երեքշաբթի, 26 հունվարի 2010
Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի ութերորդ նիստը նախագահել են երկու երկրների վարչապետները
Այսօր առավոտյան մեկօրյա աշխատանքային այցով Երևան է ժամանել Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի գլխավորած պատվիրակությունը` մասնակցելու Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ութերորդ նիստին։
Մինչ նիստը կառավարությունում տեղի է ունեցել Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը։
Այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները նախագահել են հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում հաստատվել են արձանագրության տեքստը։ Տիգրան Սարգսյանը նիստի բացման իր խոսքում, մասնավորապես նշել է.
«Ջերմորեն ողջունում եմ վրացական պատվիրակությանը` վարչապետի գլխավորությամբ։ Մենք արձանագրում ենք, որ լուրջ առաջընթաց կա համագործակցության բոլոր ոլորտներում։ Այսօր աշխատանքային խմբի անդամները մեզ զեկուցել են բոլոր այն հարցերը, որոնք քննարկման փուլում են։ Ես ուրախ եմ արձանագրելու, որ բոլոր այդ հարցերի շուրջ իմ գործընկերոջ հետ եկել ենք համաձայնության։ Համոզված եմ, որ այդ հարցերի լուծումը նպաստելու է մեր երկու երկրների քաղաքական, տնտեսական ու սոցիալական համագործակցությանը։ Չկա որևիցե ոլորտ, որ դուրս է մեր համագործակցության շրջանակներից, մշակույթից` սոցիալական հարցերից մինչև սահմանմերձ գոտում մաքսային համագործակցության հարցեր։ Համոզված եմ, որ համաձայնության այն կետերը, որ ձեռք բերեցինք, բացում են համագործակցության նոր հնարավորություններ»։
Նիստում քննարկվել են 2008 թվականի դեկտեմբերի 9-ին Թբիլիսիում կայացած նախորդ նիստի որոշումների կատարման ընթացքը, կողմերի միջև իրավապայմանագրային բազայի ներկա վիճակն ու զարգացման միտումները, առևտրատնտեսական համագործակցության զարգացման վիճակը և հեռանկարային ուղղությունները, տրանսպորտի, գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության և մշակույթի, շրջակա միջավայրի պահպանության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։ Քննարկվել է նաև Հայաստանի ու Վրաստանի միջև պետական սահմանի սահմանազատման ընթացքը։
Երկու երկրների կառավարությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել միջկառավարական հանձնաժողովին` արդյունավետ աշխատանքի համար, նշելով, որ Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։ Վարչապետները հույս են հայտնել, որ միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը լրացուցիչ խթան կհանդիսանա այդ հարաբերությունների խորացման և ընդլայնման համար։
Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը ջերմ ընդունելության համար և հրավիրել Վրաստան։ Նիկա Գիլաուրին նշել է.
«Շնորհակալություն եմ հայտնում աշխատանքային խմբերի անդամներին, որոնք երկար են աշխատել։ Մեր ժողովուրդները ավանդական եղբայրական հարաբերություններ ունեն։ Մենք ընդհանուր ծրագրեր ունենք։ Շատ բան ենք արել միասին և ապագայում էլ շատ անելիք ունենք։ Աշխատանքային խմբերն աշխատել են բոլոր ոլորտներում և եկել են համաձայնության, ես շատ ուրախ եմ, որ կառուցողական է անցել հանձնաժողովի ութերորդ նիստը և համոզված եմ` այդպես է լինելու նաև իններորդ նիստում»։
Նիստում երկու երկրների կառվարությունների ղեկավարները ստորագրել են միջկառավարական հանաձնաժողովի նիստի արդյունքերով ընդունված արձանագրությունը։ Ստորագրվել է նաև համաձայնագիր Հայաստանի «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և «Վրացական պետական էներգահամակարգեր» ՍՊԸ միջև 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շինարարության մասին։
Որոշվել է միջկառավարական հանձնաժողովի հաջորդ` իններորդ նիստն անցկացնել Վրաստանում։
Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի համատեղ մամուլի ասուլիսը։
Այնուհետև Վրաստանի վարչապետին ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
Աշխատանքային օրվա ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունից Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի գլխավորած պատվիրակությանը տրվել է պաշտոնական ճաշ։