չորեքշաբթի, 16 դեկտեմբերի 2009
Վարչապետի այցը Լոռու մարզ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մեկնել է Ախթալա քաղաք և Բարիտ թաղամասում մասնակցել գազատարի բացմանը, որն ուղեկցվել է խորհրդանշական ջահը վառելու ավանդական արարողությամբ։ Թաղամասի գազիֆիկացումը կատարվել է ՀՀ կառավարության և «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի աջակցությամբ։
Այնուհետև Տիգրան Սարգսյանը մասնակցել է Ախթալայի թիվ 1 միջնակարգ դպրոցը ականավոր պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի պատվին անվանակոչելու հանդիսավոր միջոցառմանը։ Շուրջ 130 աշակերտ ունեցող այս ուսումնական հաստատությունը հիմնանորոգվել է երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ։ Հյուրերը շրջել են կրթարանում, ծանոթացել դպրոցի շենքային պայմաններին և համակարգչային դասարանի հնարավորություններին։
Դպրոցում կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին է հանձնվել Ախթալա քաղաքի «Ոսկե նուռ» շքանշանի առաջին օրինակը։
Տիգրան Սարգսյանը և Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի անդամները բացել են լուսահոգի վարչապետի հուշատախտակը։ Միջոցառումը շարունակվել է Անդրանիկ Մարգարյանի կյանքի և գործունեության մասին պատմող ֆիլմի ցուցադրությամբ։