չորեքշաբթի, 9 դեկտեմբերի 2009
Վարչապետն ամփոփ ներկայացրել է ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությունը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված համաժողովին, որը կազմակերպել են ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիրը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի և ՀՀ գլխավոր դատախազության հետ համատեղ։
Իր ելույթում կառավարության ղեկավարը մասնավորապես նշել է. «Ինչպիսի՞ն է մեր կառավարության ռազմավարությունն այս չարիքի դեմ պայքարելու համար։ Այն պայմանականորեն բաժանում եմ երեք կարևոր հատվածների. առաջինն իշխանավորներն են` ես և իմ գործընկերները։ Եթե մենք առաջին հերթին խստապահանջ չլինենք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, ապա ակնհայտ է, որ կոռուպցիոն երևույթների դեմ պայքարելը կլինի չափազանց դժվար կամ անհնարին։ Երկրորդ կարևորագույն ուղղությունը կառուցվածքային բարեփոխումներն են, որ առնչվում են պետական կառավարման մարմիններին։ Հակակոռուպցիոն մեր պայքարի երրորդ ուղղությունը հասարակական տրամադրություններն են։ Մենք կարիք ունենք լուրջ փոփոխությունների, որովհետև արձանագրում ենք, որ հասարակությունն ագրեսիվ չի պայքարում կոռուպցիոն երևույթների դեմ։ Մեր հասարակությունը հանդուրժողական է կոռուպցիայի նկատմամբ»։
Միջոցառման մասնակիցներին ներկայացվել են ՀՀ կառավարության կողմից ընդունված «Հակակոռուպցիոն ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը», «Դատախազությունն ընդդեմ կոռուպցիայի» վերջերս հրատարակված գիրքը, ինչպես նաև Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի գործունեությունը Հայաստանում։ Համաժողովի ընթացքում հրապարակվել են նաև այս տարվա աշնանը հանրապետության բնակչության շրջանում անցկացված կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտության արդյունքները, որը կազմակերպել էր Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը։