ուրբաթ, 15 հունվարի 2010
Տիգրան Սարգսյանը շնորհավորել է «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի հաղթողներին և մասնակիցներին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է եղել «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչ խաղին, որին մասնակցում էին ՀՀ պետական կառավարման մարմինների գիտակների թիմերը։ Մրցաշարում առաջին տեղն է զբաղեցրել ՀՀ ֆինանսների նախարարության թիմը, երկրորդը եղել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գիտակները, իսկ երրորդ և չորրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն ու ՀՀ գյուղատնտեսության նախարարության թիմերը։ Շնորհավորելով հաղթողներին` Տիգրան Սարգսյանը մասնավորապես ասել է. «Առաջին հերթին շնորհավորում ենք հաղթողներին` ֆինանսների նախարարության թիմին և մաղթում ենք նորագույն հաջողություններ։ Կարծում եմ, որ այս ինտելեկտուալ խաղում հաղթանակը պիտի ոգևորի ֆինանսների նախարարության ամբողջ կոլեկտիվին, որովհետև ձեր աշխատանքն ինքնին ինտելեկտուալ է։ Սա ազդակ է մեր հասարակությանը, որ մեր ֆինանսների նախարարությունը պատրաստ է նոր մարտահրավերների. կան ինտելեկտուալներ, որոնք կգտնեն լավագույն լուծումները ճգնաժամային իրավիճակներում, երբ պետք են ոչ ստանդարտ լուծումներ, հնարամտություն։ Իհարկե, դա մեզ ոգևորում է»։
Վարչապետը կարևորել է ինտելեկտուալ հետաքրքիր և գեղեցիկ խաղի տարածումը կառավարության ներսում, և նկատել, որ «այդ առումով ՀՀ կառավարությունը դառնում է ինտելեկտուլ շարժման առաջնորդ»։ Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ մրցաշարը դառնալու է ավանդական` ամենամյա պարբերականությամբ, իսկ դրանց հեռարձակումը եթերով ապահովելու է «Արմենիա» հեռուստաընկերությունը։