երեքշաբթի, 19 հունվարի 2010
Եվրամիության խորհրդատվական խումբը հյուրընկալվել է կառավարությունում
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբին` Ռաուլ դը Լուցենբերգերի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին վարչապետը կարևորել է ԵՄ խորհրդատվական խմբի ավանդույթ դարձած հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս ամփոփել կատարված աշխատանքն ու մատնանշել հետագա գործողությունները։
Անդրադարձ է արվել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականությանը, հարկային ու մաքսային ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես թափանցիկ կառավարման համակարգի զարգացմանը։
Կողմերը քննարկել են Ազատ առևտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ապրանքների ազատ տեղաշարժին, GSP+ համակարգի ներդրման հետ կապված խնդիրների լուծմանն ուղղված քայլերը։ Զրուցակիցներն անդրադարձել են մտավոր սեփականության պաշտպանությանը, ինչպես նաև փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման հնարավորություններին։ Ընդգծվել է պետական պարտքի կառավարման ոլորտում ընթացող աշխատանքների կարևորությունը, ֆինանսների նախարարության համապատասխան կառույցների կարողությունների ամրապնդումը, այդ համատեքստում կարևորվել են պետական կառավարման ոլորտում մասնագետերի պատրաստման և վերապատրաստման խնդիրները։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել խմբի անդամներին մասնագիտական կարևոր խորհրդատվության համար։ Նա նշել է, որ որոշ խնդիրների լուծման համար առանձին հանդիպումներ են նախատեսված, որպեսզի ավելի հստակ հանձնարարականներ տրվեն։