չորեքշաբթի, 10 մարտի 2010
Վարչապետը կարևորում է Ասիական զարգացման բանկի ծրագրերը Հայաստանում
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը Կենտրոնական և Արևմտյան տարածաշրջանի դեպարտամենտի փոխտնօրեն Վերներ Լիպակի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ասիական զարգացման բանկի հետ հարաբերությունների խորացումը և ընդլայնումը։
Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է արվել «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությանը։ Վարչապետը նշել է, որ «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցումը ՀՀ կառավարության առաջնահերթ ծրագրերից մեկն է։ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանն արդեն ձեռնամուխ է եղել ԾԻԳ-ի ստեղծմանը, որը պետք է համակարգի Ասիական զարգացման բանկի մասնակցությամբ իրականացվելիք շինարարությունը Հայաստանում։
Վարչապետն անդրադարձել է Զվարթնոցում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը և գյուղմթերքների մեծածախ ցանցի ձևավորմանը և ընդգծել դրանում Ասիական զարգացման բանկի օժանդակության կարևորությունը։
Կողմերը քննարկել են նաև երկաթուղու կառուցման և Երևանում տրանսպորտային հաղորդակցության զարգացման ծրագրերը։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ էկոնոմիկայի նախարարությունը հանձնարարական է ստացել ընթացիկ տարվա համար արտահանմանն ուղղված համալիր ծրագիր ներկայացնել կառավարությանը։ Վարչապետը հույս է հայտնել, որ Ասիական զարգացման բանկի մասնագետների ներգրավումն այդ ծրագրում կարող է օգտակար լինել Հայաստանի համար։
Փոխադարձաբար կարևորվել է տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը և դրանցում Ասիական զարգացման բանկի մասնակցությունը։