
Հասկանալի է, որ 2008թ. ամռանը, երբ մենք կազմում էինք 2009թ. բյուջի նախագիծը հնարավոր չէր կանխատեսումներ անել համաշխարհային տնտեսության զարգացումների միտումները, ՌԴ տնտեսության զարգացումների միտումները, որն ունի էական ազդեցություն մեր մակրոտնտեսական ցուցանիշների վրա, և ելնելով դրանից հնարավոր չէր ճշգրիտ կանխատեսել 2009-ի բյուջեի ցուցանիշները։
Այսօր մենք նույն իրավիճակում ենք գտնվում։ Ամեն ամիս մասնագետները հետևում են ՀԲ-ն, ԱՄՀ-ն, ինչպես նաև աշխարհի զարգացած երկրները փոխում են իրենց կանխատեսումները։ Ամեն ամիս իրականացվում են ճշգրտումներ և համաշխարհային բոլոր մակրոտնտեսական ցուցանիշները փոփոխվում են, երբեմն չափազանց կտրուկ։ Բնականաբար որոնք ընկած են 2010թ. բյուջեի հիմքում ելնում են այն իրողությունից որ մենք ունենք բյուջեի կազմման ժամանակ, այսինքն հիմքում ընկած են արժութային հիմնադրամի, համաշխարհային բանկի, Ռուսաստանի դաշնության կանխատեսումները, որոնք կան այս պահի դրությամբ, և մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք հետևել այդ կանխատեսումներին, որովհետև դրանք փոփոխման ենթակա են։ Դա նշանակում է, որ ձեզ հետ միասին ստիպված ենք աշխատել օպերատիվ ռեժիմով։ Ուզում եմ ձեզ զեկուցել, որ արդեն իսկ բյուջեի կազմման ընթացքից մինչև այս ժամանակահատվածն ակնհայտ է, որ որոշ փոփոխություններ կան։ ԱԺ-ում քննարկումների ընթացքում, բնականաբար մենք ճշգրտումներ կիրականացնենք և, վերջնական ձեր հաստատմանը ներկայացնելով բյուջեն, հաշվի կառնենք վերջին երեք ամիսների ճշգրտումները։
Այս պահի դրությամբ, եթե մենք եկամուտների և ծախսերի մասով ձեզ ներկայացրել ենք եկամուտներ 676.7 մլրդ դրամ և ծախս"րը` 859.7 մլրդ դրամ` արդեն իսկ անհրաժեշտ է ներառել Հազարամյակի մարտահրավերների միջոցները, որովհետև մենք ավարտել ենք բանակցություններ ՀՄՀ հետ և ունենք ԱՄՆ մեր գործընկերներից հավաստիացումներ, որ բոլոր ծրագրերն իրականացվելու են։ Բոլոր գործընթացներն ավարտված են, և մենք այդ ճշգրտումը կիրականացնենք։
Դա նշանակում է, որ ծավալային առումով, մեր ծախսերը 2010թ. համադրելի են լինելու 2009թ. ծախսերի հետ։ Բյուջեի հիմքում 1.2% տնտեսական աճի կանխատեսում, ինչը մենք իրականացրել ենք հաշվի առնելով համաշխարահային կանխատեսումները, ՌԴ տնտեսության զարգացման կանխատեսումները և դուրս ենք եկել այս ցուցանիշի վրա։ 2010 թ. կարևորագույն թիրախներից է պահպանել սոցծախսերը այն մակարդակի վրա, որ մենք ունեինք 2009 թ. և մենք լիահույս ենք, որ այս խնդիրը մեզ ամբողջությամբ կհաջողվի լուծել։
Մի փոքր ինչ կարող է նվազել բյուջեի պակասորդը ՀՆԱ-ի համեմատ և ուզուոմ եմ այդ առումով նշել, որ այս կարևորագույն խնդիրը գտնվում է հանրության ուշադրության ներքո։
2009 թվականին կառավարությունը խիստ ավելացրեց բյուջեում սոցիալական ծախսերի մակարդակը շուրջ 14 տոկոսով և 2010 թվականին կառավարությունը պահպանելու է այդ մակարդակը։
Մեր բյուջեի դեֆիցիտը մեծապես ֆինանսավորվում է միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից։ Սա նշանակում է, որ մենք զերծ ենք շուկայական ռիսկերից։ Ավելին, համաշխարհային տնտեսության զարգացման միտումները թելադրում են համաշխարհային բանկին և ԱՄՀ-ին, ինչպես նաև Ասիական բանկին, վերակառուցել իրենց պարտքը, որը նրանք տրամադրել են Հայաստանի Հանրապետությանը, այսինքն` ապագայում մենք հնարավորություն ենք ունենալու մեղմացնելու պարտքային բեռի ճնշումը բյուջեի կատարողականի վրա։ Արժութային հիմնադրամի հետ մենք բանակցությունները սկսելու ենք 2010թ. առաջին եռամսյակում, վերակառուցելու այն վարկային միջոցները, որ մեզ տրամադրել է Արժույթի հիմնադրամը, ընդ որում, այդ քաղաքականությունը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլ բոլոր այն պետություններին, որոնք օգտվել են Արժութային հիմնադրամի միջոցներից, ինչպես նաև արդեն սկսվել է երկխոսություն Համաշխարհային բանկի և Ասիական բանկի հետ մեր վարկային պայմանները բարելավելու ուղղությամբ։ Այդ տեսակետից շուկայական ռիսկեր այստեղ գոյություն չունեն այն պարզ պատճառով, որ եթե համաշխարհային տնտեսության վերելքը հետաձգվի, մենք հետաձգելու ենք մեր արտաքին պարտքի սպասարկման ծավալները` բանակցելով Համաշխարհային բանկի, Ասիական բանկի, Եվրոպական բանկի հետ, քանի որ այդ խնդիրները պայմանավորված են լինելու գլոբալ ցուցանիշների վատթարացմամբ։
2010թ. համար նախագծում ծրագրավորվել են 533 մլրդ դրամի մուտքեր` 2009թ. կանխատեսվող 500 մլրդ դրամի փոխարեն։ Բնականաբար, եթե տնտեսական աճի ցուցանիշները լինեն ավելի բարվոք, մենք ոչ միայն կկարողանանք կատարել այս ցուցանիշը, այլ նաև կգերակատարենք։ Եթե տնտեսական աճի ցուցանիշները լինեն ավելի վատթար, ապա մենք կուտակում ենք որոշակի ռեզերվներ Կայունացման հիմնադրամում, որը ձևավորվում է Կենտրոնական բանկում, և նույնպես երաշխավորված կլինենք, որ պետական բյուջեի ծախսերը 2010թ. կհաջողվի կատարել ամբողջ ծավալով։
2010թ. մենք պետք է լինենք ընդլայնողական, որպեսզի օժանդակենք մասնավոր հատվածին` հաղթահարելու ճգնաժամի բացասական հետևանքները։
Տեղական ինքնակառավարման ֆինանասավորման բազան 2010թ., 2009թ. հետ համեմատած, լավանալու է, 2010թ. տրվող հատկացումների ընդհանուր ծավալը կավելանա 2009թ. համեմատությամբ շուրջ 17 տոկոսով։ Նշված հատկացումների ծավալը կկազմի 32,5 մլրդ դրամ, և դա պայմանավորված է տեղական ինքնակառավարման ոլորտը կարգավորող օրենսդրության համապատասխանությամբ։
Մենք կարևորում ենք նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող օժանդակությունը բնակչության անվտանգության երաշխավորման նպատակով, և այդ գումարները 2010թ. կկազմեն շուրջ 31 մլրդ դրամ։
Ներկայացված բյուջեի նախագիծը հնարավորություն է ընձեռնելու մեզ իրականացնել բոլոր այն միջացառումները, որոնք մատնանշվեցին իմ կողմից։ Մասնավորապես, մենք շարունակելու ենք փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությունը, տնտեսության համակարգաստեղծ ընկերությունները գտնվելու են մեր ուշադրության կենտրոնում և արտահանման ընթացակարգերի պարզեցումը, արտահանող ձեռնարկությունների համար բարենպաստ պայմանների ստեղծումը լինելու են մեր թիրախները։
Այն հակաճգնաժամային միջոցառումները, որ ես թվարկեցի, շարունակվելու են նաև 2010թ., և մենք փորձելու ենք, հարկային և մաքսային բարեփոխումների շարունակությունը ապահովելով, ստեղծել ավելի բարենպաստ միջավայր բիզնեսի համար։ Մեր միջոցառումները ունենալու են խրախուսական բնույթ։

Կառավարությունը չափազանց կարևորում է 2 բարեփոխումներ. կենսաթոշակային և ապահովագրական։

Մենք արդեն իսկ սկսել ենք Ազգային Ժողովի հետ օրենսդրական փաթեթների քննարկումը, տեղի են ունեցել հանդիպումներ Ազգային Ժողովի համապատասխան հանձնաժողովների նախագահների հետ, նախագծերը քննարկվել են հանրության հետ, կառավարությունը քննարկել է հանրային քննարկումների ժամանակացույց, քանի որ սրանք կարևոր միջոցառումներ են, որոնք ստեղծելու են երկարաժամկետ ֆինանսական միջոցներ և ստեղծելու են նոր ինստիտուտներ, որոնք նպաստելու են մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի աստիճանի բարձրացմանը։

Կառավարման համակարգի շրջանակներում նախատեսվում են հետևյալ բարեփոխումները`

• Պետական կառավարման համակարգի կառուցվածքային և գործառութային բարեփոխումներ։

Մենք արդեն իսկ շրջանառության մեջ ենք դրել մի հայեցակարգ, որը ենթադրում է կառավարման համակարգի բարեփոխումների երկրորդ փուլի սկիզբ, մասնավորապես նախարարությունների, գերատեսչությունների, գործակալությունների ֆունկցիաների հստակեցում ու տարանջատում։ Սրանք հեղափոխական բնույթի բարեփոխումներ են, որոնք վերաբերում են կառավարման համակարգին։ Այս բարեփոխումները մենք սկսել ենք 6 տարի առաջ, այդ թվում նաև լուրջ միջազգային օժանդակության ներքո, և կարծում եմ, որ այսօր հասունացել է այն պահը, երբ մենք երկրորդ, վճռական փուլը պետք է իրականացնենք, ինչը էապես բարձրացնելու է մեր կառավարման համակարգի արդյունավետությունը, որովհետև հստակեցվելու են նախարարի, աշխատակազմի ղեկավարի, վարչության պետերի, գործակալությունների տեսչական ստուգողների լիազորությունները և պարտականությունները, ինչպես նաև նրանց փոխադարձ կապը։

Առողջապահության ու կրթության բարեփոխումները մտնում են վճռական փուլ։
Համագործակցելով ԱԺ հանձնաժողովի հետ, մենք արդեն իսկ հաստատել ենք առողջապահության ոլորտի կարևորագույն արմատական 9 միջոցառումները, որ պետք է իրանակացնենք։

Առողջապահության ոլորտի ֆինանսական մեխանիզմները որակապես պետք է բարելավվեն։ Պետության գործառույթները պետք է լինեն հստակ ու հասկանալի շուկայի բոլոր մասնակիցների համար` պետական, թե մասնավոր, և վերահսկելի լինեն ԱԺ-ի և հանրության կողմից։

Նմանատիպ միջոցառումներ իրականացվելու են կրթության բնագավառում, կա հստակ հանձնարարական հանրապետության նախագահի կողմից, և մենք պարտավոր ենք 2010թ. պետական պատվերն իրականացնել արդեն իսկ բարեփոխված ֆինանսական մեխանիզմներով։

Մենք շարունակելու ենք հակաճգնաժամային միջոցառումների իրականացումը, որը կուղեկցվի արդեն իսկ ձևավորված ինստիտուտների աշխատանքների ակտիվացմամբ, ինչպես նաև նոր ինստիտուտների ստեղծմամբ։
Սրանք էին հիմնական գաղափարները, որոնք ընկած են 2010թ. բյուջեի իրականացման քաղաքականության հիմքում։

Շնորհակալություն ուշադրության համար։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ