Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 17 դեկտեմբերի 2009

Կառավարության արտագնա նիստն Արմավիրի մարզում


Այսօր Արմավիրի մարզում, Սարդարապատի հուշահամալիր-թանգարանի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարության ղեկավարը մինչ այդ Արմավիր քաղաքում մասնակցել է բնակարանամուտի արարողությանը. «Արմավիրի մարզում մեր արտագնա նիստը սկսեցինք տոնական տրամադրությամբ, քանի որ պաշտպանության նախարարության կողմից այսօր բնակարաններ հանձնվեցին զինծառայողներին և դա, բնականաբար, ոգևորում է մեզ, որ փուլ առ փուլ զինծառայողներին կարողանում ենք ապահովել բնակարաններով, և նույնիսկ այս ճգնաժամի պարագայում էլ այդ կարևորագույն խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է։ Փոխվարչապետի հետ այցելեցինք նաև շինարարական հրապարակներ, որտեղ մեծ թափով ոռոգման համակարգը վերակառուցելու աշխատանքներ են կատարվում։ Արձանագրում ենք, որ այդ բնագավառում բավականին լուրջ հաջողություններ ունենք, որովհետև, ըստ գերմանական փորձագետների, ծրագիրը բավականին որակով և արդյունավետ է իրականացվում։ Միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակությամբ լուրջ ներդրումներ են կատարվում, և շուրջ 84 կմ ոռոգման համակարգ կունենանք։ Այսինքն, երկու տարի հետո, այս ոռոգման համակարգի շնորհիվ Արմավիրի գյուղատնտեության ոլորտում որակապես նոր միջավայր է ձևավորվելու։ Ուրախալի է, որ հազարից ավելի աշխատողներ այսօր ոռոգման համակարգի շինարարական աշխատանքներին մասնակցում են, և ինչպես մեր շինարարները հավաստիացրեցին, նվազագույն աշխատավարձը 120 հազար դրամ է, ինչը վատ չէ», - ասել է վարչապետը։
Արտագնա նիստերի անցկացման ձևավորված ավանդույթի համաձայն կառավարությունը լսել է ՀՀ Արմավիրի մարզպետի 2009թ. կատարած աշխատանքների և մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին հաշվետվությունը։
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կառավարության անդամների ուշադրությանն է ներկայացրել գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի, արդյունաբերության և ենթակառուցվածքների բնագավառներում կատարված աշխատանքներն ու առկա հիմնախնդիրները, անդրադարձել առողջապահության, սոցիալական ապահովության, կրթության, տեղական ինքնակառավարման և սոցիալ-տնտեսական զարգացման հրատապ հարցերին, պատասխանել վարչապետի և նիստի մասնակիցների հարցերին։ Կառավարությունն ի գիտություն է ընդունել մարզպետի հաշվետվությունը, բարձրացրած հարցերի վերաբերյալ լսել է նախարարների պարզաբանումները։ Առանձնացվել են մարզին բնորոշ լուծում պահանջող հիմնախնդիրները, որոնք հիմնականում առնչվում են քաղաքաշինությանն ու դպրոցաշինությանը։
Սոցիալ-տնտեսական իրավիճակն Արմավիրի մարզում ընդհանուր առմամբ, գնահատվել է բարվոք։
Մեկ այլ` արձանագրային որոշմամբ ի գիտություն է ընդունվել Արմավիրի մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքների մասին հաղորդումը, որով հանդես է եկել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը։

Մարզային հիմնախնդիրների քննարկում

Կառավարության նիստում մարզի ոռոգման համակարգերի հիմնախնդիրների վերաբերյալ զեկույցը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը։ Գյուղատնտեսական նշանակությամբ առավել խոշոր այս մարզի ընկերությունները սպասարկում են 4310 կմ ներտնտեսային ոռոգման ցանցեր, տարեկան հատկացվում է 2.5 մլրդ դրամ սուբսիդիա, սակայն դեռևս առավել բարդ խնդիր են ջրի մեծաքանակ կորուստները, ինչը կազմում է շուրջ 50 տոկոս։ Ջրամատակարարման արդյունավետ կազմակերպման և ջրի կորուստները կրճատելու համար կառավարության և ՀԲ-ի աջակցությամբ վերակառուցվել է 90 կմ ներտնտեսային ցանց։ Մարզը սնող հիմնական մայր ջրանցքների տեխնիկական վիճակը բարելավելու համար սկսվել է ոռոգման համակարգերի հրատապ վերականգնման ծրագիր, որով ամբողջությամբ վերականգնվելու են Թալինի և Արմավիրի մայր ջրանցքների համակարգերը։
Այնուհետև կառավարությունը լսել է հանրապետությունում հակակարկտային աշխատանքների զարգացման մասին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի զեկույցը։ Ներկայացված մտահոգությունները խնդրահարույց են թե’ հանրապետության մյուս մարզերի, և թե’ Արմավիրի համար, որտեղ ևս, չնայած ձեռնարկված միջոցառումներին, հաճախակի դարձած կարկուտների հասցրած վնասը դեռևս մեծ է, կորուստները` շատ։ Շարունակելով 2005թ.-ից սկսած և 2008-ին հաստատած` ՀՀ տարածքում մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության համակարգ ստեղծելու ծրագրերի իրականացումը, գործադիրը մտադիր է այդ նպատակով առաջիկա երեք տարիների ընթացքում ծախսել շուրջ 2 մլրդ դրամ, ակնկալելով, որ բնական արհավիրքի դեմ արդյունավետ պայքարի շնորհիվ տարեկան կտնտեսվի ավելի քան 15 մլրդ դրամ։
Ի գիտություն ընդունելով վերոհիշյալի վերաբերյալ զեկույցը, կառավարությունը հաջորդիվ հավանություն է տվել Արմավիրի մարզի մշակութային հիմնախնդիրների լուծմանն ուղղված գործողությունների եռամյա ծրագրին։ Հաստատված ժամանակացույցում արձանագրվել է հիմնախնդիրների մի մասը, որոնք հրատապ լուծում են պահանջում։ Դրանց թվում են Այգեշատ գյուղի 7-րդ դարի Թարգմանչաց (Սբ. Աստվածածին) եկեղեցին, Ջրառատի համայնքի վարչական տարածքում գտնվող ուրարտական քաղաքատեղին, Էջմիածնի պատկերասրահը, «Մեծամորի» արգելոց թանգարանը, գյուղական մի շարք մշակույթի տներ և երաժշտական դպրոցներ, որտեղ կիրականացվեն նորոգման և բարեկարգման աշխատանքներ, իսկ համալիր լուծում պահանջող հիմնախնդիրները կընդգրկվեն ՀՀ Արմավիրի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում։

Միջազգային համագործակցություն

2009թ. պետական բյուջեում վերաբաշխում և համապատասխան որոշման մեջ փոփոխություն կատարելով, 2009թ. հունիսի 9-ին Մոսկվայում ստորագրված Եվրասիական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամին Հայաստանի Հանրապետության բաժնեմասի վճարումն ապահովելու նպատակով կառավարությունը հատկացրել է 100.0 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար։ Դիմելով ներկաներին, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Հարգելի գործընկերներ, այս որոշումը բխում է մեր վերջին` սանկտպետերբուրգյան հանդիպումից, երբ ԵվրԱզԷՍ-ի շրջանակում քննարկվում էր հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների օգտագործման խնդիրը։ Անհրաժեշտություն կա արագացնել այս գործընթացը, որովհետև մենք այնտեղ ունենք առնվազն 9 մլրդ դրամի ֆինանսական միջոցներ, որոնցից դեռևս չենք օգտվել։ Իսկ ֆորմալ պահանջն այն է, որ մասնակից բոլոր երկրներն իրենց առաջին հատկացումները պետք է իրականացնեն, որից հետո միայն հնարավոր կլինի կազմակերպել ֆինանսների նախարարների հավաքը։ Նրանք էլ պետք է այդ միջոցները ծախսելու ռազմավարություն որոշեն։ Մենք արդեն ներկայացրել ենք վարկային փաթեթ, թե ինչ ծավալի և ինչպիսի միջոցներ են անհրաժեշտ Հայաստանի Հանրապետությանը։ Այս գումարի հատկացումից հետո միայն հնարավոր կլինի, որպեսզի ֆինանսների նախարարներն իրավաբանորեն հնարավորություն ունենան հաստատելու ռազմավարությունը»։
Եվրոպական հարևանության շրջանակում ՀՀ մաքսային ծառայության և Եվրոպական Միության տարբեր կառույցների միջև համագործակցությունը ակտիվացնելու և կարգավորելու նպատակով գործադիրը որոշել է Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից ստեղծել Եվրոպական Միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդի հաստիք և հաստատել մաքսային կցորդի կանոնադրությունը։
«Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն գործադիրը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև օդային հաղորդակցության մասին» համաձայնագիրը ստորագրելու առաջարկությանը։ 1993թ. օգոստոսի 24-ին Աշգաբատ քաղաքում ստորագրված և 1996թ. մարտի 1-ին ուժի մեջ մտած և առ այսօր գործող համաձայնագիրը վերանայելու անհրաժեշտությունն առաջացել է միջազգային օդային հաղորդակցությունների նկատմամբ նոր, փոփոխված պահանջները կյանքի կոչելու նպատակով։ Համաձայնագիրը բաղկացած է 25 հոդվածից, նախագծում ներառվել են թռիչքային անվտանգությանը վերաբերող դրույթներ, որոնք բխում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) կողմից մշակված պահանջներից։


Ստեղծվել է միգրացիոն պետական ծառայություն


Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը և ՀՀ նախագահի 2009թ. նոյեմբերի 18-ի հրամանագիրը, կառավարությունը որոշել է ստեղծել «ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ` նախարարության աշխատակազմի վերակազմակերպման եղանակով, հաստատել միգրացիոն պետական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը։
Մի քանի այլ որոշումներով փոփոխություններ և լրացումներ են կատարվել համապատասխան որոշումներում, ապահովելու համար նորաստեղծ պետական կառավարչական հիմնարկի բնականոն գործունեությունը։

Բարեփոխումներ գնումների համակարգում

Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2008թ. հունիսի 5-ի թիվ 853-Ն որոշման մեջ, որոշման նախագծի ընդունումը հիմնավորելով գնումների համակարգի բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված և կարգավորման ենթակա միջոցառումների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Բովանդակային փոփոխություններ են կատարվել գնումների համակարգը կանոնավորող կարգերի մեջ, մի շարք դրույթներ շարադրվել են նոր խմբագրությամբ, սահմանվել է, որ հանրապետական գործադիր մարմնում սույն որոշմամբ նախատեսված պատվիրատուի ղեկավարի լիազորություններն իրականացնում է աշխատակազմի ղեկավարը։
«Նոր հայեցակարգը, որ մենք հաստատել ենք, ենթադրում է, որ նախարարությունների դերակատարությունը գնումների բոլոր գործընթացներում շեշտակիորեն ավելանում է։ Գնումների գործակալությունն ընդամենը հարթակ է, որտեղ առաջարկը և պահանջարկը պետք է իրար հանդիպեն, և այսուհետև ճիշտ ընտրության համար պատասխանատվությունն ընկնելու է նախարարությունների վրա։ Նախարարություններն իրենք են սահմանում որակական չափանիշները, գնումներին ներկայացվող պահանջները, և իրենք էլ հնարավորություն ունեն վերահսկելու այս գործընթացը։ Դրա համար պետք է խնդրեմ, որպեսզի այսուհետև ձեր անձնական հսկողության տակ պահեք գնումների գործընթացը։ Ցավոք, Վերահսկիչ պալատը մեզ ներկայացնում է տվյալներ, որոնք լուրջ խնդիրներ են մատնանշում այստեղ։ Մասնավորապես, մենք գնումների եղանակով ձեռք ենք բերում ապրանքներ և ծառայություններ, որոնք ավելի թանկ են, քան մեծածախ շուկայում առաջարկվող ապրանքների գները, ինչը խայտառակություն է։ Ուղղակի, այդպիսի բան պետք է չլինի, և եթե նախարարները այս խնդիրը վերցնեն իրենց անմիջական վերահսկողության տակ, ես համոզված եմ, որ այսպիսի երևույթներ այլևս տեղ չեն գտնի մեր պրակտիկայում։ Փաստորեն, այս որոշումը նոր քայլ է։ Մենք հստակեցնում ենք բոլոր գործընթացները, և բոլոր այն մտահոգությունները, որ ունեին մեր նախարարները, այս նախագծում հաշվի են առնվել։ Այսինքն, այսուհետև լիակատար հնարավորություն է տրվում նախարարություններին վերահսկել այս գործընթացները», նշել է կառավարության ղեկավարը։


Ներդրվում է հարկային ստուգումների նոր համակարգ

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի երրորդ մասին համապատասխան կառավարությունը որոշել է հաստատել հարկային մարմնի կողմից ռիսկային չափանիշների հիման վրա պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի կիրառման կարգը` համաձայն հավելվածի։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2010թ. հոկտեմբերի 1-ից և կվերաբերի այդ ամսաթվից հետո հրապարակված ստուգման հանձնարարագրերով իրականացվող ստուգումներին։ Նոր համակարգի ներդրումը պայմանավորված է հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011թթ. ծրագրով նախատեսված գործողությունների իրականացմամբ։ Նպատակը հարկային ստուգումների նոր քաղաքականության ներդրումն է, որը հնարավորություն կտա կրճատել հարկերի հավաքագրման ծախսերը, նպատակային և հասցեական օգտագործել հարկային ռեսուրսները, ապահովել ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության օբյեկտիվությունը, կրճատել հարկ վճարող և հարկային մարմին շփումները։


Փոփոխություններ որոշումներում

Կառավարությունը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2009թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին N 40-Ն որոշման մեջ։ Մասնավորապես, ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի համաձայն ներկայացվող ազգային զեկույցի հաստատման ժամկետը ս.թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակից տեղափոխվել է ս.թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ` հասարակական կազմակերպությունների հետ պատշաճ քննարկումներ կազմակերպելու նպատակով։
Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների փորձնական ծրագրի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու համար, հիմք ընդունելով 2009թ. արդյունքները, գործադիրը որոշել է ծրագիրը շարունակել նաև 2010 թվականին, այդ նպատակով փոփոխություններ և լրացում կատարելով 2008թ. հունիսի 12-ի N 706-Ն որոշման մեջ։
Կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և որոշել այն սահմանված կարգով ներկայացնել ՀՀ Ազգային Ժողով։ Փոփոխությամբ նախատեսվում է ավիափոխադրումների տոմսերի մեջ ներառված պետական տուրքի գումարները պետական բյուջե փոխանցելու ժամկետը 3 բանկային օրվա փոխարեն թույլատրել իրականացնել թռիչքի օրվան հաջորդող 10 բանկային օրվա ընթացքում։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը, փոփոխություն կատարելով իր նախկինում ընդունած որոշման մեջ, վերաբաշխում է կատարել 2007թ. պետական բյուջեում, կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և ՀՀ պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1004-Ն որոշման մեջ «ՀՀ Արմավիրի մարզի Շենիկի գյուղական համայնքում» բառերը փոխարինելով «ՀՀ Արմավիրի մարզի Բագարանի գյուղական համայնքում» բառերով։ Բանն այն է, որ Շենիկի գյուղական համայնքին հատկացված գումարով փորված խորքային հորը իրականում գտնվում է Բագարանի գյուղական համայնքի վարչական տարածքում։ Հատկանշական է, որ նշված խորքային հորի հորատումով լուծվել է ինչպես Բագարանի, այնպես էլ Շենիկի գյուղական համայնքների հողերի ոռոգման խնդիրները։

Այլ որոշումներ

Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում նավիգացիոն համակարգերի ներդրման և մշտական գործող ՋԻՊԻԷՍ/GPS (գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգ) ռեֆերենց կայանների ցանցի ստեղծման հայեցակարգը։
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան կառավարությունը որոշել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին 2009թ. 4-րդ եռամսյակում հատկացնել 759.0 հազար դրամ` ՀՀ Ազգային Ժողովի 2009թ. դեկտեմբերի 9-ի որոշումներով ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի չորս ընտրված անդամների վարձատրության ծախսերը ապահովելու նպատակով։
ՀՀ մարզերում մկնանման կրծողների դեմ պայքարի նպատակով անհրաժեշտ թմրանյութերի ձեռք բերման նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը 2009թ. 4-րդ եռամսյակում հատկացվել է 36679,5 հազար դրամ, «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ին բյուջետային վարկ տրամադրելու մասին որոշմանը համապատասխան 2009թ. պետբյուջեում կատարվել է վերաբաշխում։
Կառավարությունը «Բեկոր» փակ բաժնետիրական ընկերությանը թույլատրել է 2010 թվականին Հայաստանի Հանրապետություն ներմուծել 11 անվանում պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ` որոշակի չափաքանակներով։ Համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարվել է սահմանված կարգով ապահովել ներմուծվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը։
Հիմք ընդունելով «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածները, կառավարությունը որոշել է 2010թ. ապրիլի 5-ի, հուլիսի 12-ի, օգոստոսի 16-ի և սեպտեմբերի 13-ի աշխատանքային երկուշաբթի օրերը համապատասխանաբար տեղափոխել 2010թ. ապրիլի 10-ը, հուլիսի 17-ը, օգոստոսի 21-ը և սեպտեմբերի 18-ը` շաբաթ օրերը։
Մեկ այլ որոշմամբ 2010թ. հունվարի 8-ի աշխատանքային ուրբաթ օրը տեղափոխվել է 2009թ. դեկտեմբերի 26-ը` շաբաթ օր։
ՀՀ կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում է տվել հանրապետության միջնակարգ դպրոցներում և արտասահմանյան ուսումնական հաստատություններում սովորող ութ քաղաքացու։

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ