ուրբաթ, 22 հունվարի 2010
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր Սիմոնյանը։
Հանձնաժողովը քննարկել է 5 բարեգործական ծրագիր։
Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են`
«Հայաստանի Հանրապետությունում դեղակայուն տուբերկուլյոզի կառավարման ընդլայնում» դրամաշնորհային ծրագրի համակարգող խմբի կողմից իրականացվող «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում» դրամաշնորհային ծրագիրը, որի նպատակն է ապահովել դեղակայուն տուբերկուլյոզի ախտորոշման և բուժման համընդհանուր մատչելիությունը.
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Օպտիկամանրաթելային կապուղու անցկացման և հեռախոսաֆիկացման աշխատանքներ» ծրագիրը.
«Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 2 և Մուշեղ Հարությունյան թաղամասի թիվ 4 նախակրթարանների մասնակի վերանորոգման ծրագրերը։
«Ջերմիկ անկյուն» հիմնադրամի կողմից իրականացվող «Ջերմիկ անկյուն» խմբային տուն» ծրագիրը, որի նպատակն է միայնակ, խնամքի կարիք ունեցող հաշմանդամներին ապահովել կացարանով։
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ստացված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր։