երեքշաբթի, 17 նոյեմբերի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Իտալիայում հանդիպել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի տնօրեն Կանայո Նվանզեին
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Իտալիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի տնօրեն Կանայո Նվանզեին։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է կազմակերպության նախագահին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի գործունեության և Հայաստանի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար։ ՀՀ վարչապետն անհրաժեշտ է համարել վերանայել ու արագացնել համատեղ աշխատանքները։
Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի ղեկավարն իր հերթին նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ծրագրերի հաջող իրականացման առումով լավագույն օրինակներից է։ Կազմակերպությունը նախատեսում է այսուհետև շարունակել գործունեությունը` որպես ծրագրերի իրականացմանն օժանդակող կառույց։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացող ծրագրերն ու դրանց ընդլայնման հնարավորությունները։
Այսօր ուշ երեկոյան ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան։