Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 19 նոյեմբերի 2009

Բյուջետային հերթական երաշխիքը կառուցապատողին


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցրել է Երևանի Աջափնյակ համայնքի Գևորգ Չաուշի 14/3 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ-ից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով «Նորաշեն 2007թ.» սպառողական կոոպերատիվին տրամադրել բյուջետային երաշխիք` 500.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ հիմնական գումարով, երեք տարի մարման ժամկետով, որպես վարկի հիմնական գումարի վճարային պարտավորության ապահովման միջոց` անակցեպտ գանձման իրավունքով։ Որպես բյուջետային երաշխիքի վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման միջոց «Նորաշեն 2007թ.» սպառողական կոոպերատիվի հետ կկնքվի գրավի պայմանագիր` գրավ ընդունելով վերոհիշյալ ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարան շենքի տարածքները` հողի նկատմամբ բաժնային իրավունքով հանդերձ։ Որոշման առնչությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Սա այն որոշումներից է, որն արժանանում է մեր ընդդիմախոսների քննադատությանը, թե Հայաստանի կառավարությունը օժանդակում է կառուցապատողներին։ Կարծես թե կառուցապատողները մեր ազգի թշնամիներն են։ Փորձ է կատարվում հանրությանը թյուրիմացության մեջ գցել, որ մենք հարյուրավոր միլիոնի հասնող դոլարներ ենք տալիս կառուցապատողներին։ Մինչդեռ այս պահի դրությամբ երաշխիք ենք տվել ընդամենը 3,5 միլիարդ դրամի, որը չնչին գումար է, տվել ենք բավական խիստ պայմաններով, որ պատրաստվածության 50 տոկոսից ավելի աստիճան պետք է լինի։ Դա նշանակում է, որ մենք երաշխավորված ենք լինում, որ տրամադրելով այս գումարը, շինարարական այդ օբյեկտները հասցվելու են ավարտին։ Մյուս կողմից` մենք շուրջ 12 մլրդ դրամ ենք հատկացրել հիպոթեքային վարկավորման համար, որպեսզի խթանենք պահանջարկը։ Եթե մենք հիպոթեքային շուկայի զարգացմանը նպաստում ենք 12 մլրդով, բնականաբար, պետք է լինեն նաև բնակարաններ, որոնք մեր քաղաքացիները կարողանան ձեռք բերել։ Եվ այս տրամադրված գումարն էլ իրականում չնչին է և չի համապատասխանում այն քննադատության փաստարկներին, թե դրանով մենք փոշիացնում ենք մեր վարկային միջոցները, որ ստացել ենք Ռուսաստանի Դաշնությունից։ Իրականությանը բացարձակապես չհամապատասխանող մեղադրանքներ են հնչում կառավարության հասցեին։ Մենք տրամադրում ենք երաշխիք, իսկ գումարները տրամադրում են առևտրային բանկերը, որոնք էլ կառավարում են ռիսկերը։ Եթե անավարտ շինարարության օբյեկտները ռիսկային են, ապա առևտրային բանկերն ուղղակի հրաժարվում են այդ վարկերը տրամադրել։ Բացի ամեն ինչից, մինչ օրս տրամադրված այդ չորս երաշխիքները կառուցապատողներին գտնվում են հանրության հսկողության ներքո, որովհետև կառավարության կողմից սահմանված բոլոր բավական խիստ չափանիշները խստագույնս պահպանվում են, և այդ չափանիշները տեղադրված են մեր կառավարության կայքէջում, բոլորը կարող են հետևել նաև կառուցապատման ընթացքին»։
ՀՀ օրենսդրության համաձայն ՀՀ կառավարությունը ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցրել է ՄՌԼՀ-11 մայրուղային ռադիոլոկացիոն համակարգի վերակառուցման նպատակով 2009թ. չորրորդ եռամսյակում ՀՀ պետբյուջեից «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ին տրամադրել 1.000.000 եվրոյին համարժեք դրամ բյուջետային վարկ` 4 տարի մարման ժամկետով, Լոնդոնի միջբանկային բորսայում վեցամսյա ԱՄՆ դոլարով դեպոզիտների համար սահմանված տարեկան տոկոսադրույքին գումարած 4 (Լիբոր+4) տոկոսին համարժեք դրույքաչափով, բայց ոչ պակաս տարեկան 12 տոկոսից։ Որպես վարկային պարտավորության ապահովման միջոց որոշվել է գրավ ընդունել վերոհիշյալ վերակառուցվող մայրուղային ռադիոլոկացիոն համակարգը, ինչպես նաև «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ին պատկանող ռադարային վայրէջքային, երկու միավոր կապի ձայնային համակարգերը և «Աշտարակ» Կ.Կ. դիսպետչերի ավտոմատացված աշխատատեղը իր ծրագրային ապահովմամբ։ Հատկացվող վարկի ֆինանսավորման աղբյուրն է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը 2009թ. տրամադրված պետական վարկը։
Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել ՀՀ կառավարության 2009թ. հունվարի 15-ի «ՀՀ կառավարության 2009թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 40-Ն որոշման N 1 հավելվածի 207-րդ կետը, որը վերաբերում էր զարգացման ֆինանսական կազմակերպության ստեղծմանը։ Նման կազմակերպություն ստեղծելու ծրագիրը դադարել է արդիական խնդիր լինելուց, քանի որ այժմ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամն զբաղված է Համահայկական բանկի ստեղծման ընթացիկ աշխատանքով (հիշյալ կառույցը ներառելու է նաև զարգացման ֆինանսական կազմակերպությանը բնորոշ մի շարք գործառույթներ)։ Նույն հիմնավորմամբ և մեկ այլ որոշմամբ կառավարությունը փոփոխություն է կատարել իր 2008թ. դեկտեմբերի 4-ի N 49 որոշման մեջ։
Կառավարությունն իր նիստում լրացումներ և փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որով փոփոխվել է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում մասնագիտական խորհրդատվության, լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրի ձևաթուղթը, և այսուհետև տեղեկություն է պահանջվում սոցիալական կարգավիճակի, վճարումների վերաբերյալ։ Որոշմամբ հաստատվել է նաև ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ընտանեկան բժիշկների կողմից սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում չընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման և հետազոտման ուղեգրման ձևը և կարգը. դրանք նախատեսվում են վճարովի հիմունքով սպասարկվող քաղաքացիների համար։ Կառավարությունը թույլատրել է ՀՀ ԿԱ պետական կառավարման գույքի վարչությանը` ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մ.Գորկու փողոցի N 90 հասցեում գտնվող «Դիլիջանի պոլիկլինիկա» ՓԲԸ նախկին շենք-շինությունները և գույքի զբաղեցրած հողատարածքն ուղղակի վաճառքի ձևով օտարել «ԻՌ-ՎԻՆԳ» ՍՊԸ-ին։ Գնորդը պարտավորվում է երեք տարվա ընթացքում կատարել 579 000 հազար դրամի ներդրում և ստեղծել 35 աշխատատեղ։
ՀՀ կառավարությունը հաստատել է ապաստան հայցողներին ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորելու և կենսապահովման պայմաններ տրամադրելու կարգը։ Սահմանվել է, որ Հայաստանում 2003 թվականից գործող «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ը ծառայում է որպես ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոն և նոր կենտրոնի ստեղծման անհրաժեշտություն չկա։ Այս հիմնավորմամբ կառավարությունն իր հաջորդ որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարին պարտավորեցրել է մեկամսյա ժամկետում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարել «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ի կանոնադրությունում և այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման։
Իր նիստում կառավարությունը լրացում է կատարել ս.թ. հունվարին ընդունած իր որոշումներից մեկում` սահմանելով, որ որսորդական տնտեսությունների տարածքներում որսի կենդանիների հաշվառումը տարին մեկ անգամ կազմակերպում և իրականացնում է որսի օգտատերը։ Որսասեզոնը սկսելուց ոչ ուշ, քան երկու ամիս առաջ նա հաշվառման տվյալները ներկայացնում է որսի և որսորդական տնտեսության վարման բնագավառի լիազոր մարմին։ Որոշումը կնպաստի որսի տարեկան պաշարների ճիշտ գնահատմանը։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը լրացումներ և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած իր մի շարք որոշումներում։ Դրանով ներկայումս առաջնային սերմնաբուծության հիմնական օղակը հանդիսացող և սերմեր ու գյուղատնտեսական մթերքներ արտադրող գիտական կենտրոնները օժտվել են իրացման ձեռնարկատիրական իրավունքով, կարող են ստանալ որոշակի շահույթ, որը կուղղվի դրանց կանոնադրական խնդիրների իրականացմանը։

Արձանագրային որոշումներ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել արտադրության և սպառման թափոնների հիմնական տեսակների գոյացման տեսակարար ցուցանիշներին և տարբեր տեխնոլոգիական գործընթացներում առաջացող թափոնների ցանկին։ Ակնկալվում է , որ որոշումը կարող է ուղեցույց հանդիսանալ ինչպես պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ ցանկացած իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ համար` սեփական արտադրության մեջ թափոնների գոյացմանն առնչվող հսկողության իրականացման, թափոնների տեղադրման սահմանաքանակները հիմնավորելու նպատակով։ Այն կնպաստի թափոնների համալիր կառավարմանը, ինչպես նաև բնապահպանական վճարների ճիշտ հաշվարկմանն ու վճարմանը։
Կառավարությունը հավանություն է տվել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակը պլաստիկ քարտերով կատարվող գնումների ծավալի անկումը կանխարգելելն է, քանի որ ներկայումս գործող օրենսդրության համաձայն ՀԴՄ կտրոնները տրամադրվում են միայն կանխիկ դրամով դրամական հաշվարկների իրականացման ժամանակ։
ՀՀ կառավարությունը, քննարկելով ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Տեղեկատվության ազատության մասին», «Պետական տուրքի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, արել է մի շարք դիտողություններ և առաջարկություններ։ Եվ քանի որ օրինագծերից առաջինը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ, ապա կառավարությունը, արված առաջարկությունների ընդունման դեպքում, համաձայնել է նախագծերի փաթեթը ներկայացնել որպես համատեղ օրենսդրական նախաձեռնություն։
ՀՀ կառավարությունը քննության է առել ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է եկամտահարկով հարկման նպատակով համախառն եկամտի տարր չհամարել գիտական կոչում ունեցող անձանց տրվող պատվո վճարները, ինչպես նաև գիտական կոչման համար տրվող հավելավճարները։ Այս դեպքում նույնպես կառավարությունն արել է մի շարք առաջարկություններ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը։
Կառավարությունը բացասական եզրակացություն է է տվել ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, որը, մասնավորապես, արտոնություն է նախատեսում մի շարք կազմակերպությունների համար, մինչդեռ ՀՀ կառավարության գործունեության ծրագրում նշված է, որ գործադիրն առաջնորդվելու է արտոնությունների առավելագույն կրճատման կամ բացառման սկզբունքով։
Վերը նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

Միջազգային համագործակցություն

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություններին ագրեսիայի ակտի սպառնալիքի առաջացման կամ ագրեսիայի ակտի կատարման դեպքում ռազմատեխնիկական աջակցության ցուցաբերման մեխանիզմի մասին» արձանագրության կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է ՀԱՊԿ անդամ-պետություններին ռազմատեխնիկական աջակցության ցուցաբերման ֆինանսավորման կարգը։
ՀՀ օրենսդրության համաձայն գործադիրը համաձայնություն է տվել «ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին», «Տեղեկատվության միջպետական փոխանակման կազմակերպման և հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների տվյալների ազգային բազայի ձևավորմանն ուղղված համագործակցության մասին», «Ազգային էներգահամակարգի միջպետական էլեկտրահաղորդման գծերի շահագործման բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին», «ԱՊՀ մասնակից պետությունների տարածքով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների համաձայնեցված զարգացման մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին։ Փաստաթղթերից առաջինն ուղղված է ազատ առևտրի գոտու պատշաճ և արդյունավետ գործունեության ապահովմանը, ապրանքների ազատ տեղափոխման պայմանների ձևավորմանը, ինչպես նաև ապրանքների ծագման երկրի որոշման միասնական կարգի սահմանմանը, երկրորդը` մտավոր սեփականության բնագավառում համագործակցության իրականացմանը։ Երրորդ համաձայնագրի նպատակն է ԱՊՀ մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգի կայուն աշխատանքների ապահովումը, չորրորդինը` այդ պետությունների տարածքով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների հատվածների արդյունավետ շահագործումը և զարգացման համաձայնեցված քաղաքականության կազմակերպումը։
Կառավարությունը ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը թույլատրել է ընդունել անգլերեն նորմատիվ իրավական ակտեր։ Քաղավիացիայի գլխավոր վարչությունը Եվրամիության հարևանության քաղաքականության շրջանակում 2009-2012թթ. պետք է ներդնի և կիրառի թռիչքային անվտանգության գծով եվրոպական ավիացիոն կազմակերպությունների կանոնները։ Այսպիսով, քաղավիացիայի բնագավառի լիազոր մարմինը կարող է ընդունել օտար լեզվով նորմատիվ իրավական ակտեր, ինչի շնորհիվ կբացառվեն շեղումները թռիչքային անվտանգության բնագավառում Եվրոպայում ներդրված ստանդարտներից։
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրը ստորագրելու առաջարկությանը։ Փաստաթուղթը հնարավորություն կտա երկու պետությունների միջև զարգացնելու ապրանքների և ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը։
Կառավարությունն իր որոշմամբ համաձայնություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև «Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուների վերականգնման համար սարքավորումների բարելավման ծրագրի մասին» հայտագրերի փոխանակման ձևով կնքվող համաձայնագրի և դրանից բխող ՀՀ կառավարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջև նույն բովանդակությամբ դրամաշնորհային համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Ծրագրով Հայաստանի ազգային պատկերասրահին հատկացվող օգնությունը կնպաստի այդ հաստատության տեխնիկական հագեցվածությանը, ինչը հնարավորություն կտա բարելավել պատկերասրահի ցուցանմուշների պահպանման որակը։

 

Այլ որոշումներ

Արամ Մանուկյանի ծննդյան 130-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակում «Արամ Մանուկյան» փաստաթղթերի և նյութերի ժողովածու հրատարակելու նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացրել է 2966.0 հազար դրամ` որպես նվիրատվություն «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար։ 97.5 մամուլ ծավալով ժողովածուն հրատարակվելու է 1000 օրինակ տպաքանակով։
Գործադիրը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ 22,088.04 հազար դրամ է հատկացրել «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» և ևս չորս պարբերականների հրատարակման նպատակով, քանի որ նախկինում տրամադրված ֆինանսական միջոցներն սպառվել են, մինչդեռ կան իրավական ակտեր, որոնք պարբերաբար պետք է ուղարկվեն պարտադիր հրատարակման։
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 156-րդ հոդվածով և 2008թ. մարտի 1-ի զանգվածային անկարգությունների ժամանակ ՀՀ ԿԱ ոստիկանության առջև դրված խնդիրների լուծման համար քաղաքացի Մարտին Երեմյանի կողմից տրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով պատճառված վնասի դիմաց վերջինիս նկատմամբ առաջացած պարտավորությունը մարելու նպատակով ՀՀ կառավարությունը ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցրել է վերը նշված քաղաքացուն տրամադրել 428.6 հազար դրամ անվանական արժեքով գանձապետական հասարակ անտոկոս մուրհակ` 2010թ. առաջին եռամսյակում վճարման ժամկետով։ Այդ օրը ոստիկանության ծառայողներին դեպքի վայր հասցնելու համար օգտագործվել է Մարտին Երեմյանին պատկանող տրանսպորտային միջոցը, որը զանգվածային անկարգությունների մասնակիցների կողմից դիտավորությամբ հրկիզվել, վնասվել և թալանվել է։ ՀՀ օրենսդրության համաձայն այդ վնասը պետք է հատուցվի պետության հաշվին։
ՀՀ օրենսդրությանը համապատասխան կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած իր որոշումներից մեկում, որով սահմանվել է, որ «Մալեքսի» առողջության կենտրոն» ՍՊԸ-ում ընթացող շինարարական աշխատանքների ավարտից հետո ընկերության գույքը առնվազն 5 տարի պետք է օգտագործվի մոր և մանկան հանգստի ծրագրեր իրականացնելու համար։
ՀՀ օրենսդրությանը համապատասխան կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում է տվել ՀՀ քսաներկու քաղաքացու։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ