երկուշաբթի, 22 մարտի 2010
Տեղի է ունեցել Ցեղասպանության 95-ամյակի միջոցառումների նախապատրաստման հանձնաժողովի առաջին նիստը
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Ցեղասպանության 95-ամյակի միջոցառումների նախապատրաստման հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Բացման խոսքում վարչապետը մասնավորապես նշել է. «Տեղյակ եք, որ հասարակական կազմակերպությունների, Հանրային խորհրդի և Ազգային Ժողովի հետ ծրագրել ենք պատշաճ ձևով կազմակերպել Ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառումները։ Այս աշխատանքները սկսել ենք դեռևս անցած տարվանից, երբ նախարարությունները և գերատեսչությունները, ծրագրելով 2010 թվականի իրենց աշխատանքները, Ցեղասպանության 95-րդ տարելիցի կազմակերպման առաջարկություններ են ներկայացրել։ Ստեղծելով կառավարարական հանձնաժողով վարչապետի գլխավորությամբ` նպատակ ունենք ի մի բերել այդ բոլոր առաջարկությունները և ապրիլի 24-ը պատշաճ անցկացնել։ Բացի այդ, ես դրա մասին հայտարարեցի նաև Ազգային Ժողովում, նպատակահարմար է այսօրվանից սկսել Ցեղասպանության 100-ամյակին նախապատրաստվելու աշխատանքները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ կան գաղափարներ, որոնք պահանջելու են մեզանից մի քանի տարի։ Մասնավորապես, բարձր մակարդակով գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր նկարահանելու համար հասկանալի է, որ մեզնից շատ ավելի մեծ ջանքեր են պահանջվելու, անհրաժեշտ կլինի ավելի մեծ գումարների ներգրավվածություն ապահովել»։
Տիգրան Սարգսյանը նշել է, որ նախորդ տարիների ավանդական միջոցառումներն անցկացվելու են նաև այս տարի, որոնց գումարվելու են ոգեկոչման նոր արարողություններ։
Հանձնաժողովի անդամները վարչապետին են ներկայացրել մի շարք առաջարկություններ նոր միջոցառումների կազմակերպման և անցկացման վերաբերյալ։
Նիստի ավարտին կառավարության ղեկավարը հանձնարարել է հնարավորին սեղմ ժամկետում գրավոր ներկայացնել բոլոր առաջարկությունները` նշելով, որ դրանք կամփոփվեն մեկ ամբողջական ծրագրում։