հինգշաբթի, 24 դեկտեմբերի 2009
Ատոմային նոր էներգաբլոկի ստեղծումը թևակոխում է նոր փուլ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության այս տարվա վերջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Հաստատվել են միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները
Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2010թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և հանրապետական գործադիր մարմինների 2010թ. գերակա խնդիրները, դրանց հիմնավորումները։ Ծրագրում ներառվել է 179 կետ, գերակա խնդիր է համարվել 80-ը։ Դրանցից են ժողովրդագրական ակտիվ քաղաքականության, կենսաթոշակային և բարձրագույն կրթության բարեփոխման, տարածքների համաչափ զարգացման ռազմավարությունների իրականացումը, ատոմային էներգետիկայի զարգացումը, տնտեսության դիվերսիֆիկացման և արտահանման ներուժի բացահայտման ռազմավարության ներդրումը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից ելքի քաղաքականության ձևակերպումը և այլն։
ՀՀ կառավարությունն ընդունել է «ՀՀ 2010թ. պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և ՀՀ 2010թ. պետբյուջեում վերաբաշխումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը և ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարել անհրաժեշտության դեպքում ևս մեկ անգամ քննարկել այն և լրամշակված տարբերակը ներկայացնել կառավարության աշխատակազմ։ Նախագծով սահմանվել են ՀՀ 2010թ. պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները, ինչպես նաև բյուջեի կատարումն ապահովող միջոցառումները։
Իր նիստում կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2010թ. պետական ծրագրին և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին։ Որոշումն ուղղված է ժողովրդագրական ճգնաժամի հաղթահարմանը և ժողովրդագրական երևույթների բացասական զարգացումների հնարավորինս մեղմմանը։ Կառավարության հավանությանն են արժանացել ՀՀ պետական կառավարման մարմնի աշխատակազմի ներքին գործավարության օրինակելի կարգը և աշխատանքային ծրագրերի կազմման և կատարողականների գնահատման ուղեցույցը, որոնց անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ պետական կառավարման մարմիններում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրման և այդ համակարգով աշխատանքային ծրագրերի կազմման ու աշխատողների կատարողականների գնահատման ապահովմամբ։
Ստեղծվում է «Մեծամորէներգաատոմ» ՓԲԸ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում ատոմային նոր էներգաբլոկ(ներ)ի կառուցման նպատակով ստեղծվող «Մեծամորէներգաատոմ» ՓԲԸ հիմնադիր պայմանագրին և կանոնադրությանը։ Դրանով, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, ավարտվում է այս նախաձեռնության իրավական փուլը և սկսվում գործնական աշխատանքի ժամանակաշրջանը։
Գործադիրը որոշում է ընդունել 2009թ. պետբյուջեում վերաբաշխում և իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ փոփոխություններ կատարելու միջոցով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության որոշ ծրագրերի գծով գոյացած 3,760,518.0 հազար դրամի տնտեսումը տեղափոխել ծախսային այլ հոդված։ Մեկ այլ որոշմամբ գումար է հատկացվել «Ջերմուկի հիվանդանոց» և «Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲԸ-ների մասնաշենքերում ջեռուցման համակարգեր ստեղծելու համար։
Կառավարությունը «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ-ին թույլատրել է որոշակի հայտարարագրերով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2011թ. ապրիլի 30-ը։ Որոշման գործադրումը կնպաստի ընկերությունում եղած աշխատատեղերի պահպանմանը և նորերի ստեղծմանը։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը երեք տարով հետաձգել է «Իսթեյտ մենեջմենթ ընդ ադմինիստրեյշն քամփնի» ՓԲԸ ապրանքների ներմուծման ժամանակ մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարի վճարման ժամկետը, ինչը ընկերությանը հնարավորություն կտա ներմուծել Տաթևի վանքային համալիրի վերականգնման ներդրումային ծրագրով նախատեսված սարքավորումները։
Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների, ինչպես նաև որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար ՀՀ կառավարության 2009թ. մրցանակների շնորհման առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է մեկ անգամ ևս քննության առնել հաղթողներին որոշելու մեթոդաբանությունը, ստեղծել պայմաններ, որպեսզի հաշվի առնվեն հասարակական կազմակերպությունների առաջարկությունները։
Կառավարությունը երեք որոշում է ընդունել, որոնք առնչվում են Երևանի քաղաքաշինական ծրագրերի իրականացման ժամանակ բացառիկ` հանրային շահ ճանաչելու խնդրին։
Իր ընդունած երկու որոշմամբ գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել ավելի վաղ ընդունված որոշումներից մեկում, որի նպատակն է բարձրացնել ՀՀ օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի գանձման և գանձված գումարը պետբյուջե փոխանցելու նկատմամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից իրականացվող հսկողության արդյունավետությունը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում պետտուրքի վճարումը պատվիրակել օդանավակայան շահագործող կազմակերպությանը։
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ենթակայությամբ գործող երկաթուղային տրանսպորտի օբյեկտների, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին սպառնացող քարաթափերի կանխարգելման միջոցառումների ժամանակացույցը։ Մեկ այլ որոշմամբ հաստատվել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և հողային տեսչության կանոնադրությունը։
Կառավարությունը վերանայել է ՀՀ հարկային օրենսգրքի հատուկ մասի նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու ժամկետը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ անհրաժեշտ է տվյալ փաթեթը քննարկել ԱՄՀ-ի, ՀՀ Ազգային Ժողովի, գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ, որպեսզի հստակ լինի, թե կառավարությունը երբ է պատրաստ լինելու կիրառել փաթեթում ներառված իրավական ակտերը։
Օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ինչպես նաև «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» և «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներն ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքների նախագծերին։ Սույն ակտի կիրառման արդյունքում ակնկալվում է հարկման այլընտրանքային համակարգերից աստիճանական անցում ապահովել դեպի հարկման ընդհանուր համակարգ։
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական, ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացում կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը նպատակ ունի կարգավորել խոսքի ազատության չարաշահման հետ կապված հասարակական հարաբերությունները։
ՀՀ կառավարության հավանությունն է ստացել «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրինագիծը։ Դրանով գործադիրն ակնկալում է ՓՄՁ սուբյեկտների դասակարգման չափորոշիչների հստակեցումն ու միասնականացումը, ոլորտին առնչվող վիճակագրության վարման պարզեցումն ու կատարելագործումը։
Կառավարությունը սկզբունքային առարկություն չունի ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ քաղաքացիական դատավարության և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացում կատարելու օրինագծերի փաթեթի վերաբերյալ, սակայն առաջարկում է մի շարք ճշգրտումներ։ Նախագծում առաջ են քաշվել օրենսդրական ճիշտ ձևակերպումների միջոցով նորմերից մի քանիսի կատարելագործման և մարդու իրավունքների պաշտպանության լիարժեք իրականացման հարցեր։ Կառավարությունն առաջարկություններ ունի նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Դրանք ընդունելու դեպքում ընդունելի կհամարվի նաև օրինագիծը, որը նվիրված է գործի վարույթը կասեցնելու հիմքերի սահմանմանը։ ՀՀ կառավարությունն առաջարկել է հետաձգել մեկ այլ օրինագծի` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկումը և դրա լրամշակման հարցում համագործակցել կառավարության հետ։ Առաջարկությունն ուղղված է Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների, ովքեր հեղինակել են օրինագիծը և ում կարծիքով դրա ընդունումը կավելացնի պետբյուջեի եկամուտը, կնվազեցնի կոռուպցիոն ռիսկը։
Նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։
Այլ որոշումներ
Գործադիրը, վերաբաշխում կատարելով 2009թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր նախկին որոշումներից մեկում,
կառավարության պահուստային ֆոնդից 800,000.0 հազար դրամ է հատկացրել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին` ՀԴՄ մեքենաների 2009թ. երրորդ եռամսյակի կտրոնների խմբաքանակներ ունեցող ֆիզիկական անձանց բոնուսի վճարման հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար։
ՀՀ կառավարությունը որոշել է «Մայքրոսոֆթ» ընկերության ծրագրային համակարգի արտոնագրերի ձեռքբերման նպատակով «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 10668.9 հազար դրամ։ Որոշումը բխում է ՀՀ-ում և կրթության ոլորտում չարտոնագրված հեղինակային նյութերի օգտագործման ծավալի նվազեցման և երկրի ներդրումային գրավչության բարձրացման անհրաժեշտությունից։
Նիստում հաստատվել է Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի շրջանակում անցկացված և ծրագրի խորհրդի հավանությանն արժանացած «Ապարանի տարածաշրջանի 10 գյուղերի ջրամատակարարման համակարգերի բարելավում» մրցույթի արդյունքը 495155816,00 ՀՀ դրամ արժեքով` հաղթող ճանաչելով «Ագաթ 777» ՍՊԸ-ն։
Երկու որոշմամբ կառավարությունն իր պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացրել է 2244 եվրոյին համարժեք դրամ «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ին` ՌԴ զորամիավորումների հասցեով միջպետական զինվորական փոխադրումներ իրականացնող օդանավերին ՀՀ օդանավակայաններում մատուցած ծառայությունների դիմաց և «Արմաերո» ՓԲԸ-ին` համանման ծառայությունների համար 6,696,267 դրամ վճարելու նպատակով։
Իր նիստում կառավարությունը սահմանել է զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում շնորհված զինվորական կոչումների, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կոչումների, դատախազության դասային աստիճանների, ինչպես նաև պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին, ուժը կորցրած ճանաչել իր նախկին համապատասխան որոշումը։
Կառավարությունն իր պահուստային ֆոնդից համապատասխանաբար 2680.0 հազար և 2000.0 հազար դրամ է տրամադրել Կարեն Դեմիրճյանի «Գրառումներ օրագրից» և Սոս Սարգսյանի «Մենք ու մերոնք…» գրքերը հրատարակելու, 5200.0 հազար դրամ` «Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ի ստեղծագործական ծրագրերին աջակցելու, 5200.0 հազար դրամ` «ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման համար։
ՀՀ օրենսդրության համաձայն կառավարությունը Չարենցավանի «Ե. Գասոյան և ընկերներ» ՍՊԸ-ին երեք տարի գործողության ժամկետով տվել է հոգեմետ նյութերի բաշխման, բացթողնման և իրացման, «Առողջության զարգացման կենտրոն» ՍՊԸ-ին` վտանգավոր կենսաբանական թափոնների վնասազերծման լիցենզիա։
Գործադիրը մինչև ուսումնառության ավարտը պարտադիր զինվորական զորակոչից տարկետում է տվել ՀՀ երկու քաղաքացու։ Որոշումներն ուժի մեջ են մտնում գրավի պայմանագրերի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։