չորեքշաբթի, 11 նոյեմբերի 2009
Սոցիալական խնամքի փորձի ներդրում «ՍՕՍ- Կինդերսդորֆ ինտերնացիոնալ» կազմակերպության շնորհիվ
Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «ՍՕՍ- Կինդերսդորֆ ինտերնացիոնալ» կազմակերպության պատվիրակությանը` կազմակերպության Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի, մերձբալթյան հանրապետությունների և ԱՊՀ երկրների տարածաշրջանային տնօրեն Զդենկո Սեդլարի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին Տիգրան Սարգսյանը նշել է, որ կարևորում է այն երկխոսությունը, որ մեկնարկել է կազմակերպության ու գործադիր իշխանության միջև։ Առանձնակի անդրադարձ կատարելով այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք էին բերվել վարչապետի` Հայաստանում գործող «ՍՕՍ մանկական գյուղ» այցելության ժամանակ, Տիգրան Սարգսյանն ասել է, որ լավ առիթ է ստեղծվել ևս մեկ անգամ անդրադառնալու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին ու քննարկել առկա հարցադրումները։
Զդենկո Սեդլարն, իր հերթին շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարից մանկական գյուղի խնդիրների նկատմամբ հոգատարության ու հետևողականության համար ու նշել է, որ ՀՀ կառավարության հետ համագործակցության մոդելը օրինակ է ծառայելու կազմակերպության հետ գործակցող մի քանի տասնյակ երկրների հետ հարաբերություններ կառուցելու համար։ Նշվել է նաև, որ հաջորդ տարի Իջևանում կբացվի երկրորդ մանկական գյուղը։
Զրուցակիցները քննարկել են կազմակերպության հետ փոխըմբռնման հուշագիր կնքելու հարցը, նշելով, որ այն պետք է արտացոլի երկու կողմերի ակնկալիքները։ Որպեսզի ճշտվեն, թե ինչպիսի հնարավորություններ կան ներկայումս առկա օրենսդրական ու իրավական խնդիրները լուծելու համար, որոշվեց ուսումնասիրել, քննարկել ու ներդնել այս ոլորտում առկա եվրոպական փորձը։
Կառավարության ղեկավարը նշել է, որ ցանկություն ունի ընդլայնել համագործակցությունը, լուծել այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են կազմակերպության գործունեության ընդլայնման գործընթացի առաջ։ Տիգրան Սարգսյանը նախատեսում է ներդնել «ՍՕՍ Կինդերսդորֆի» կողմից մշակված մեթոդաբանությունը մեր երկրում առանց ծնողական խնամքի մնացած մանուկների և երիտասարդների սոցիալական խնամքի ոլորտում առկա հարցերի լուծման համար։
Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց սեղմ ժամկետում ավարտել հուշագրի վերաբերյալ դիրքորոշումների հստակեցումը։ ՀՀ վարչապետը համապատասխան գերատեսչություններին հանձնարարեց արագացնել այդ ուղղությամբ տարվող աշխատանքները։