չորեքշաբթի, 10 մարտի 2010
Միասնական տեղեկատվական բանկի կատարելագործումը` անհրաժեշտություն
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Գործարարության աջակցման խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Նիստում քննարկվել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր։
Գործարարության աջակցման խորհրդի քարտուղար Ռոբերտ Հարությունյանը խորհրդի անդամներին է ներկայացրել խորհրդի նախորդ երկու նիստերում տրված հանձնարարականների կատարման ընթացքը։ Այնուհետև քննարկվել են «Դիդաս Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի և ՀՀ ԿԱ ՊԵԿ միջև ծագած խնդիրները, որի առնչությամբ հանձնարական է տրվել` հարցը ևս մեկ անգամ քննարկել շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։
Խորհրդի անդամներին է ներկայացվել նաև շարժական գրավի առարկաների իրացման ընթացակարգերի բարեփոխման վերաբերյալ ՀՀ Բանկերի միության առաջարկությունները, մասնավորապես` Միասնական տեղեկատվական բանկի ստեղծման և կատարելագործման ուղղությամբ։
Նիստում քննարկվել են պետական և կառավարման մարմիններին ներկայացվող 2009 թ. հաշվետվությունների կազմի և բովանդակության վերանայման և կրճատման մասին ԳԱԽ-ի քարտուղարության ուսումնասիրությունը, եզրակացությունը և առաջարկությունները։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է դրանց հիման վրա ստեղծել աշխատանքային խումբ` ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ, վարչական ռեգիստրներից վիճակագրական տվյալների հավաքագրման և հետագայում դրանց կրկնությունները բացառելու նպատակով։