չորեքշաբթի, 3 մարտի 2010
Բացվում են հայ-եգիպտական համագործակցության նոր հեռանկարներ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է եգիպտական «ԱՐՏՈԿ գրուպ» ներդրումային ընկերության պատվիրակությանը` ընկերության նախագահ Շաֆիկ Գաբրի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է, որ տեղյակ է ընկերության նախատեսած ներդրումային ծրագրերի մասին և բարձր է գնահատում դրանք։
Անդրադառնալով երկկողմ համագործակցության խորացման և ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարներին` վարչապետը կարևորել է գիտելիքի վրա հիմնված տնտեսության զարգացման առաջնայնությունը` այդ գործում առանցքային դեր վերապահելով տեխնոպարկերի ստեղծմանը։ Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել տեխնիկական բիզնես պարկերի ստեղծումը, որոնք պետք է ներառեն բոլոր անհրաժեշտ ծառայությունները տեղեկատվական տեխնոլոգիաների և գիտության ոլորտներում։
Զրուցակիցներն անդրադարձել են լայնաշերտ համացանցի ձևավորման հնարավորություններին։ Վարչապետը նշել է, որ կառավարության կողմից հավանության է արժանացել էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգը, որը ներառում է նաև էլեկտրոնային կառավարման համակարգի շարունակական զարգացման հեռանկարները։ Փոխադարձաբար կարևորվել է ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ նախագծերի իրականացումը։
Հյուրի խնդրանքով վարչապետն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման ու տարածաշրջանային խնդիրներին, ճգնաժամի հետևանքներին ու դրանց հաղթահարմանը։
Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ նախատեսվող համատեղ ծրագրերը հաջող ընթացք կունենան։ Վարչապետը հրավիրել է հյուրերին Հայաստան հոկտեմբեր ամսին` մասնակցելու Տաթևի ճոպանուղու` աշխարհի ամենաերկար ճոպանուղու բացմանը։