ուրբաթ, 12 մարտի 2010
«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ` ՀՀ կառավարությունում
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր։
Առաջին հարցով քննարկվել է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային ներկայացվելիք հատկացման 15-րդ հայտը` կից փաստաթղթերով։ Համաձայն հայտի` 2010 թ. ապրիլ-հունիս եռամսյակի համար ՀՄՀ-Հայաստանը Կորպորացիայից ակնկալում է ստանալ 18.966.425 ԱՄՆ դոլար, որը գրեթե ամբողջությամբ ուղղվելու է Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի շրջանակներում իրականացվող պայմանագրերի վճարումներին։ Գումարի մնացած մասը կազմում են մոնիթորինգի ու գնահատման և ծրագրի կառավարման ու վերահսկողության ծախսերը։ Հատկացման հայտը հաստատվել է Կառավարման խորհրդի անդամների կողմից։
Խորհուրդը քննարկել և հաստատել է Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի շրջանակներում կնքված «Ոռոգման կառավարման կազմակերպությունների կարողությունների ամրապնդում» պայմանագրի փոփոխության նախագիծը։ Հաստատվել է նաև Ջրից դեպի շուկա բաղադրիչի շրջանակներում Ջրօգտագործողների ընկերությունների և Ջուր մատակարարող գործակալությունների համար Աշխարհագրական տվյալների համակարգերի (GIS) ծրագրի գնման պայմանագրի նախագիծը։
Ի թիվս նիստի օրակարգում ընդգրկված լրացուցիչ հարցերի Կառավարման խորհուրդը հաստատել է Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման երկրորդ փաթեթով նախատեսված աշխատանքների, ինչպես նաև ոռոգման ենթակառուցվածքների անկախ տեխնիկական աուդիտորի վարձակալման մրցույթի արդյունքները և պայմանագրերը։
Խորհուրդն ի գիտություն է ընդունել նաև ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի վաղաժամկետ ընտրությունների կազմակերպման և իրականացման հարցի վերաբերյալ տեղեկությունը։