ուրբաթ, 5 մարտի 2010
Հիշատակի արարողություն Եռաբլուրում
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք այցելել են Եռաբլուր` հարգանքի տուրքը մատուցելու սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին` նրա ծննդյան օրվա կապակցությամբ։
Այցելության պահին Եռաբլուրում ընթանում էր նաև «Երկրապահ» կամավորական միության կազմակերպած միջոցառումը։ Դիմելով կազմակերպության շարքերը համալրող երիտասարդներին վարչապետն ասել է. «Սրտանց ուզում եմ շնորհավորել մեր երիտասարդներին, որոնք այսօր անդամակցեցին Երկրապահ կամավորական շարժմանը։ Սա նշանակում է, որ հայրենասիրական դաստիարակությունը Հայաստանի Հանրապետությունում տալիս է իր պտուղները, և մենք ունենալու ենք ամուր, հուսալի սերունդ, որը շարունակելու է նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի գործը»։
Այնուհետև օրենսդիր ու գործադիր իշխանությունների ղեկավարները ծաղիկներ են դրել Վազգեն Սարգսյանի և հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների հուշակոթողներին։