չորեքշաբթի, 27 հունվարի 2010
Վարչապետն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին, վարչապետը համոզմունք է հայտնել, որ Իրանի արտգործնախարարի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցը նոր խթան կհանդիսանա հայ-իրանական կապերի ու հարաբերությունների ամրապնդման և հետագա զարգացման համար։
Պարոն Մոթթաքին վարչապետին է փոխանցել Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Ռահիմի ողջույնները և Իրան այցելելու հրավերը։ «Մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների հարաբերություններում և հույս ունենք` այցելությունը նոր թափ կհաղորդի այդ հարաբերություններին», ասել է Մանուչեհր Մոթթաքին։
Երկուստեք կարևորվել են էներգետիկայի բնագավառում իրականացվող ծրագրերը, մասնավորապես, Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-երի, ինչպես նաև Իրան-Հայաստան երկաթգծի և նավթամթերքների խողովակաշարի կառուցումը։ Տիգրան Սարգսյանը նշել է. «Երկաթգծի կառուցումը մեր առաջնահերթություններից է։ Երկու երկրների նախագահների միջև արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններ կան։ Այս ծրագիրն ունի սոցիալական, տնտեսական և քաղաքական լուրջ նշանակություն»։
Պարոն Մոթթաքին ընդգծել է, որ երկու երկրների նախագահների միջև մինչ այժմ կայացած հանդիպումները մեծ դեր են խաղացել երկկողմ նոր հարաբերությունների ձևավորման հարցում։
Փոխադարձաբար կարևորվել է առևտրային կազմակերպությունների և պետական ու մասնավոր հատվածի կազմակերպությունների համագործակցության սերտացումը, համատեղ ներդրումների խրախուսումը, տարբեր համաժողովների, բիզնես-ֆորումների և նմանատիպ այլ միջոցառումների կազմակերպումը։ Ընդգծվել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման կարևորությունը, մասնավորապես, էներգետիկայի, տրանսպորտի, ճանապարհաշինության և գյուղատնտեսության ոլորտներում։ Վարչապետն առաջարկել է նաև ընդլայնել համագործացության ոլորտները, հեռանկարային համարել գյուղատնտեսության բնագավառը։ Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալներին և այդ առումով կարևորել մաքսազերծման գործընթացների պարզեցումը։
Նշվել է, որ ծրագրերից ու նախագծերից շատերը գտնվում են Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստի օրակարգում, որն այսօր մեկնարկել է Երևանում։
Հանդիպման ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ողջույններն է փոխանցել Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Ռահիմին և շնորհակալություն հայտնել հրավերի համար։ Վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել իրանական կողմին 2008թ. ամռանը Հայաստանի ցամաքային հաղորդակցության խաթարման ժամանակ մեր երկրին ցուցաբերած համակողմանի օժանդակության համար։