երեքշաբթի, 22 դեկտեմբերի 2009
Վարչապետը պարգևատրել է էներգետիկներին
Իրան-Հայաստան գազատարի կառուցման ավարտի և էներգետիկի մասնագիտական օրվա առթիվ ոլորտի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և խրախուսվել վարչապետի շնորհակալագրով։ Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիսավոր պայմաններում անձամբ է նրանց հանձնել պարգևները։
Խոսելով էներգետիկայի բնագավառում ձեռքբերումների և ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին` կառավարության ղեկավարն ասել է. «Այսօր այս դահլիճում հավաքվել են մարդիկ, ովքեր մեծ ներդրում ունեն ոլորտում։ Համակարգի առջև համարձակ խնդիրներ են դրված. դա ե՛ւ ատոմակայանի նոր բլոկի կառուցումն է, որը որակապես կփոխի իրավիճակն էներգետիկայում և կունենա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական մեծ բովանդակություն, ե՛ւ ջերմաէլեկտրակայանի կառուցումը, որը հաջողությամբ մոտենում է ավարտին, ե՛ւ մյուս նոր ծրագրերը»։
Բարձր գնահատելով էներգետիկների աշխատանքը, վարչապետը վստահեցրել է, որ կառավարությունը մշտապես օժանդակելու է բոլոր ծրագրերի իրականացմանը, այնուհետև շնորհավորել է նրանց գալիք Նոր տարվա կապակցությամբ և մաղթել, որ 2010 թվականը լինի զարգացման և հաջողությունների տարի։