ուրբաթ, 5 փետրվարի 2010
Համագործակցության ընդլայնում Հայաստանի և Ռուսաստանի միջև
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության վարչապետի առաջին տեղակալ Իգոր Շուվալովին։
Ողջունելով հյուրերին` վարչապետը կարևորել է պարոն Շուվալովի այցը Հայաստան երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման համատեքստում և վստահություն է հայտնել, որ այցը նոր թափ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը։ Վարչապետը գոհունակություն է հայտնել երկկողմ և բազմակողմ ձևաչափի հարաբերությունների մակարդակից։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Իգոր Շուվալովը նշել է, որ կարևորում է փոխգործակցության հարցերը երկկողմ հարաբերություններում և ԱՊՀ շրջանակներում` ընդգծելով համագործակցությունը գիտության ու նորարարության բնագավառներում։ Կարևորվել են Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված արարողությունները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Հաշվի առնելով հանգամանքը, որ 2010 թվականը ԱՊՀ-ում հայտարարվել է գիտության և նորարարությունների տարի, զրուցակիցներն անդրադարձել են նաև համատեղ միջոցառումների իրականացման հարցին։ Մասնավորապես, նշվել է, որ արդեն անցկացվում են համատեղ հետազոտություններ կենսաքիմիայի, նեյրոքիմիայի, մոլեկուլյար կենսաբանության, բժշկական գենետիկայի, քիմիական ֆիզիկայի և այլ ոլորտներում։ Քննարկվել են նաև Հայաստանում միջուկային բժշկության զարգացման և հայ-ռուսական նորարական կենտրոնի բացման հեռանկարները։
Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի տնտեսության առաջնահերթություններից է, և ձևավորված ավանդույթների առկայությունը փոխշահավետ համագործակցության խորացման մեծ հնարավորություն է ընձեռում։
Վարչապետը շեշտել է, որ չնայած տնտեսական ճգնաժամին` Հայաստանը կատարել է ԱՊՀ շրջանակներում իր ստանձնած բոլոր պարտավորությունները, ընդ որում` ֆինանսական ներդրումները կատարվել են նախատեսված ժամկետից շուտ։ Միջոցներ են ձեռնարկվում ԱՊՀ Տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի իրագործման համար։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում ռուսական ընկերությունների գործունեության խնդիրներին, էներգետիկայի, տրանսպորտի ու այլ ոլորտներում համագործակցության ընթացքին։