չորեքշաբթի, 24 մարտի 2010
Վարչապետը ողջունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ ղեկավարին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևային։
Ողջունելով հյուրին` վարչապետը շնորհավորել է նրան ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնում նշանակվելու առթիվ և շնորհակալություն հայտնել ՀՀ-ում ՄԱԿ-ի առաքելության պատասխանատու գործն իրականացնելու համար։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում համագործակցությունը ՄԱԿ-ի հետ` կարևորելով համատեղ ծրագրերի իրականացման շարունակականությունը։
Անդրադառնալով համագործակցության առաջնահերթ ուղղություններին` փոխադարձաբար կարևորվել են տարածքների համաչափ զարգացումը, կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով, բիզնես միջավայրի բարելավումը փոքր և միջին բիզնեսի համար մրցակցության հավասար պայմանների ստեղծման և հարկային ու մաքսային վարչարարության պարզեցման միջոցով։ Առաջնային է համարվել գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և սոցիալական ոլորտի, մասնավորապես, աղքատության հաղթահարման, առողջապահական և գենդերային հիմնախնդիրների, լուծման ուղղությամբ համագործակցության ընդլայնումը։
Հյուրի խնդրանքով վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների ծրագիրը։
ՄԱԿ-ի մշտական համակարգողն ընդգծել է Հայաստանում իրականացված մի շարք ծրագրերի արդյունավետությունը և նշել, որ ձեռք բերված փորձառությունը կարող է օգտակար և ընդօրինակելի լինել։