երեքշաբթի, 19 հունվարի 2010
Հարգանքի տուրք Բաքվի և Սումգայիթի զոհերի հիշատակին
Բաքվում իրականացված հայերի ջարդի 20-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին։ Վարչապետը և նրան ուղեկցող անձինք ծաղկեպսակ են դրել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Հիշատակի խաչքարի առջև այցելուները ծաղկեպսակ են դրել, մեկ րոպե լռությամբ հարգել են անմեղ զոհերի հիշատակը և մասնակցել հոգեհանգստյան արարողությանը։
«Այսօր հիշատակի, մտորումների և դասեր քաղելու օր է մեզ համար, իր ոգեկոչման խոսքում մասնավորապես նշել է Տիգրան Սարգսյանը։ Քսան տարի առաջ մեր հայրենակիցները Բաքվում սպանվել են միայն մի բանի համար, որ նրանք հայ են։ Զոհերի հիշատակը հարգելիս մենք անպայման պետք է շեշտադրենք այս հանգամանքը։ Մտորումները` արդյոք աշխարհով մեկ սփռված հայերն այսօր պաշտպանված են, արդյոք մեր երազանքը` ինքնուրույնաբար տնօրինելու մեր ճակատագիրը, ամբողջությամբ այսօր իրացված է, արդյոք չկան նոր վտանգներ, նոր սպառնալիքներ, և արդյոք մենք երաշխավորված ենք, որ նոր ջարդեր չեն լինելու, որ աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցները չեն հետապնդվելու միայն այն բանի համար, որ նրանք հայ են, որ նրանք ուզո’ւմ են հայ լինել` անկախ նրանից, թե որտեղ են նրանք ապրում։ Դասը, որ մենք պետք է քաղենք պատմությունից, հետևյալն է. միակ հուսալի երաշխիքը, որ մենք կկարողանանք լուծել մեր ազգային խնդիրները, և որպես հայ ժողովուրդ, որպես ազգ կգոյատևենք, մեր հզոր, անկախ պետությունն է։ Միակ երաշխիքն այն է, որ մենք պետք է ունենանք ուժեղ Հայաստան, որն ի զորու լինի պաշտպանել իր հայրենակիցներին, իր քաղաքացիներին ամբողջ աշխարհում։ Մեր քաղած դասը նաև այն է, որ ազգային խնդիրների շուրջ պետք է լինի համախմբվածություն ու համագործակցություն, որովհետև մենք պետք է քաջ գիտակցենք, որ առջևում կան լուրջ վտանգներ ու մարտահրավերներ։ Այդ ամենը փաստվում է ոչ միայն Բաքվի ջարդերով, որոնք տեղի ունեցան քսան տարի առաջ, այլև այսօրվա իրողությամբ` Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությամբ, որը քարոզում է ատելություն հայերի նկատմամբ։ Դա նշանակում է, որ պարտավոր ենք աչալուրջ լինել։ Հարգելով անմեղ զոհերի հիշատակը` պետք է քաջ գիտակցենք մեր ազգային խնդիրների լուծման բանաձևը հայկական աշխարհում։ Դա ազգային պետականության ամրապնդումն է, հզոր, ուժեղ, անկախ, ազատ Հայաստանի Հանրապետությունն է»։