ուրբաթ, 20 նոյեմբերի 2009
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր Սիմոնյանը։
Հանձնաժողովը քննարկել է 9 բարեգործական ծրագիր։ Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող`
- Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնակի վերանորոգման,
- Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արծնի գյուղի համայնքային կենտրոնի հիմնանորոգման նախագծման,
- Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիտավան գյուղի ջրատարի վերակառուցման ծրագրերը,
- Կամիլիանների միաբանության «Սուրբ Կամիլլո» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը, որի նպատակը 2010-2012 եռամյակի ընթացքում Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցի և կից 21 ամբուլատորիաների միջոցով տարածարջանի բնակչությանը առողջապահական ծառայությունների մատուցումն է ու կարիքավորներին մարդասիրական օգնության տրամադրումը,
- Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի կողմից իրականացվող «2010 թվականի ընթացքում երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցություն» ծրագիրը,
- «Շիրակ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արփենի և Թորոսգյուղ համայնքների մշակույթի տան տանիքի հիմնանորոգման և թիթեղապատման աշխատանքների ծրագրերը,
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Սևանի Վազգենյան դպրանոցի հին մասնաշենքի նորոգման» ծրագիրը,
- «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցի վերակառուցում» ծրագիրը,
- «Քարավան 88» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Վեց համայնքների հզորացում` երկրորդ փուլ» ծրագիրը։
Նիստում քննարկվել և հաստատվել են նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր։