երեքշաբթի, 27 մայիսի 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը
Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 85-ամյակի առթիվ
Սիրելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ Անկախության օրվա՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 85-ամյակի առթիվ: Հաղթանակ, որը հնարավոր դարձավ իր անկախ պետականությունը վերականգնելու համար ոտքի ելած մեր ազգի հավաքական կամքի ու մեր նշանավոր զորավարների և շարքային մարտիկների անձնազոհ պայքարով: 85 տարի առաջ, մայիսյան այս օրերին, Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում թուրք զավթիչների դեմ մղված հերոսամարտը Հայոց պատմության հաղթական, փառավոր դրվագներից են: Ու թեև համազգային այդ սխրանքի շնորհիվ վերականգնված մեր պետականությունը՝ Հայաստանի առաջին հանրապետությունը, երկար չգոյատևեց, բայց անկախության և ազատության գաղափարը չմարեց և սերնդեսերունդ փոխանցվելով՝ իր փայլուն դրսևորումն ունեցավ 80-ականների վերջին: Այսօր՝ նորօրյա մեր հաղթանակների արդյունքում ծնված անկախ Հայաստանի Հանրապետությունն արդեն 12 տարեկան է: Համոզված եմ, որ ոչ մի ժամանակավոր դժվարություն, ոչ մի խոչընդոտ չի կարող արժեզրկել անկախության գաղափարը, և մենք միասնաբար կպահպանենք ու կամրապնդենք ձեռք բերածը:
Սիրելի հայրենակիցներ
Շնորհավորելով Անկախության օրվա առթիվ, վստահ եմ, որ 85 տարի առաջ՝ մայիսյան այս գեղեցիկ օրը ծնունդ առած և այսօր շարունակվող մեր անկախ պետականությունն այլևս կորստի վտանգ չի ունենալու և պատմության մեջ նրա երթն այսուհետ լինելու է հարատև ու վերընթաց: