չորեքշաբթի, 24 փետրվարի 2010
Մարզպետների աշխատանքի գնահատման նոր մեթոդը կատարելագործվում է
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` 2009 թվականին մարզպետների աշխատանքների գնահատման վերաբերյալ կառավարության անդամների և մարզպետների մասնակցությամբ։ Վարչապետը, անդրադառնալով քննարկման կարևորությանը, նշել է. «Մենք առաջին անգամ ենք կառավարության կողմից հաստատված մեթոդաբանությամբ իրականացնում մարզպետների աշխատանքի այսպիսի գնահատում, և փորձ է արվում համալիր ձևով աշխատանքները գնահատել։ Ես ցանկանում եմ, որ մենք կոնկրետ բոլոր ցուցանիշներով անցնենք և լսենք նաև մարզպետների մեկնաբանությունները և գնահատականները ցուցանիշների վերաբերյալ, առաջին հերթին այն ցուցանիշների, որոնք ցածր են միջին հանրապետական ցուցանիշի համեմատությամբ։ Փորձենք հասկանալ, թե որոնք են պատճառները»։
Նախարարները և մարզպետները պարզաբանումներ են ներկայացրել վարչապետին մարզերում կատարված աշխատանքների ցածր գնահատականների վերաբերյալ։
Ընդհանուր գնահատականով առավելագույն միավորներ հավաքել է Տավուշի մարզը։ Տիգրան Սարգսյանը բավական ուշագրավ է համարել մարզերի ցուցանիշների միջև տարբերությունը։ Վարչապետն ընդգծել է, որ մարզպետները, ցուցանիշները վերլուծության ենթարկելով, պետք է հասկանան իրենց թույլ կողմերը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն 2010 թվականին այդ բացթողումները վերացնելու համար։
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը զեկուցել է վարչապետին, որ չնայած նախարարությունների հետ համատեղ հրամաններով սահմանվել են գնահատման չափորոշիչներ, այնուամենայնիվ, որոշ չափորոշիչներով մարզպետների իրական աշխատանքը գնահատելը դժվար է։ Այդ իսկ պատճառով գնահատման մեթոդաբանության կատարելագործման անհրաժեշտություն կա։ Ընդհանուր առմամբ փոխվարչապետը նշել է, որ ներկա պահին որևէ պաշտոնական տարաձայնություն մարզպետների և նախարարությունների միջև չկա։
Խորհրդակցության ավարտին վարչապետը, ամփոփելով քննարկման արդյունքները, ընդգծել է. «Հասկանալի է, որ մեթոդաբանությունը դեռևս պետք է կատարելագործվի։ Երևի մեկ ամսվա ընթացքում այս աշխատանքներն ավարտենք, որպեսզի ի սկզբանե չափանիշները հայտնի լինեն։ Նախարարները, առաջին փորձից ելնելով, դիտողություններ, առաջարկություններ կանեն, որ մեթոդը դառնա էլ ավելի հստակ, հասկանալի»։