երեքշաբթի, 24 նոյեմբերի 2009
Կառավարության ղեկավարի հյուրն էր Վերակառուցման և զարգացման բանկի Հարավարևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի երկրների գլխավոր տնօրեն Օլիվյե Դեկամպը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման բանկի Հարավարևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի երկրների գլխավոր տնօրեն Օլիվյե Դեկամպի գլխավորած պատվիրակությանը։
Պարոն Օլիվյե Դեկամպը բարձր է գնահատել ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային քաղաքականությունը և վարչապետ Տիգրան Սարգսյանի բյուջեի վերաբերյալ ելույթը Ազգային ժողովում։ Նա նշել է, որ ընթացիկ տարում ՎԶԵԲ-ը նախատեսել է իրականացնել 150 միլիոն դոլարի ներդրումներ, ինչը ՎԶԵԲ-ի ղեկավարի խոսքով պատմական ռեկորդ է։ Նա Հայաստանում իրականացվող բարեփոխումները գնահատել է շատ համարձակ և նշել, որ բանկը հետաքրքրված է կենսաթոշակային ու ապահովագրական հիմնադրամների ստեղծմամբ։ Ի թիվս այլ ծրագրերի, նշվել է նաև, որ ՎԶԵԲ-ը շարունակելու է աջակցել փոքր ու միջին ձեռնարկատերերին էներգիայի արդյունավետ օգտագործման ոլորտում։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նախագծին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման գործում ՎԶԵԲ-ի հնարավոր մասնակցության վերաբերյալ։