հինգշաբթի, 17 դեկտեմբերի 2009
Բնակարանամուտ Արմավիրում
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մասնակցել է Արմավիր քաղաքում պաշտպանության նախարարության զինծառայողների համար ծառայողական բնակելի շենքի հանդիսավոր բացման արարողությանը։ Անցյալ տարվանից իրականացված աշխատանքների համար պետական բյուջեից ծախսվել է շուրջ 250 մլն դրամ։ Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանի օրհնությամբ բացված շենքն ունի 16 բնակարան։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կիսել է բնակարանամուտի առթիվ սպաների ոգևորությունը` բնակարանաշինությունը համարելով փոքրիկ հաղթանակ ճգնաժամի պայմաններում։ Շնորհավորանքի խոսքում վարչապետն ընդգծել է. «Մենք պարտավոր ենք լուծել մեր բանակի սպայական անձնակազմի սոցիալական խնդիրները։ Սա կառավարության կարևորագույն պարտավորություններից մեկն է, որպեսզի դուք միշտ զգաք, որ ամուր թիկունք ունեք։ Դեռ շատ անելիքներ կան, և հազարավոր ընտանիքներ բնակարանի կարիք ունեն։ Դա կառավարության համար գերակայություն է, և առաջին հերթին մեր թիրախային խումբը պետք է լինեն երիտասարդ նորակազմ ընտանիքները», նշել է Տիգրան Սարգսյանը, նկատի ունենալով նաև բանակում առկա բազմաթիվ նորաստեղծ ընտանիքներին։