ուրբաթ, 20 նոյեմբերի 2009
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Յալթայում։ ԱՊՀ անդամ պետությունների կառավարություննների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցող պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ, Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք։
Այսօր Ուկրաինայի Յալթա քաղաքի «Լիվադիա» պալատում գումարվել է ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը։
Համաձայն ձևավորված ավանդույթի` ԱՊՀ կառավարական պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է հյուրընկալ երկրի կառավարության ղեկավարը` Ուկրաինայի վարչապետ Յուլյա Տիմոշենկոն։ Դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով հանդիպում, որը շարունակվել է ընդլայնված կազմով` «1+5» ձևաչափով։
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում քննարկվել են ավելի քան երկու տասնյակ փաստաթղթերի նախագծեր, որոնք ուղղված են ԱՊՀ անդամ-երկրների միջև համագործակցության ակտիվացմանն ու խորացմանը տնտեսական և հումանիտար ոլորտներում, միգրացիոն քաղաքականության, անվտանգության ապահովման հարցերում։
Կառավարությունների ղեկավարները մեկօրյա հանդիպման շրջանակներում քննարկել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաճամից դուրս գալու և դրա բացասական հետևանքների հաղթահարման ուղղությամբ ԱՊՀ անդամ-պետությունների կողմից համատեղ միջոցառումների ձեռնարկման մասին որոշման նախագիծը։ 2009-2010 թվականներին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության մեղմացման ուղղությամբ նախատեսված համատեղ միջոցառումների ծրագիրը կազմվել է ԱՊՀ անդամ-պետությունների առաջարկությունների հիման վրա և պարունակում է ոլորտում վարվող համաշխարհային քաղաքականության հիմքում ընկած մեխանիզմներ, որոնք ուղղված են փոխադարձ առևտրում արգելքների հաղթահարմանը և անդամ-պետությունների ներքին շուկաների պաշտպանության գործում ուժերի կոորդինացմանը։ Նիստում մի շարք առաջարկներ են հնչեցվել ֆինանսատնտեսական գործունեությունն առավել թափանցիկ դարձնելու վերաբերյալ, որոնք կարող են իրագործվել գնային կարգավորումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, սոցիալական և ենթակառուցվածքային շուկաներում մրցակցության շնորհիվ։ Քննարկվել է նաև առավել ցածր եկամուտ ունեցող անդամ-պետություններին աջակցության միջոցառումների ձեռնարկման հարցը։
Քննարկվել են նաև էներգետիկայի ոլորտում ԱՊՀ անդամ-պետությունների համագործակցության հայեցակարգի նախագիծը և դրանից բխող առաջնահերթ միջոցառումների ծրագիրը։ Հայեցակարգը մշակված է ԱՊՀ տարածքում մինչև 2020 թվականը տնտեսական զարգացման ռազմավարության իրագործման առաջին փուլի` 2009-2011 թվականների միջոցառումների ծրագրի հիման վրա։ Հայեցակարգի նախագիծը վերաբերում է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդհանուր նպատակներին ու խնդիրներին, սկզբունքներին և մեխանիզմներին։
Կառավարությունների ղեկավարները քննարկել են նաև «Ազգային էլեկտրաէներգետիկ համակարգերի էլեկտրահաղորդման միջպետական ուղիների շահագործման ոլորտում համագործակցության» և «ԱՊՀ մասնակից պետությունների տարածքով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների համաձայնեցված զարգացման» վերաբերյալ համաձայնագրերը։ Վերջինիս մշակման կարևորությունը բխում է միջազգային տրանսորտային միջանցքների շահագործման արդյունավետության բարձրացման հարցում համաձայնեցված քաղաքականության անհրաժեշտությունից։
ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների ուշադրության կենտրոնում են նաև ԱՊՀ տարածքում նորարարական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության մարմնի ստեղծման, հեղինակային իրավունքի ազգային բազայի և տեղեկատվության փոխանակման գործում համագործակցության ձևավորման, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ համակարգված պայքարի հարցերը։
Նիստում կայացվել է ԱՊՀ երկրներում պատերազմի վետերանների, լոկալ հակամարտությունների և խաղաղարար առաքելություններին մասնակցած անձանց կյանքի որակի բարելավման 2006-2010 թվականների ծրագրի հաջորդ տարվա ֆինանսավորման վերաբերյալ որոշում։ Ուշադրության են արժանացել անդամ-պետությունների կողմից տարվող միգրացիոն քաղաքականության, ավիացիոն միջադեպերի քննության, հակաօդային պաշտպանության, հարկային (ֆինանսական) հետաքննությունների գծով փոխգործակցության հարցերը։
Որոշվել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Մոսկվայում 2010 թվականի մայիսի 21-ին։
Հյուրերը մասնակցել են Ուկրաինայի վարչապետի անունից տրվող պաշտոնական ճաշին և ընդունելությանը` ի պատիվ ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների։
Այսօր երեկոյան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երևան։