ուրբաթ, 11 դեկտեմբերի 2009
Վարչապետը հանդիպել է Լատվիայի նախագահի հետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երևանում, Լատվիայի Հանրապետության նախագահի կեցավայրում հանդիպում է ունեցել և նախաճաշել է նախագահ Վալդիս Զատլերսի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լատվիական հարաբերությունների զարգացմանը, քաղաքական երկխոսությունից տնտեսական ակտիվ համագործակցության անցնելու և տարբեր բնագավառներում փոխգործակցության հնարավոր ուղիներին առնչվող հարցեր։
Այդ համատեքստում զրուցակիցները կարևորել են փոխադարձ շփումների և գործարար կապերի հաստատումը, երկու երկրների գործարար շրջանակների համար խրախուսական քաղաքականություն վարելուն միտված քայլերի ակտիվացումը, հույս հայտնել, որ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար լավ նախադրյալներ կստեղծի Երևանում անցկացվող հայ-լատվիական գործարար համաժողովը։
Երկկողմ տնտեսական հարաբերությունների մեկնարկի համար հեռանկարային են համարվել համագործակցությունը առևտրի, զբոսաշրջության, շրջակա միջավայրի պահպանության, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության բնագավառներում։ Կարևորվել են նաև մշակութային կապերի աշխուժացումը, որը լավ հիմք կհանդիսանա երկու ժողովուրդների միջև ձևավորված ջերմ հարաբերություններին նոր որակ հաղորդելու գործում, ինչպես նաև միջբուհական, գիտակրթական կապերի հաստատումն ու փորձի փոխանակումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։
Հանդիպումն անցել է ջերմ բարեկամական մթնոլորտում։