ուրբաթ, 12 մարտի 2010
Ստորագրվել է «Հայաստանի և Լեհաստանի կառավարությունների միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր
Մեկօրյա աշխատանքային այցով այսօր առավոտյան Երևան է ժամանել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորած պատվիրակությունը։
ՀՀ կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Լեհաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությանը և առանձնազրույց ունեցել Դոնալդ Տուսկի հետ, որից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում։
Բացման խոսքում Տիգրան Սարգսյանը ողջունել է հյուրերին և նշել. «Համոզված եմ, որ մեր միջև ձեռք բերված պայմանավորվածությունները նոր հիմքեր կձևավորեն հայ-լեհական հարաբերությունների զարգացման համար։ Համաձայնագիրը, որը մենք այսօր կստորագրենք, ինչպես նաև միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը, հնարավորություն կտան առավել մանրամասն քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բիզնես-նախագծերը։ Հայ-լեհական հարաբերությունների ամրապնդման գրավական են մեր ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված եղբայրական հարաբերությունները։ Հայ ժողովրդի պատմության դասագրքերում նկարագրվում են հայ-լեհական հարաբերությունները` սկսած 11-րդ դարից և լեհական ցարերի բարեհաճ վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ, որը ձևավորվել էր Լեհաստանում, 14-րդ դարում Լեհաստանի Սեյմի կողմից հայ համայնքների իրավունքների օրենսդրական ամրագրումը, ինչպես նաև դատավարություն իրականացնելու յուրահատուկ հնարավորությունը` օգտագործելով Մխիթար Գոշի «Դատաստանագիրք» ստեղծագործությունը, որը մինչ օրս արդիական է, վկայում են այն մասին, որ մեր հարաբերությունները խոր արմատներ ունեն։ Այնպես որ կրկնակի հաճելի է ողջունել ձեզ Հայաստանում»։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը շնորհակալություն է հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանին ջերմ ընդունելության համար։ Նա նշել է, որ սա իր առաջին այցն է Հայաստան, բայց առաջին իսկ հանդիպումը ՀՀ վարչապետի հետ վկայում է հայ և լեհ ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների դարավոր պատմության մասին։ Լեհաստանի վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի ակտիվ ներդրումը մեծ կարևորություն ունեցող «Արևելյան գործընկերություն» ծրագրում. «Ուրախ եմ, որ մեր առաջին իսկ զրույցի ընթացքում մենք կարողացանք առանձնացնել մի քանի շատ կարևոր և հեռանկարային նախագծեր»։ Դոնալդ Տուսկը նաև նշել է. «Վստահ եմ, որ մեր միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը, կապերը ձեռնարկատերերի միջև և այն համաձայնագիրը, որը մենք կստորագրենք, ինչպես նաև մեր փոխհամագործակցությունը «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում, կարևոր, շարունակական քայլեր են»։
Հանդիպման ավարտից հետո ստորագրվել է «Հայաստանի և Լեհաստանի կառավարությունների միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը։
Համաձայնագրի ստորագրմանը հաջորդել է Հայաստանի և Լեհաստանի վարչապետների մամուլի ասուլիսը ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում։