ուրբաթ, 12 փետրվարի 2010
Ներկայացվել է ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի 2009-ի հաշվետվությունը
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի (ՀՀԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստում քննարկվել և հաստատվել է ՀՀԱՎԶՀ գործադիր տնօրենի 2009 թ. գործունեության հաշվետվությունը։
Խորհրդի մասնակիցների հավանությանն են արժանացել հիմնադրամի գործադիր տնօրեն Վլադիմիր Մովսիսյանի կողմից ներկայացված առաջարկությունները` «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի կանաչ գոտու վերականգնման և ՀՀ կառավարության կողմից հաստատված Շիրակի մարզի անտառվերականգնման համալիր ծրագրերը շարունակելու վերաբերյալ։ Նշվածներից առաջին` «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի կանաչ գոտու վերականգնման» ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2007-2008 թվականներին. 13 հեկտարի վրա 4,2 կմ ջրագծի կառուցման համար ծախսվել է 24,5 մլն դրամ։ 2009 թ. իրականացվել է երկրորդ փուլը, որի շրջանակներում 15 հեկտարի վրա կառուցված 4,6 կմ ջրագծի վրա ծախսվել է 30 մլն դրամ։ Հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատված ծրագրի երրորդ փուլն իրականացվելու է 2010 թվականին. նախատեսվում է ոռոգման ցանցի վերակառուցում 20 հեկտար կանաչ գոտու ոռոգման համար` 28,7 մլն դրամ արժեքով։
Ըստ երկրորդ ծրագրի, ՀՀ կառավարության 2006 թ. ապրիլի 20-ի N15 արձանագրային որոշման համաձայն` 2007-2009 թթ. Շիրակի մարզում 175,0 հեկտարի վրա պետք է իրականացվեին անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ։ Ծրագրի իրականացման ուղղությամբ 2008 թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատվերով տարածքում կառուցվել է ոռոգման համակարգ և ցանկապատ։ Նիստում որոշվել է 22,8 մլն դրամ տրամադրել Շիրակի մարզի անտառվերականգնման համալիր ծրագրի շարունակման շրջանակներում 25 հեկտար տարածքի անտառապատման և ցանկապատման համար։