երկուշաբթի, 23 նոյեմբերի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ողջունել է «Ֆրութֆուլ Արմենիա» համաժողովի մասնակիցներին
Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Ֆրութֆուլ Արմենիա» հոբելյանական 5-րդ համաժողովին, որը տեղի է ունեցել «Մարիոթ Արմենիա» հյուրանոցային համալիրում։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին և համաժողովը համարելով խիստ կարևոր և խորհրդանշական, ՀՀ կառավարության ղեկավարը նշել է.
«Հինգերորդ հոբելյանական մեր հանդիպումը վկայում է այն մասին, որ «Ֆրութֆուլ Արմենիա» համաժողովներն արդյունավետ են։ Խորհրդանշական է հանգամանքը, որ հինգերորդ հանդիպումը նվիրված է տաղանդավոր երիտասարդներին, որոնք ասելիք ունեն։ Մենք չափազանց կարևորում ենք գյուղատնտեսության ոլորտում նորամուծությունների և նորարարության գաղափարները, որոնք առաջ կքաշեն մեր տաղանդաշատ երիտասարդները` հաշվի առնելով նաև միջազգային փորձը։ Մենք պատրաստ ենք աջակցել, սատարել ձեզ այդ աշխատանքում, քանի որ թարմ գաղափարների կարիք ունենք»։
«Ֆրութֆուլ Արմենիա» հոբելյանական 5-րդ համաժողովն անցկացվում է ս. թ. նոյեմբերի 23-24-ին, Երևանում։